Ինչ եղել է, պատերազմի օրերին է եղել․ ինչու են աշխատանքից ազատել «Սյունիք» անտառտնտեսության տնօրենին

Ինչ եղել է, պատերազմի օրերին է եղել․ ինչու են աշխատանքից ազատել «Սյունիք» անտառտնտեսության տնօրենին

Մեր տեղեկություններով շուրջ 40 տարուց ավել ոլորտում աշխատելուց հետո, «Սյունիք» անտառտնտեսության տնօրեն Արմեն Իշխանյանը 3 նկատողության պատճառով օրերս ազատվել է աշխատանքից: Թե ինչ դիտողություններ էին, որ չներվեցին, Արմեն Իշխանյանը  միտումնավոր եւ չհիմնավորված է համարում:

«Ինչ եղել է, պատերազմի ընթացքում է եղել: 1-ին նկատողությունը վերաբերում է վարչապետի ասած Չայզամի հատվածին, այդտեղ պատերազմի օրերին խրամատ է փորվել, տեխնիկա է մտել, ծառեր են հատվել, ու ինձ նկատողություն են տվել, թե գնայիր՝ չթողնեիր ծառերը կտրեն, երկրորդը՝ Դավիթ Բեկի շրջանում է, մի հատված ականապատ է, մի հատված՝ խրամապատ, համարում են ապօրինի ծառահատումներ: Մյուսը էլի նույն ձևով: Ինձ ասում են`  գնայիր, չթողնեիր` ծառեր հատեին, որ խրամատ փորեին, էդպես ոնց կլիներ, կամ գնայի՝ զինվորին թույլ չտայի, որ ծառ կտրի՝ տաքանա: Ամբողջ  պատերազմի ընթացքում մի անգամ իրենք չեն երևացել, գային, տեսնեին՝ ինչ է կատարվում»,- hraparak.am-ի հետ զրույցում պատմեց «Սյունիք» անտառտնտեսության արդեն իսկ նախկին տնօրեն Արմեն Իշխանյանը ՝ ափսոսանք հայտնելով նվիրական աշխատանքից  այդկերպ  հեռանալու համար:

«150 հազարի հասնող տնկարան եմ դրել, ինձանից հետո ինչ պիտի լինի, հայրս՝ Իշխանյան Աշոտը, 33 տարի անտառապետ է եղել, նրա շնորհիվ շուրջ 3000 հեկտար անտառ է ստեղծվել, վաստակավոր անտառաբույծի  կոչմանն է արժանացել»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ  որպես մասնագետ՝ ինքը Հանրապետությունում այն եզակիներից է, որ Լվովում անտառային տնտեսության բարձրագույն կրթություն է ստացել:

1977թ-ից անտառտնտեսությունում աշխատանքի է անցել, 92թ-ին Գորիսի անտառտնտեսության տնօրեն էր, հետո մարզպետարանում՝ ոլորտի մասնագետ, իսկ ահա 2012թ-ից մինչ նախորդ ամսվա՝ սեպտեմբերի 29-ը, «Սյունիք» անտառտնտեսության տնօրենն էր․ «Ընդամենը 5 ամսից ես թոշակի էի անցնում, դա էլ թույլ չտվեցին: Այդ նկատողությունները հիմնավորված չեն: Ես ունեմ Կապանի քաղաքապետի գրությունը, թե այդ օրերին ինչ նպատակով է ծառահատվում արվել: Սուտ պառաժներ էին տարածում, թե ընտրություններին Հանրապետականների համար  փայտ եմ բաժանել:Ուրեմն իրենք պիտի ինձ ասեն՝ ում հետ գործ ունենամ, ինչ անեմ, ես եթե զբաղված չլինեի, ընդդիմադիրների հավաքին կգնայի, ախր, չեք պատկերացնում՝ էստեղ ինչ վիճակ է, ես որ մտնում եմ անտառ, չորս կողմը  դրանց (թշնամու) դրոշներն եմ տեսնում, սիրտս վատանում է:

Ինձ աշխատանքից ազատելու ենթատեքստը քաղաքական է, իմ քաղաքական հայացքների համար է: Իմ փոխարեն իրենց մարդուն են տնօրեն նշանակել, որը բանտապետի վարորդ է: Էսպես չեմ թողնելու, դիմելու եմ դատարան»,-նշեց Իշխանյանը:

Պարզաբանում ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգանյանի հետ, որի անմիջական հրամանով աշխատանքից ազատվել է «Սյունիք» անտառտնտեսության տնօրեն Արմեն Իշխանյանը, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Մանրամասն՝ տեսանյութում