Պատերազմից հետո մեզ պետք են իմաստավորված, գրագետ երգեր

Պատերազմից հետո մեզ պետք են իմաստավորված, գրագետ երգեր

Դաշնակահար, երաժիշտ Էդգար Հայրապետյանը տարիներ շարունակ համագործակցում է Հայաստանում և սփյուռքում լայն ճանաչում վայելող երաժիշտների հետ` Հարութ Փամբուկչյան, Արման Հովհաննիսյան, Արմենչիկ, հանդես է եկել Լոս Անջելեսի Nokia, նաեւ «Դոլբի» թատրոններում, Լաս Վեգասի մի շարք հանրահայտ բեմերում, մասնակցել է երաժշտական փառատոնների Նյու Յորքում, Տորոնտոյում, Մոնրեալում, Ռուսաստանում, եւ եվրոպական մի շարք քաղաքներում: 

Երաժիշտն անգամ համավարակի ընթացքում բազմաթիվ նոր ձայնագրություններ է արել, երգերի գործիքավորմամբ զբաղվել. «Այժմ աշխատում ենք նոր երգերի վրա: Բոլոր այն համերգները որոնք հետաձգվել էին համավարակի պատճառով, այժմ շարունակում ենք նախապատրատվել դրանց, որպեսզի առաջիկայում հարգելի պատճառներով չիրականացված ծրագրերը ներկայացվեն բարձր մակարդակով»: 

Անդրադառնալով համավարակի հետևանքով երաժիշտների առջև ծառացած խնդիրներին՝ Հայրապետյանն ասում է, որ, անկախ նրանից հնարավորություն կա գումար վաստակելու, թե ոչ, երաժշտական մարզավիճակում լինելու համար անհրաժեշտ է մշտապես աշխատել: «Նվագում ենք, չենք ընկճվում: Իմ ձայնագրման ստուդիայում մշատպես ձայնագրություններ ենք իրականացնում, արտասահմանի գործընկերների հետ համագործակցում օնլայն տիրույթում: Իհարկե, կենդանի շփումն ու նվագակցությունն այլ հաճույք են, բայց ժամանակն առաջ է գնում, և մենք չգիտենք, թե վաղն ինչ զարգացումներ կլինեն: Պետք է կարողանանք ադապտացվել յուրաքանչյուր իրավիճակի: Եթե մինչև համավարակը որոշ բացեր լրացնելու ժամանակ չէինք գտնում, ապա հիմա շտկումներ անելու շրջանն է: Տարբեր ստեղծագործությունների գործիքավորում եմ իրականացնում, նվագում»: 

Էդգար Հայրապետյանը աշխատում է նաեւ որպես պրոդյուսեր: Համագործակցում է երգիչ Արայիկ Ավետիսյանի հետ, որի «Սիրո ծովում» երգը հաջողություն է ունեցել և Սոչիում կայացած երաժշտական մրցանակաբաշխություններից մեկում արժանացել է մրցանակի: 13-ամյա մի շնորհալի երգչուհու՝ Արցախում զոհված տղաներին նվիրված երգն է գործիքավորել: Խոստովանում է՝ պատերազմից հետո և՛ ինքը, և՛ արտերկրում ապրող երգիչներ փորձել են աջակցել Արցախից Հայաստան եկած մի քանի ընտանիքի և հնարավորությունների սահմաններում հոգ տարել նրանց մասին: «Դա լուսաբանելու կամ պատմելու բան չէ: Յուրաքանչյուրիս պարտքն է մեր հայրենակիցներին օգնելը»:  

Ըստ նրա, պատերազմից հետո մեզ միանշանակ պետք են իմաստավորված, գրագետ, ռազմահայրենասիրական ոգով լի կատարումներ ու երգեր. «Կատարվող և նորաստեղծ մեղեդիները ոչ թե պետք է լացացնեն այլ հուսադրեն, գնահատեն մեր անմահ հերոսների վառ հիշատակն ու նրանց կատարած անգին գործը:Մարդկանց հոգեկան աշխարհն այսօր շատ տխուր է, թախծոտ, անհույս, պետք է ոգեկոչել հույս, լույս, հավատ, սեր և գնահատանք»: