Ձեռք է առնում՝ «Հայաստանի քաջարի ղեկավարը»․․․

Ձեռք է առնում՝ «Հայաստանի քաջարի ղեկավարը»․․․

Գիտե՞ք՝ երբ է պաշտոնական հայտարարություններում  կոշտ բառերին փոխարինում ծաղրը, սարկազմը։ Երբ այլևս կոշտ բառերն ազդեցություն չեն ունենում թիրախի վրա։ Երբ հայհոյանքն անգամ  չի օգնում, որ ղեկավար անձը գիտակցի, որ ինքը երկիր է ներկայացնում և այդ հայհոյանքից մասնաբաժին ունի նաև այն ժողովուրդը, որն իրեն ընտրել ու չի կարողանում իրենից պրծնել։ Այդ հայհոյանքից բաժին ունի նաև երկիրը, որը փոքրանում, նվաստանում է։ 
Կարդում եմ ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ, Պետդումայի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի որակումը Նիկոլ Փաշինյանին, որը թվում է,  թե մեղմ է համընդհանուր որակումների մեջ, բայց միայն թվում է։ Փաշինյանին բնորոշող տերմինն եմ գրում։

Նա Փաշինյանին անվանում է Հայաստանի քաջարի ղեկավարը։ Ի՞նչ է նշանակում քաջարի։ Երկու արմատ է՝ քաջ և արի։ Ոնց որ ասես առյուծասիրտ, անվեհեր։ Հենց սա է սարկազմը, ծաղրը, որով ռուս պաշտոնյան բնորոշում է նրան։ Ո՞րն է ծաղրի իմաստը։ Վերցնենք բառի հականիշը, որը չի հնչեցվել՝ ղեկավարի բնորոշման իմաստով։ Բառի հականիշն է անկարող, անտաղանդ, մակերեսային, ցածրորակ, թույլ, վախկոտ․․․ Թույլ բառից Փաշինյանը սոսկում է, խոստովանել է․ «Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկն ինձ թույլ անվանի»։ Հիմա ձեռք են առնում՝ Հայաստանի քաջարի ղեկավարը։ Ասում էիր՝ թույլ չեմ տա, ինչու՞ ես թույլ տալիս, ինչու՞ չես արձագանքում։ Ոչ թե երկրի ներսից այլ դրսից են որակումը տալիս՝ քաջարի ղեկավարը։ Ու գիտե՞ք ինչու է ասում։ Հազար ինչուները մի կողմ դնեմ ու մի նախադասությունը մեջբերեմ․ «Ինձ համար դժվար էր պատկերացնել, որ Հայաստանի գլխին կհայտնվի մի մարդ, ով կարծում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր անցյալից, ով հրապարակավ կխոսի այն մասին, որ Հայ Առաքելական եկեղեցին օտարերկրյա գործակալ է, ընդ որում՝ ոչ թե երեկվանից, այլ Բյուզանդական կայսրության ժամանակներից»։ Սու՞տ է դա։ Հայաստանը ոգու երկիր է եղել, ինչու՞ այն դարձրիր թույլ, վախկոտ, անկարող։ Մի՞թե մի անձը կարող է ստվեր գցել, նսեմացնել մի ողջ երկիր, եթե այն համարում է իրենը․․․