Շատ վտանգավոր պահ է. Ռուբեն Վարդանյան

Շատ վտանգավոր պահ է. Ռուբեն Վարդանյան

«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ներկայիս քաղաքական, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բանակի ղեկավարության առճակատմամբ ուղեկցվող ճգնաժամից հետո տեսնում է Հայաստանի զարգացման երկու սցենար:

Վարդանյանը հույս է հայտնել, որ կառավարության ղեկավարի և նրա ընդդիմախոսների միջև հակամարտությունը զոհերի չի հանգեցնի: Նրա կարծիքով՝ այժմ Հայաստանի բնակիչները ստիպված են ընտրել քաղաքական գործիչների շրջանում նրանց, ովքեր իրենց մեջ նվազագույն մերժում են առաջացնում:

«Սա շատ վտանգավոր պահ է, երբ ընտրում ես ոչ թե դրական օրակարգով, այլ հաշվի առնելով, որ չլինի մեկը կամ մյուսը: Ես հիմա չեմ ուզում գնահատական տալ, քանի որ դա Հայաստանի ներքին գործն է՝ ընտրել իր համար առաջնորդներ: Բայց հարցն այն է, որ պետք է լինի այլընտրանք, որը մարդիկ պետք է զգան և տեսնեն, որ կա ոչ միայն մեկը, այլ մյուսը», - ասել է Վարդանյանը:

Գործարարի խոսքով՝ Հայաստանում անընդհատ խոսում են անցյալի մասին, բայց չեն քննարկում երկրի ապագան: «Կա տարբերակ, որ մենք կարող ենք դառնալ շատ հանգիստ, ոչ այդքան ակտիվ վայր, որտեղ կմնա 1,5-2 միլիոն մարդ, որտեղ կուղարկեն նույն 2 միլիարդ դոլարի օգնությունը (արտասահմանի հայկական սփյուռքից - ՌԲԿ): Մարդիկ ավելի լավ կապրեն, քանի որ քիչ թվով մարդկանց ավելի շատ փող բաժին կհասնի, որովհետեւ ավելի շատ մարդ է հեռացել: Դա կլինի, ես կասեի, Աբխազիային նման երկիր»:

Գործարարը նման սցենարը «բացարձակապես իրատեսական» է համարում, քանի որ, ըստ նրա տվյալների, արդեն այս տարի 200 հազար մարդ մտադիր է Հայաստանից հեռանալ, իսկ եւս 200-300 հազարը մտածում է այդ մասին: Հանրապետության բնակչությունը հիմա կազմում է 3 մլն մարդուց փոքր-ինչ քիչ: «Այդ մարդիկ ոտքերով են քվեարկում:  Նրանք չեն հավատում, որ իրենք կամ իրենց երեխաները այս երկրում հաջողության կհասնեն»,- կարծում է նա:
Վարդանյանի խոսքով՝ նման սցենարի դեպքում երկրում կմնան պասիվ մարդիկ: Նրանք վատ կապրեն, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչից գոհ կլինեն: «Դրան (դրսից եկող փողին - ՌԲԿ) վարժվում ես: Դա նման է թմրանյութի: Որպես պարտավորեցված եկամուտ, միայն թե ոչ թե պետությունն է տալիս, այլ ձեր ազգականները»,- նշել է նա:

Վարդանյանի կարծիքով,այդուհանդերձ, դեռ հնարավոր է մեկ այլ սցենար, որի դեպքում Հայաստանը կդառնա պետության եւ հասարակության փոխգործակցության եզակի հաջող օրինակ: Սակայն այս դեպքում, ըստ գործարարի, անհրաժեշտ է սփյուռքի ավելի ակտիվ մասնակցությունը երկրի կյանքին: «Ոչ թե պարզապես Մոսկվայից, Պիտերից, Փարիզից կամ Լոս Անջելեսից քննադատել եւ ասել, թե որքան վատ է այստեղ: Կամ մի փոքր գումար ուղարկել եւ զգալ, որ սեփական խիղճդ մաքուր է: Պատրա՞ստ են նրանք արդյոք գալու: Ընդ որում՝ գալու ոչ թե նախարարի պաշտոնի, այլ գյուղ գալու»,- հարց է տալիս Վարդանյանը:

«Մենք խոսում ենք հարյուր հազարավոր մարդկանց մասին: Մենք չենք խոսում մի քանի տասնյակ թոփ-մենեջերների մասին, որոնք կգան Հայաստան եւ այն դրախտային անկյուն կդարձնեն: Սա այն ամբողջ մոդելի փոփոխությունն է, ըստ որի՝ «տղաներ, մենք ինքներս կպարզենք այստեղ, իսկ դուք երբեմն եկեք, նայեք Արարատ լեռանը, լաց եղեք, խորոված կերեք եւ հետ գնացեք»,- համոզված է նա: