Միջոցառումներն ու փառատոները միտված են մանիպուլյատիվ կերպով ագրեսիան քողարկելուն

Միջոցառումներն ու փառատոները միտված են մանիպուլյատիվ կերպով ագրեսիան քողարկելուն

Մեր զրուցակիցը ՀՊՄՀ Նախադպրոցական մանկավարժության եւ մեթոդիկաների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, հոգեբան Արմինե Մանուկյանն է:

- Հայաստանում վերջին տարիներին սթրեսային իրավիճակ է, համատարած դեպրեսիա: Հատկապես պատերազմից հետո տխրությունն ու սուգը դարձել են մեր իրականության անբաժան մասը, սակայն վերջերս կյանքը եռում է: Գինու փառատոն, ցուցահանդես-վաճառքներ, համերգներ, վազքի մրցումներ եւ այլն: Ի՞նչ ազդեցություն ունեն նման միջոցառումները, կարո՞ղ են ազատել սթրեսից:

- Հայ ժողովուրդը խորը դեպրեսիվ ու սթրեսային իրավիճակում է այսօր: Ելնելով այն բոլոր իրադարձություններից, որոնք մեզ հետ տեղի ունեցան եւ այսօր էլ տեղի են ունենում` պատերազմ եւ հետպատերազմական շրջան, կարող ենք փաստել, որ իրավիճակը բարդ է: Սրանք թերապեւտիկ վերականգնողական միջոցառումներ են, կարծես, եւ չեմ կարծում, որ փառատոներն ու զվարճալի միջոցառումները տեղին կամ խիստ անտեղի են, քանի որ անպայման պետք է պահպանվի խելամտություն, եւ, իհարկե, պետք է հասկանալ, այսպես ասած, չափաբաժինը: Եթե կողք-կողքի ենք դնում, օրինակ, զոհված զինծառայողների ծնողների` մայրերի, քույրերի, կանանց, երեխաների եւ մյուսների հոգեվիճակը, հասկանում ենք, որ այսօր մի ստվար զանգված Հայաստանում խիստ անտարբեր է դարձել: Անտարբերությունն ունի տարբեր դրսեւորումներ, եւ նման միջոցառումներին ու փառատոներին ակտիվ մասնակցություն ունենալը, խրախճանքներին տրվելը փաստում են այդ մասին: Երեւանի կենտրոնում էլ ամեն օր տեսնում ենք, որ շատ ու շատ մարդիկ անհոգ, ժպտադեմ, ուրախ, կարծես, ոչինչ էլ չի պատահել, վայելում են կյանքը: Դատել այս մարդկանց՝ ասելով, թե անտարբեր են կամ մեր ընդհանուր ցավին մասնակից չեն, կարծում եմ` սխալ է, որովհետեւ ամեն մարդ ընտրություն կատարելու իրավունք ունի, այսինքն` ամեն մարդ ինքն է կազմակերպում իր կյանքը, եւ ոչ մեկն իրավասու չէ դիմացինին թելադրել՝ ինչ անել, ինչպես ապրել, սակայն, ամեն դեպքում, ունենք մի պատկեր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից շատ-շատերը գտնվում են բարոյական արժեքների փոխակերպման փուլում, կամ գուցե արդեն իսկ բարոյական արժեքները շատերի համար փոխակերպվել են: Այն բոլոր բարոյական արժեքները, որոնք հայ ժողովուրդը դարեր շարունակ կրել է՝ համարելով դրանք գերակա, բացարձակ արժեքներ, եւ որոնց վրա էլ կառուցվել են մեր գաղափարները, կրթությունը, այսօր, կարծես, երկրորդական են դարձել: Հասարակության մի ստվար զանգված այսօր բարոյական արժեքներին չի հետեւում: Ասել, թե այլ մշակույթների ազդեցության տակ ենք միանշանակ, սխալ է, որովհետեւ այստեղ կան տարբեր ազդեցությունների բաղադրիչներ: Կան հստակ բաղադրիչներ, որոնք ձեւավորում են ազգային ինքնագիտակցության գաղափարը` կրոնն ու կրթությունը: Այսօր երկուսն էլ սահմանային վիճակում են` ոչ դրական առումով: Արժեքների կորուստը վտանգավոր է: Օրինակ, ինձ համար` որպես հայ մարդու, բացարձակ արժեքներ են հայրենիքը, ծնողը եւ, իհարկե՝ մարդասիրությունը:

- Մարդասիրության մասին խոսեցիք, սակայն մարդիկ ագրեսիվ ու անհանդուրժող են դարձել, գինու փառատոնի ժամանակ ծեծկռտուք եղավ, աճել են բոլոր տեսակի հանցագործությունները` սպանություններ, ինքնասպանություններ եւ այլն: Ինչո՞վ է այս ամենը պայմանավորված: Ի՞նչ հոգեբանական պատճառներ եք տեսնում:

- Հոգեբանության մեջ կա «ֆրուստրացիա» եզրույթը (հիասթափություն, հուսախաբություն` Հ. Գ.): Ֆրուստրացիան, որպես այդպիսին, առանձնահատուկ է դեռահասներին, որովհետեւ հենց դեռահասներն են ունենում մեծ երազանքներ ու նպատակներ, եւ դրանք չիրագործված տեսնելուն պես առաջանում է ֆրուստրացիոն հոգեվիճակ: Այսինքն` մարդն ունեցել է ինչ-որ մի բանի ձգտում, երազանք, նպատակ, այն չի իրականացել, եւ արդյունքում հայտնվել է ֆրուստրացիայի մեջ: Այժմ հայ հասարակությունն ապրում է ֆրուստրացիա, եւ հենց դրա արդյունքում մարդիկ ագրեսիվացել են: Ֆրուստրացիա ապրում են հեղափոխության չարդարացված ակնկալիքներից, ինչպես նաեւ պատերազմի հետեւանքներից: Մենք անընդհատ պարտությունների ենք ականատես լինում, մեր ակնկալիքները չեն արդարացվում: Մարդը կենդանական աշխարհի բարձրակարգ ներկայացուցիչն է, երբ կենդանուն վանդակի մեջ ես գցում, իսկ նա պտույտներ կատարելով չի կարողանում վանդակից դուրս գալ, ագրեսիվություն է ցուցաբերում, փորձում է վանդակը կոտրել, վնասել շրջապատին եւ այլն, եւ այլն: Հայ ժողովուրդն այսօր, անկախ սոցիալական դիրքից ու պաշտոնից, ինչպես նաեւ քաղաքական կողմնորոշումից, հայտնվել է ծայրաստիճան վատ վիճակում, ու հենց դրա պատճառով էլ աճել է ագրեսիան, եւ մարդիկ չարացել են: Մարդն իր չիրականացած ակնկալիքները դրսեւորում է չարությամբ: Այդ պատճառով էլ ունենք այն, ինչ ունենք: Վերադառնալով նախորդ հարցին՝ ասեմ, որ միջոցառումներն ու փառատոները միտված են մանիպուլյատիվ կերպով ագրեսիան քողարկելուն: Այդ ձեւով հասարակության մոտ որեւէ հոգեբանական խնդիր չի լուծվում:

- Ինչպե՞ս առողջացնել հասարակությանը, ինչպե՞ս նրան վերադարձնել բնականոն կյանք:

- Միայն ու միայն բացարձակ արժեքները վերադարձնելով, որով հայ մարդն իր ինքնությունն ու ինքնագիտակցությունն է ճանաչում: Նորից շեշտեմ, որ ամենակարեւորը հայրենիքի հանդեպ սերն է, որը մենք, կարծես, կորցրել ենք: Կորցրել ենք, որովհետեւ հայտնի իրադարձությունների արդյունքում ստացվել է այնպես, որ հողը փախչում է մեր ոտքերի տակից: Երբ հայ մարդը, հայ երիտասարդը սկսի հարգել մեծին, երկրպագել ծնողին, չդավաճանել իր հայրենիքը, փողը չգերադասել հայրենիքից ու ծնողից, այդ ժամանակ անպայման մեր հասարակությունը կառողջանա: Մեզ իսկապես անհրաժեշտ են բանիմաց ու հայրենիքը սիրող առաջնորդներ: