Նուշիկ Միքայելյան. Մահից հրաժարված

Նուշիկ Միքայելյան. Մահից հրաժարված

ԱՐԹՆԱՑՈՒՄ

Ինձ ներիր, թե համեստ լինի խոսքս,
Իսկ սերս՝ պատանո՛ւ սիրավեպ,
Թե կրծքիս տակ չզգամ քո հեւքը,
Թե ոտքերս չքայլեն անվրեպ...

Ինձ ների՛ր, թե հսկա տարիքիդ տակ
Իմ ուսերը տկար, նեղ թվան,
Ես գիտեմ՝ արեւի՛ն է հայացքդ,
Իսկ ես ա՜չքն եմ կապել նոր օրվան...

Ես սովոր եմ ննջել՝ իմ սրտում
Երազանքը պահած կույրերի,
Որոնք ծնվել են մեծ ծովերում,
Մեծացել առա՛նց ափերի…

...Որոնք հոտը գիտեն ջրերի,
Ու մահվան մահի համը գիտեն,
Որոնք ճախրում են առանց թեւերի,
Որ երկնի եզրերը հատեն...

Ես սովոր եմ հաշտվել մթի հետ,
Ու արեւ քնացնել իմ հոգում,
Ու տխրել ամե՜ն հին երգի հետ,
Որ իմ ծովն է բանտում վանդակում...

Ես սովո՜ր եմ... Բայց արդեն ժա՛մն է իմ՝
Վիթխարի ձեռքե՛րդ ես պարզել,
Եվ արթնացման զանգերդ պողպատե,
Ինձ հուշում են հասակդ պատվել,

Ինձ հուշում են, որ հսկա տարիքիդ պես
Մեծանա՜ պատանու սիրտը իմ,
Որ քայլենք՝ հայացքով արեւին մեր,
Չուշանա՛նք նոր օրվա նոր ժամին...

…Եվ բացում եմ հիմա իմ աչքերը,
Բբերս՝ պողպատե երկու զանգ,
Ուսերիս՝ հորիզոնը, որ թաց է
Ծովերիս կարոտով անհագ...

Եվ պատրանք չէ, երազ չէ, ոչ էլ սուտ`
Տեսարանը փռված իմ առաջ,
Որտեղ դո՛ւ ես բարձրանում, երկի՛ր իմ
Արարչի համբույրին ընդառաջ։

ԵՐԲ ԿԱՎԱՐՏՎԻ ԽԱՂՆ ԱՅՍ

Երբ կավարտվի խաղն այս,
Եվ երբ կիշխի նորից ամայություն մի մեծ,
Երբ կլռեն բոլոր լեզուները խառնակ,
Եվ կմնա շունչը՝ շնչողից զերծ,
Մի վիթխարի լուռ գունդ,
Կգլորվի կամաց
Դեպի հետքը մարդու
Անհետ կորած...
Հիշողությամբ լույսի
Կկարոտի նրանց,
Նրանց, որոնք ընկան ինքնամոռաց...

Մի վիթխարի, լուռ գունդ
Կմենանա նորից,
Կպտտվի անձայն, ինքնագալար,
Ու աչքերով հազար
Մի նոր ցնորք տեսած՝
Շունչն իր կհռչակի 
Համատարած...

Եվ կվառվեն հանկարծ
Աստղեր ոսկեհայաց,
Եվ կզարկվեն իրար
Ափեր մատե,
Ու կլսվեն երգեր
Մահից հրաժարվա՛ծ,
Բառեր ինքնանորոգ,
Ադամանդե՛...

Եվ կճչա՛ նորից
Երկնասլաց մի ձայն,
Որպես մի մեծ սիրո
Խոստովանանք,
Ու կհնչի ծիծաղ
Անծայրածիր եւ լա՛ց,
Աստված կշեփորի
Նո՛ր կյանք։

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՁԱՆՁՐՈՒՅԹ

Տիեզերական ձանձրույթն է հիմա
Կախվել անհունի կապույտ մատներից,
Եվ դարը մարդու՝
Ահռելի մի բեռ,
Ընկնում է կյանքի
Բարակ ուսերից...
Տիեզերական ձանձրույթն է վաղուց
Իր բաժին խաղը ուզում վերհիշել
Եվ գլորում է ահավոր օդում
Երկու հսկա զառ անթի՛վ,
Անսեւեր...
Երկու հսկա զառ՝
Մարդու երեսին,
Որտեղից դեմքի դիակն են հանում
Եվ պարապության վիթխարի մի ծես,
Որ ժամանակի
Հոգին է տանում...
Չկա՛ն ուղիներ
Եվ չկա՛ ճամփա,
Որտեղից պիտի ոտքերը քայլեն.
Բոլորն են հիմա
Անթեւ, անգնա՛,
Չգիտեն ինչպես
եւ ինչով թռչել...
Տիեզերական ահեղ մի ձանձրույթ
Երկկոտոշ ահի գլխով անկշիռ,
Իջնում է արագ
Մարդու սին դեմքին,
Փչելով նյութի
Ոսկեփայլ փոշին...
...Ու փռշտում են 
Աչքեր մահացած,
Կեղծ արթնացումի
Բբերով արծաթ
Եվ չէ՛, չե՛ն գտնում
Արվեստը՝ որից
Պիտի ծնվեին
Ճամփաները բաց...
Չէ, էլ չե՛ն տեսնում
Ո՛չ բառ, ո՛չ ոգի
Մեղեդիների թաղման այս դարում,
Տիեզերական այլասերում է,
Եվ ինչ-որ մեկը
Լույսերն է մարում...

Բայց պտույտն այս կուղպ,
Օղակն այս անանցք,

Դեռ մարդու դարի շուրջն է պտտվում 
Եվ գուցե նյութից, 
Ոսկեփոշուց զատ,
Կա մի արահետ
Որ նո՛ր է փռվում...
Գուցե նո՛ր պիտի
Սկսվի դարը
Որի կռնակին
Ձանձրույթն էր կախվել
Եվ գուցե մի նոր, մի նո՛ր մեղեդով,
Ոսկե տաղերով պետք է հմայվել...
Գուցե պարապը
Լցվի արցունքո՛վ,
Գուցե ծիծաղեն
Մեռածնե՛րն անգամ,
Եթե դարը նոր սնվի արվեստո՛վ
Եթե վեր հառնի
Մարդը իսկական...

Տիեզերական ձանձրույթն է հիմա
Կախվել անհունի կապույտ մատներից,
Եվ ինչ-որ մի բան
Պիտի որ ծնվի
Նույն, հսկայական,
Ահեղ զրոյից։

ՊԱՏԵՐԱԶՄ Է

Պատերազմ է։
Համբուրի՛ր քնած որդուդ
Քունքերը ծածկած գանգրաթելերը։

Պատերազմ է։
Ավելի բա՜րձր ճոճիր
Ճոճանակը նրա,
Որ զրնգա աշխարհով մեկ 
Որդուդ ձայնը հրճվանքի։

Պատերազմ է։
Ծիծաղիր նրա հետ այնքան,
Մինչեւ սկսվի հաջո՛րդ ծիծաղը։
Պատերազմ է։
Որդուդ բոբիկ ոտերից բռնած 
Նրա մարմինը բարձրացրու վերե՛ւ,
Որ նա գերազանցի քեզ 
Քո ափերի վրա կանգնած։

Պատերազմ է։
Երգի՛ր...
Երգի՛ր որդուդ համար։
Երգի՛ր մինչեւ բացվի առավոտը։
Երգի՛ր, որ երազը նրա
Դռնե՛ր ջարդի երգիդ համար...

Պատերազմ է։
Գրկի՛ր որդուդ։
Սեղմի՛ր նրան կրծքիդ՝ 
Եվ ...Քո՛ անունը կանչիր...
Գրկի՛ր որդուդ
Եվ քո՛ անունը տուր...
Եվ թող որ նա հենց քե՛զ գտնի իր մեջ,
Եվ թող որ դու՝ որդո՛ւդ գտնես քո մեջ։

Պատերազմ է։
Քայլի՛ր որդուդ ետեւից
Բայց մի՛ գնա իր հետ՝
Նա արդեն գիտի՛
Ավելի բարձր ճոճվել
Կյանքի ճոճանակին
Ու ծիծաղել՝
Հրճվանքի զանգեր կախելով երկնքում...

Պատերազմ է։
Համբուրի՛ր քնած որդուդ
Քունքերը ծածկող գանգրաթելերը…

Բան չմնաց...

Շուտով՝
Առավոտ է։

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
Լուսանկարը՝ Սոնա Ադամյանի