Հիմնանորոգումը ֆոնդերին չի կպնելու, ամեն ինչ մնալու է՝ ինչպես կա

Հիմնանորոգումը ֆոնդերին չի կպնելու, ամեն ինչ մնալու է՝ ինչպես կա

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի եւ թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են, եւ, ինչպես վստահեցրեց ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանը, Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ դրանք ընթանում են բնականոն հունով:  
Ինչ վերաբերում է աշխատանքների ընթացքին, ապա դրանց ժամանակին ավարտը երաշխավորված է պետության կողմից։ «Ցեղասպանության թանգարանի հիմնանորոգման աշխատանքների համար պատշաճ միջոցները նախատեսված են, պայմանագիրը կնքված է, եւ հաղթող կազմակերպությունը, իհարկե, համաձայնեցնելով թանգարանի հետ, ըստ ժամանակացույցի, իրականացնում է բնականոն աշխատանք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ թե՛ հուշահամալիրի տարածքի, թե՛ թանգարանի համար ստեղծվելու են արդիական ու հարմար պայմաններ:
ԿԳՄՍ նախարարության հայտարարած շինարարության բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Բիդեք» ՍՊԸ-ն։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է «Սեյսմշին» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն: Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի եւ թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։ 

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի եւ թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման եւ բարեկարգման աշխատանքների իրականացման համար պետության կողմից շուրջ 743 մլն ՀՀ դրամ է հատկացվել։ 
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն ասում է, որ 743 մլն-ն հատկացվելու է ողջ ծրագրի համար, բայց խոսակցություն կա, որ եթե հիմնանորոգման ընթացքում նոր հարցեր առաջանան, ըստ այդմ` նաեւ նոր ծախսեր, ապա այդ հարցն էլ կքննարկեն ու կավելացնեն բյուջեն:

Հուշահամալիրի տարածքում մի քանի ամիս է, ինչ մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները։ «Անցած տարվա աշնանից են սկսել, առաջին փուլով սկսվեցին դրսի աշխատանքներն իրականացվել` ոռոգման համակարգի, կանաչապատ տարածքների հետ կապված, մեր եղեւնիների պուրակում անցկացվել է կաթիլային համակարգ, ինչպես նաեւ՝ այդ համակարգն անցկացվել է դեպի հուշահամալիր տանող ճանապարհի երկկողմանի հողային շերտերում, կառուցվել են պոմպակայան եւ ջրավազան: Այսինքն՝ դեռ դրսի բարեկարգման աշխատանքներն են իրականացվել, ու քանի որ մեկնարկը տրվեց աշնանը, դրա համար առաջինը դրսի աշխատանքներն արվեցին, որպեսզի եղանակային պայմանները մյուս աշխատանքներին չխանգարեն»,- ասում է տնօրենն ու ընդգծում, որ այնպես են պլանավորել, որ հիմնանորոգման աշխատանքները հատվածաբար ու փուլ առ փուլ արվեն, որպեսզի թանգարան-ինստիտուտի աշխատանքները դրանից չտուժեն.

«Այս ընթացքում որեւէ աշխատանք չի կատարվում, որպեսզի ապրիլի 24-ի մեր միջոցառումները, ցուցադրությունն առանց խաթարման անենք, ու նոր հետո սկսեն հատվածաբար վերանորոգել»:

Ամիսներ առաջ համացանցում մի լուսանկար տարածվեց, որտեղ հուշահամալիրի քարասյուներից մեկի վրայի քարերը շատ փնթի ձեւով էին պոկել․ տնօրենն ասում է` այս պահին հուշահամալիրի վրա աշխատանքներ չեն տարվում, ինչ վերաբերում է այդ դեպքին, ապա. «Մի մույթի վրայից հանվել էին մի քանի քարեր, որոնք ուղարկվել էին փորձաքննության, ուզում էին հասկանալ խնդիրն ամբողջ խորությամբ, իսկ փորձաքննությունից հետո արդեն այդ քարերը հետ են դրվել, ու այս պահին հուշահամալիրի վրա որեւէ աշխատանք չի կատարվում, դրանք կմեկնարկեն ապրիլի 24-ից հետո, բայց էլի` հատվածաբար, հուշահամալիրի մի մասը կփակեն, կավարտեն, իսկ մյուս մասը կշարունակի գործել, այցելուները կկարողանան հուշահամալիր մտնել»:

Ինչ վերաբերում է թանգարան-ինստիտուտին՝ ի՞նչ աշխատանքներ են այդտեղ իրականացվելու։ Տնօրեն Է. Գզոյանը նշեց, որ տանիքն է վերանորոգվելու. «Ինքն ընդգրկում է թանգարանի վարչական մասը, քանի որ անձրեւաջրերն այդտեղից էին կաթում ներս: Ընդամենը պետք է տանիքը վերանորոգվի, մի շերտ ավելացվի, որ անձրեւաջրերը ներս չհոսեն»: 

Անդրադառնալով աշխատանքների իրականացման ժամկետներին՝ տնօրենը նշեց, որ 2024-ին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն 2026-ին: «Նաեւ ասեմ Ձեզ, որ շատ ուժեղ վերահսկողություն է իրականացվում. ե՛ւ «Հայնախագծից», ե՛ւ նախարարությունից պարբերաբար մարդիկ են գալիս ու հետեւում իրականացվող աշխատանքներին: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կընթանա»,-հույս է հայտնում տնօրենը: 
Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, թե հնարավո՞ր է այս հիմնանորոգումների ընթացքում, գուցե թե՝ դրա պատրվակով, թանգարանի ֆոնդերից արժեքավոր ու կարեւոր նմուշներ կորչեն, ապա միանգամից բացառում է. «Ոչ, բացարձակ, այդ հիմնանորոգումը ֆոնդերի հետ կապ չունի, եւ ընդամենը տանիքի մասը պետք է վերանորոգվի, իսկ ներսում թանգարանը շարունակելու է բնականոն աշխատել, ֆոնդերն էլ բավական հեռու են այս ամեն ինչից: Ներսի որոշ կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ վարչական սենյակներում են նախատեսվում, դա էլ՝ միայն տանիքը վերանորոգելուց հետո, ոչ մի բան չի տեղաշարժվելու այս ընթացքում, ամեն ինչ մնալու է՝ ինչպես կա»։ Տնօրենը եւս մեկ անգամ նշեց, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում ե՛ւ թանգարանը, ե՛ւ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների եւ պաշտոնական պատվիրակությունների համար: