«Իսկ Ռուսաստանն ու՞մ կողմից է լինելու»

«Իսկ Ռուսաստանն ու՞մ կողմից է լինելու»

«Մեծարգո վարչապետի» կողմից ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Գրիգորյան Արմենն է լրագրողներին հարցնում, թե ում կողմից է լինելու Ռուսաստանը: Խոսքը հայ-ադրբեջանական, երկկողմ ձեւաչափով բանակցային գործընթացի մասին էր, որում առկա է նաեւ Թուրքիան՝ Ադրբեջանի կողմից: Եվ եթե ես լինեի լրագրողների շարքում, ինչպես դա առկա էր քառորդ դար առաջ, ապա վստահաբար կպատասխանեի՝ մարսեցիների: Ու անմիջապես կտայի հակահարցը՝ «իսկ ի՞նչ կասեք Արեւմուտքի դիրքորոշման մասին»: Նիկոլական ԱԽՔ-ն, իհարկե, հակահարցի առումով կփորձեր մտնել մանիպուլյացիոն դաշտ: Ու որպես փրկօղակ՝ դեմքին կտար զարմանքի արտահայտություն՝ իր հերթին հարցնելով, թե ինչ կապ ունեն այդտեղ մարսեցիները: Ինչին պատասխան կստանար, որ Ռուսաստանի համար Հայաստանն արժեք չունի, իսկ մյուս կողմի թիկունքին Թուրքիան է: Ու այդ պարագայում ի՞նչ է մնում ՌԴ-ին, եթե ոչ այլմոլորակայինների կողմից լինելը: Կարծում եմ, որ մինչեւ նիկոլական ԱԽՔ-ի վերածվելը աստղերով հրապուրված Արմենը պետք է որ գիտակցեր ձեռառնոցիի հետեւում առկա ճշմարտությունը, քանի որ ժամանակին ընտրել էր քաղաքագետի մասնագիտությունը:

Իսկ եթե ոչ, ապա ստիպված եմ բացատրել, որ ճշմարտությունն այն է, որ իր սյուզերենը ՀՀ-ն դարձրեց Ռուսաստանի թշնամին, բայց չկարողացավ բարեկամ դարձնել Արեւմուտքին: Որովհետեւ միշտ էլ հեշտ է ինչ-որ բան (կառույց, հարաբերություններ եւ այլն) քանդելը եւ շատ ավելի դժվար՝ քանդածի տեղը նոր բան սարքելը: Եվ քանի որ վերջինիս «մեծարգո» Փաշինյանն անսասան է իր սխալականության մեջ, նրան հաջողվեց միայն ռազմավարական գործընկերոջը թշնամացնելը: Բայց քանի որ Հայաստանի տնտեսությունն ու բնակիչների մի ահռելի մասի բարեկեցությունը կախված են Ռուսաստանից, ստիպված է լարախաղացությամբ զբաղվել այդ երկրի ու արեւմտյան երկրների միջեւ: Ինչն էլ հենց դրսեւորվեց Մոսկվայից առաջ Էստոնիա գնալով ու, որքան էլ զարմանալի հնչի, մայիսի 8-ի երեկոյան Կրեմլում ՌԴ նախագահի անունից կազմակերպված հանդիսավոր ընթրիքին մասնակցելուց հրաժարվելով (եթե ճշգրիտ էր «Հրապարակի» դիտարկումը): Դե, մարդը փորձել է գոնե ինչ-որ չափով բավարարել Մոսկվա չմեկնելու Եվրամիության պահանջը. Մոսկվայում գտնվելով՝ հրաժարվել է մուտք գործել Կրեմլ: Ենթադրում եմ, որ նրա այդ քայլից հետո ԵՄ դիվանագիտության ծառայության ղեկավար տիկին Կալասը հանդուրժողական վերաբերմունք կցուցաբերի իր սահմանած արգելքը խախտած Նիկոլի նկատմամբ:

Ու քանի որ Գրիգորյան Արմենի վերադասը նման վարքագիծ դրսեւորող Փաշինյան Նիկոլն է, ապա ինքն էլ, բնականաբար, ի պաշտոնե ստիպված է թշնամու հետ խաղալ կատվի ու մկան խաղը: Ավելի ճիշտ՝ մկան ու կատվի, քանի որ մենք խոսում ենք հենց իր մասին, իսկ ինքն այդ խաղում կատարում է մկան դերը: Ինչն արտահայտվում է, օրինակ, այն հարցում, որ վերջինիս կողմից ղեկավարվող կառույցը (կարծում եմ, որ Հայաստան ասելով վերջինս նկատի է ունեցել հենց այդ կառույցը) «մանրակրկիտ ուսումնասիրել է Ադրբեջանի կողմից հնչեցված հայտարարությունները՝ կապված հրադադարի ռեժիմի խախտումների հետ, եւ արձանագրել, որ նման դեպքեր չեն արձանագրվել»: Պատկերացնո՞ւմ եք՝ սյունիքյան գյուղերի ուղղությամբ անընդհատ կրակող ադրբեջանցիներին պետք է հետաքրքրեր՝ հայերն իսկապե՞ս կրակել են իրենց վրա, թե՞ ոչ: Ընդ որում, հայկական կողմն է առաջարկել թշնամուն, որ Բաքուն խախտումների վերաբերյալ տրամադրի կոնկրետ տվյալներ: Պատկերացնում եմ, թե ինչ մակարդակի ձեռառնոցիի է ենթարկվել մեր երկիրն այնտեղ:

Այդ դրվագը բավարար չէ, կատարվել է նաեւ հաջորդ քայլը. հայկական կողմն էլ իր հերթին, Արմենի ասելով, «Ադրբեջանին է տրամադրել տեղեկություններ այն խախտումների մասին, որոնց մասին խոսում է Երեւանը։ Հայաստանը ակնկալում է, որ ադրբեջանական կողմը նույնպես կկատարի լիարժեք եւ մանրամասն ուսումնասիրություն՝ այդ տվյալների վերաբերյալ»: Այստեղ արդեն կանգ առնենք. քանի որ Գրիգորյան Արմենն այդ ամենն այնքան լուրջ դեմքով է հայտնել լրագրողներին, որ կասկածում եմ, թե ինքն էլ կարող էր հավատալ նման նամակագրության արդյունավետությանը: Կամ էլ վերջինս, պաշտոն ստանձնելով, վերածվել է մի այնպիսի դերասանի, որը կարող է կյանքի 4-րդ տասնամյակում խաղալ, օրինակ, Ռոմեոյի դերը: Եվ խաղալ այնպես, որ հանդիսատեսը հավատա, թե ինքը հենց 16 տարեկան պատանի է: Ենթադրում եմ, որ առկա է ոչ թե առաջին, այլ երկրորդ տարբերակը, ինչը նշանակում է, թե ինչպիսի հրաշալի դերասան ենք կորցրել թե՛ մենք եւ թե՛ ընդհանրապես մարդկությունը: 
Ու այսքանից հետո հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորելն արդեն չի ստացվում, որքան էլ որ այն ճակատագրական լիներ հենց Սովետական Հայաստանի առումով: