ԵԱՏՄ երկրների ցանկում աղքատության ամենաբարձր շեմը Հայաստանում է․ ունենք 30 % աղքատություն

ԵԱՏՄ երկրների ցանկում աղքատության ամենաբարձր շեմը Հայաստանում է․ ունենք 30 % աղքատություն

Գնաճ, տնտեսական խնդիրներ այսօր ամբողջ աշխարհն ունի, որը համավարակի տարվանից է սկսվել, սակայն երբ սկսվեց համավարակը, շատ երկրներ համապատասխան ռազմավարություն մշակեցին ու քաղաքականություն իրականացրեցին թե իրենց երկրի բիզնեսներն ապահովելու, թե քաղաքացիների սոցիալ- տնտեսական վիճակը բարելավելու համար, ինչը Հայաստանը չկարողացավ կարգավորել։ Այսօր մենք պետք է փաստենք, որ ԵԱՏՄ երկրների ցանկում աղքատության շեմը ամենաբարձրը կարծես թե Հայաստանում է, շուրջ 30 տոկոս մենք աղքատություն ունենք և այդ գնաճի ֆոնին շատ ավելի դժվար է Հայաստանի քաղաքացիաների համար ապրելը, քան ենթադրենք մյուս երկրներում։ Այս մասին քիչ առաջ «Դրամի արժևորման և կանխիկ շրջանառության սահմանափակումների հետևանքով առաջացած խնդիրների» վերաբերյալ հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում նշեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։

«Այո, ունենք տնտեսական աճ, սակայն այն  ժամանակավոր է։ Ցավոք ասեմ, որ մենք ուղղորդվում ենք պահանջարկով քաշվող տնտեսական քաղաքականությամբ, ինչը բերում է նրան, որ չունենք արդյունաբերության հստակ աճ, ունենք գյուղատնտեսության անկում։ Երբ մենք այս ոլորտում չունենք առաջարկով մղվող տնտեսական ռազմավարություն, տնտեսության աճ, մենք չենք կարող ասել, որ մենք ապահովված ենք տնտեսական անվտանգության տեսակետից և արտաքին բոլոր տեսակի գործոնները մշտապես ազդեցություն են ունենալու մեր երկրի վրա։

Կայուն կերպով ոչ մի կերպ չենք գնում տնտեսական աճի, հետևաբար, տարեվերջում կունենանք այն ցուցանիշը, որը ունեցանք 2020 կամ 2021 թվականին։ Դրամի շուրջ 20 % արժևորման պատճառը մի կողմից արտաքին գործոններով է պայմանավորված, մյուս կողմից ԿԲ կողմից թանկ փողերի քաղաքականությամբ, որը գնաճի զսպմանն է ուղղված»,- հավելեց պատգամավորը։