Ինչ էր ասում Վաղարշակ Հարությունյանը մեկ տարի առաջ՝ Մեղրիի ճանապարհի մասին

Ինչ էր ասում Վաղարշակ Հարությունյանը մեկ տարի առաջ՝ Մեղրիի  ճանապարհի մասին

Նոյեմբերի 9 ին, Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև ստորագրված  հայտարարության մեջ, ինչպես հայտնի է, կա 9-րդ կետը, որ վերաբերում է Սյունիքին՝ Մեղրիի հատվածին։

Այն է․ «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով:

Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»: Սա վերաբերում է Մեղրիին, որի մասին հակամարտության տարբեր փուլերում պարբերաբար բարձրաձայնվել է, մեկնաբանվել և թվում էր, թե դուրս էր եկել շրջանառությունից։

Բայց ինչպես նշել էր այսօր ՀՀ Պաշտպանության նախարար նշանակված  Վաղարշակ Հարությունյանը  2019-ի հենց այս օրերին՝ հոկտեմբերի 15-ին, ոչ նախարարի կարգավիճակում, ԱՄՆ «30 րոպե» յութուբյան ալիքին տված հարցազրույցում.

«Թուրքիան և Ադրբեջանը մշտապես փորձելու են վերադառնալ իրենց այս պանթուրքիստական ծրագրին։ Ինչի մեջ է դա կայանում։ Դեռ 18-20 թթ․ երբ Թուրքիայի հետ բանակցություններ էին ընթանում, Թուրքիայի Իսմայիլ փաշան պահանջ դրեց մեր առջև, երբ մերոնք ասացին, որ ազատագրեք մեր տարածքները, իրենք ասացին՝ այո, մենք կարող ենք գնալ դրան, եթե դուք մեզ տրամադրեք Մեղրին։ Եվ իրենք ասում էին՝ մենք ունենք մեծ գաղափար, միավորվել մեր եղբայրների հետ, և դրա համար մեզ պետք է ճանապարհ, որը պետք է անցնի մեր տարածքով։ Նկատի ունեն Մեղրին։ Այնպես որ, սա ՌԴ բազայի հետ կապ չունի, իրենք իրականացնում են իրենց գաղափարը։ Ինչ գաղափար է դա, իրենք դեռ 30 թվականին Իրանից վերցրին տարածք, որ միավորեց Թուրքիան Նախիջևանի հետ, այսօր իրենք կապ ունեն։ Իսկ կապը իրենք ապահովում են՝ փոխանակելով տարածք՝ մի քանի անգամ ավել տվել են Իրանին, դրա դիմաց ստացել են դա ու հասել են իրենց նպատակին։ Թուրքիան ունի ցամաքային կապ Նախիջևանի հետ։ Երկրորդ փուլը միացնել Նախիջևանը Մեղրիի միջոցով Ադրբեջանի հետ։ Դրանից հետո մի մասը գնում է հյուսիս՝ Ռուսաստանի թուրքաբնակ տարածքներ, Թաթարստան և ալյն,  որ միավորվեն: Մյուս ճանապարհը՝ Կասպից ծովից մինչև Չինաստանի ույգուրական օկրուգ։ Այնպես որ, սա հանդիսանում է պլացդարմ՝ իրականացնելու այդ գաղափարախոսությունը:

Հիմա․ ի՞նչ են արել իրենք Նախիջևանում։ Եթե Առաջին ղարաբաղյան պատերազմում իրենք ամեն ինչ անում էին, որպեսզի Նախիջևանը չխառնվի, որովհետև մտավախություն ունեին՝ տեսնելով, որ Ադրբեջանը թույլ է և պարտվում է, որպեսզի մենք Նախիջևանը չվերցնենք, նրանք լուծում էին պաշտպանական խնդիր։ Հիմա, քանի որ իրավիճակը փոխվել է, իրենք ամրապնդել են, և բազան ոչ թե կստեղծեն, այլ այնտեղ կա։ Հիմա խնդիրը, մի կողմից պահել Երևանը վերահսկողության տակ, մյուս կողմից՝ ստեղծված համապատասխան պայմաններում միավորվել Ադրբեջանի հետ»։
 
 Հարցազրույցում Վաղարշակ Հարությունյանը նշում է նաև, որ 99 թվականի օգոստոսին ինքը, Ռոբերտ Քոչարյանի հետ միասին բանակցությունների էր գնացել Սադարակ,  որտեղ  Հեյդար  Ալիևի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ քննարկել են Մեղրիի տարբերակը։
«Վազգեն Սարգսյանը , բնական է,  դեմ էր։  Դրա մասին ինքն էլ գրառումներ է արել, թե ինչ նշանակություն ունի Հայաստանի համար Մեղրին։ Իսկ ինչ վերաբերում է Դեմիրճյանին, ապա իր հուշերում, տիկին Ռիման, գրում է, որ նա դեմ էր։․․․ Մի բան էլ ասեմ, որ երբ նշանակվեցի պաշտպանության նախարար, Վազգեն Սարգսյանը ամառանոցում ինձ դուրս հրավիրեց ու ասաց, որ այ սենց, սենց տարբերակ կա ու ինձ ասաց՝ դու սրա մասին իմացիր, բայց ոչ մեկին չասես, ասում եմ, որ տեղյակ լինես։ Իսկ Քոչարյանն ինձ դրա մասին ասել է արդեն, երբ մենք վերադարձանք Սադարակից։ Միայն դրանից հետո ինձ հրավիրեց ու ասաց՝ էսպիսի տարբերակ կա։ Ինչի մասին բնական է՝ ասաց, որ սա այն տարբերակը չէ, որին մենք պետք է գնանք։ Նու, մանրմասները չասեմ, թե ինչու չի կարելի»