Յոթ երգ, յոթն էլ՝ Նիկոլին պաշտոնից հեռացնելու մասին

Յոթ երգ, յոթն էլ՝ Նիկոլին պաշտոնից հեռացնելու մասին

Ժողովուրդը մի խոսք ունի, որ հաճախ է օգտագործվում քաղաքական համատեքստում. «Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ՝ մեղրի մասին»: Ասեմ, որ արջը մի երգ էլ չգիտի՝ ո՜ւր մնաց յոթն իմանար: Բայց այդ առածը հենց իմ մասին է, թեեւ արջի կազմվածք հաստատ չունեմ. միջինից մի թեթեւ բարձր հասակի դեպքում 64-65 կգ քաշը հեչ էլ արջի կերպարի մասին չի վկայում:

Բայց ես, այնուամենայնիվ, յոթ երգ գիտեմ, յոթն էլ՝ Նիկոլին պաշտոնից հեռացնելու մասին: Ու անընդհատ այդ «երգերն եմ երգում» ընդդիմադիր «Հրապարակի» էջերում ու կայքում: Որ «Հրապարակն» ընդդիմադիր է՝ դա նորմալ է, քանի որ չես կարող լինել օբյեկտիվ լրատվամիջոց ու չլինել ընդդիմադիր: Այն էլ ոչ թե ժողովրդավարության գործընթացն առաջ տանող նախկինների, այլ՝ «ժողովրդի իշխանության» անվան տակ այն հետ շրջող Նիկոլի օրոք: Այնպես որ՝ եթե հոգնել եք այդ յոթ երգից, ոչնչով օգնել չեմ կարող: Դա շարունակվելու է այնքան, որքան անհրաժեշտ կլինի երկրից նիկոլիզմը վերացնելու համար:

Բայց ասեմ՝ այնպես չէ, որ ես չեմ ողջունել 2018-ի գարնանային իրադարձությունները. իմ լավ բարեկամ Արծրունի ականջը կանչի (Պեպանյան եւ ոչ թե Հովհաննիսյան): Բայց 2018-ին հնարավոր չէր լինել գրագետ ու ազնիվ ու չլինել ընդդիմադիր. այսինքն՝ չողջունել նախկիններին իշխանությունից հեռացնելու գործընթացը: Հնարավոր չէր, քանի որ նախկինները, Արցախը պահելով հանդերձ, օտարացել էին հասարակ մարդկանցից՝ իրենց օտարի նման էին պահում: Բայց կյանքը խիստ դաժան ուսուցիչ է: Այն ցույց տվեց, որ պարտադիր չէ, որ հեղափոխություն (կա՛մ հեղաշրջում եւ կա՛մ իշխանափոխություն․ ընտրեք՝ որն ուզում եք) անողն ազնիվ ու անմեղ լինի, եթե նույնիսկ դրսում 21-րդ դարն է: Նույնիսկ կարող է հայրենասեր էլ չլինել ու թշնամի լինել ոչ թե արտաքին թշնամուն, այլ սեփական ժողովրդի գրագետ հատվածին: Հետն էլ պատերազմ դրդել ու գիտակցաբար կամ ապաշնորհության պատճառով պարտվել: Արցախի մեծ մասը հանձնել ու մի ողջ երիտասարդ սերունդ պահ տալ հողին...

Չէ, չես կարող յոթ երգ չիմանալ, ու յոթն էլ չլինեն Նիկոլին պաշտոնից հեռացնելու մասին: Մինչեւ այն պահը, որ այդ երգերը քո ժողովրդի մնացած մասն էլ իմանա, ու Նիկոլը ստիպված լինի մկան ծակի համար հազար թուման խոստանալ: Ու այդ ժամանակ Նիկոլն ու իր շրջապատը կհասկանան, որ համայնքները միավորելով, համայնքապետ հանել տալով ու դրա ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով՝ հեռացվելուց խուսափելու հնարավորությունները չեն աճում: Թող նախկիններին հարցնի՝ համայնքապետերի մեծ մասը հանրապետական էր, եւ ի՞նչ՝ դա փրկե՞ց նրանց ժողովրդի ցասումից: Իհարկե՝ ոչ: Իսկ ինչո՞ւ է Նիկոլին թվում, որ ընտրությանը մասնակցող ժողովրդի մեծ մասը շարունակելու է նրան անընդհատ հավատալ ու վստահել: Այդպես չի լինում: Ոռոգման ջուր չունենալու ու խաղողը մթերման հանձնել չկարողանալու պատճառով ընդվզումներն ընդամենը առաջին նշաններն են: Այս կամ այն գյուղի փողոցներում ասֆալտ փռելով ու լուսավորություն քաշելով՝ նման հարցերը չեն լուծվում: Ասֆալտն ու լույսն ընդամենը մի փոքր դանդաղեցնում են մարդկանց ավելի լայն ընդվզումների գործընթացը: Չե՞ք հավատում՝ խնդրեմ Վարպետի խոսքերը. «Եվ ի՞նչ է փառքը. - այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կըբարձրացնեն, Վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճմլելու համար քեզ վար կընետեն»:

Վերջաբանի փոխարեն. հանրապետական շրջանի Հռոմի քաղաքական գործիչ եւ գրող Մարկոս Կատոն Ավագը (մ.թ.ա. 234-149 թթ.) սենատում ունեցած իր բոլոր ելույթներն ավարտում էր «Կարթագենը պետք է կործանվի» արտահայտությամբ: Նրա խոսքերը կյանքի կոչվեցին՝ Երրորդ պունիկյան պատերազմի (մ.թ.ա. 149-146 թթ.) արդյունքում Կարթագենն ի վերջո կործանվեց: Բայց, ի տարբերություն Կարթագենի, Նիկոլի հեռացումն իշխանությունից պետք է տեղի ունենա շատ ավելի արագ, քանի որ հակառակ պարագայում կվերանա հայոց պետականությունը: Որպեսզի չվերանա հայոց պետականությունը, իբրեւ թե դուխով (նախկինների նկատմամբ) եւ իրապես խեղճուկրակ (թշնամիների առաջ) Նիկոլը պետք է հեռացվի պաշտոնից: