Փաշինյանը խաղից դուրս վիճակում է

Փաշինյանը խաղից դուրս վիճակում է

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեին վերջերս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է,  որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձի: Քաղաքական նրբերանգների մեջ չխորանալով զուտ բարոյական կողմին եմ անդրադառնալու։  Իրանը զգայուն է իր սահմանների հարցում, իսկ մեր իշխանությունը անզգա է մեր երկրի, հողի հանդեպ։ Թշնամին ներխուժել ու թազնել է մեր սուվերեն պետության մեջ՝  երկրի գերագույն հրամանատար  հռչակածն  իրեն այնպես է պահում, ասես ինքը Հայաստանի վարչապետը չի և խոսքը Հայաստանին չի վերաբերվում։ Ասում է՝ դուք խաղաղ հետ քաշվեք, թող իրենք գան ու ձեր գլխին նստեն։ 

Նույնիսկ մի մարդ չի կարող հանդուրժել, որ դրսից գան ու իր տան մեջ տիրություն անեն, մի ողջ ազգ ո՞նց կհանդուրժի։ Ինչպե՞ս է այդքանից հետո պատկերացնում Նիկոլ Փաշինյանն իր կարգավիճակը․ ազգը նրան կենթարկվի՞, առաջնորդ կհամարի՞, կընդունի՞։ Եթե կընդունի, թող առաջվա նման պարզերես դուրս գա մարդամեջ, հեծանիվով ֆռֆռա կամ էլ քրեական հետապնդումներով ու հոդվածներով մարդկանց հալածելը թողնի։ Ընտրությունը, քանի ինքն է դրա գլխին ու իր թայֆան, հաշիվ չի։ 
Տեսեք ինչ օրի ենք հասել, որ երբ Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել՝ սոցիալական ցանցերում «պարում են»։ Ասում են՝ գոնե մեզ տիրություն անող կլինի։ Նիկոլ փաշինյանը դա չի կարդու՞մ։ Չի տեսնու՞մ, թե հայ ժողովուրդն ինչ վիճակի մեջ է հայտնվել, որ ինքը ղեկավար լինելով, դուրս է մղվում կառավարման, երկրի անվտանգության   համակարգից։ Ես սա գրում եմ՝ հանրային տրամադրությունները ի մի բերելով՝ հայ ազգին  պետության ճակատագրով մտահոգված ղեկավար է պետք։ Հայ ազգին իր երկրի շահերը պաշտպանող ղեկավար է պետք։ Փաշինյանը խաղից դուրս վիճակում է։