Մասիս և Սյունե Աբրահամյանները ևս դատի են տվել ԱԱԾ-ին

Մասիս և Սյունե Աբրահամյանները ևս դատի են տվել ԱԱԾ-ին

Սփյուռքահայ դաշնակցականներ Մասիս Աբրահամյանն ու Սյունե Աբրահամյանը հայցեր են ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության՝ պահանջելով, որ դատարանը ԱԱԾ-ին պարտավորեցնի վերջիններիս անունները հեռացնել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից։ Սյունե Աբրահամյանի հայցը մակագրվել է դատավոր Ռոբերտ Մաքեյանին, Մասիս Աբրահամյանինը՝ դատավոր Մհեր Պետրոսյանին։

Մասիս Աբրահամյանի հայցի քննության առաջին նիստը նշանակված է 2023 թվականի մարտի 22-ին, Սյունե Աբրահամյանի հայցի քննության առաջին նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին։ Հուլիսի 31-ին, հիշեցնենք, արգելվել էր ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական  միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան, իսկ օգոստոսի 1-ի  առավոտյան՝ Նիդերլանդների Հայ Դատի ատենապետ, կուսակցական գործիչ Մասիս Աբրահամյանի մուտքը։ Նրանք հայտարարվել էին պերսոնա նոն գրատա։

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, դաշնակցական Մուրադ Փափազյանի մուտքը ևս արգելվել էր Հայաստան, արդեն գրել ենք, որ նա ևս նույն պահանջով հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ-ի։ Օրեր առաջ էլ հայտնի դարձավ, որ Հայաստանի համար անցանկալի անձինք են հայտարարվել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն ու «Ռաշա Թըդեյ»-ի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։