Երկու տեսակ

Երկու տեսակ

Ազգերը կոփվում են զրկանքների մեջ, պետությունները պետություն են դառնում փորձությունների միջով անցնելով: Այդ զրկանքները հաղթահարելու ունակությունն է ազգին տարանջատում ցեղից, հոտից: Շատ ժողովուրդներ չեն դիմացել փորձություններին` վերացել են ասպարեզից, արտագաղթել իրենց հայրենիքից, ձուլվել այլ ազգերի հետ ու մոռացվել:

Պատմությունը նման օրինակներ շատ ունի: Բայց ունի նաեւ Իսրայելի, Պաղեստինի, քրդերի օրինակները: Ազգեր, որոնք տասնամյակներ, հարյուրամյակներ երազել են-երազում են պետություն ունենալու մասին, անցնում են բազմաթիվ զրկանքների միջով, բայց չեն հրաժարվում համազգային երազից, չեն ընկրկում հարվածներից եւ համառորեն գնում են դեպի իրենց նպատակը: Մեր ազգի մեջ երկու իրարամերժ տեսակ կա․ մեկը՝ պայքարող ու ազգային, իր հողն ու ջուրը սիրող եւ դրա համար զոհվելու պատրաստ, մյուսը` արտերկրում մի տաքուկ անկյուն ունենալու համար ամեն ինչի պատրաստ, առաջին իսկ վտանգից իր երկիրը լքող, իր կողքին ապրող հայրենակցի ցավին անհաղորդ:

Թե ինչպես է այս երկու տեսակը համատեղվում նույն ազգի գենոֆոնդում, պարզ չէ: Բայց փաստ է: Եվ ես կարծում եմ` պետք չէ վրդովվել ու հուսահատվել, որ կա երկրորդ տեսակը: Պետք է ոգեւորվել եւ ուրախանալ, որ կա առաջինը, որովհետեւ այդ տեսակն է պահում ազգն ու պետությունը:

Այդ տեսակի շնորհիվ է մարդկությունը զարգանում, այդ տեսակն է ստեղծում, արարում, փրկում, ապրեցնում: Այնպես է ստացվել, որ առաջին տեսակից շատ կա Արցախում, իսկ երկրորդից` Հայաստանում: Մենք` հայաստանցիներս, գուցե անգամ խանգարում ենք արցախցիներին, վատ օրինակ ենք ծառայում, նրանց սիրտը կասկած ենք գցում իրենց ճշմարտացիության նկատմամբ: Մեր՝ անտարբերի պահվածքը հասնում է Արցախ, կազմալուծում, վնասում այդ հերոսական ժողովրդին: