Ստիպված ներգրավվել եմ քաղաքականության մեջ․ ովքեր են «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածուները

2025թ․ մարտի 30-ին Գյումրիում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ թվով 373 ավագանու թեկնածուներով։ Քաղաքական ուժերի համար ավագանիների թեկնածուների փնտրտուքը դժվար է եղել։ Այս պահին հասարակական-քաղաքական գործունեություն ծավալող յուրաքանչյուր երկրորդ գյումրեցին ներգրավված է ընտրությանը։
Hraparak.am-ը շարունակում է ներկայացնել քաղաքական ուժերի շարքերում ընդգրկված ավագանիների թեկնածուներին։ Մարտի 30-ի ընտրություններին մասնակցելու են նաև դաշինքներ` այդ թվում՝ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որի առաջին համարում գործարար Կարեն Սիմոնյանն է։ Դաշինքի 56 հոգանոց ցուցակի երկրորդ համարը զբաղեցնում է հայտնի լրագրող , քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը, որը Կարեն Սիմոնյանի հետ վերջին օրերին, Ազատ տնտեսական գոտու ստեղծման թեմայով ստորագրահավաքի շրջանակներում, հանդիպում էր գյումրեցիներին, ստորագրահավաք էին իրականացնում։ Գյումրու ՏԻՄ ընտրություններին իր մասնակցությունը Մալխասյանը բացատում է այսկերպ․
«Քաղաքական առումով ընտրություններին մասնակցելու մեր նվազագույն խնդիրը «Քաղաքացիական պայմանագրին» իշխանությունից հեռացնելն է է, առավելագույնը՝ քաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելը»: Ուշագրավ է դաշինքի ցուցակում 10-րդ համարը զբաղեցնող Մհեր Խաչատրյանի մասնակցությունը, որը 2018թ-ի հեղափոխությունից հետո շուրջ մեկ տարի զբաղեցրել է նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հիմնադրած «Գյումրին առանց տնակների հիմնադրամ»-ի տնօրենի պաշտոնը։Նա իր պաշտոնավարման ընթացքում չարաշահումներ էր բացահայտել, հայց ներկայացրել դատախազություն, քրեական գործ էր հարուցվել, սակայն կարճ ժամանակ անց այն կարճվեց։
«2019թ-ի այդ չարաբաստիկ քրեական գործից հետո, զանգովի արդարադատության ու մնացած ապօրինի կարճումների հետևանքով՝ ինձ մոտ ահագին բան փոխվեց։ Ես հասկացա, որ առանց քաղաքական պայքարի եւ լծակների, ինչ-որ բան անելը շատ դժվար է, եւ կարելի է ասել՝ արդեն ստիպված ներգրավվել եմ քաղաքական պրոցեսների մեջ, որովհետև դա իմ երազանքը չէր»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասել էր Մհեր Խաչատրյանը՝ մեկնաբանելով իր՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու փաստը։
Կարծիքներ