Ֆեյսբուքը հիշում է, սգում է, պահանջատեր է

Ֆեյսբուքը հիշում է, սգում է, պահանջատեր է

Այսօր Արցախի հայաթափման, 1915 թվականից հետո հայերի երկրորդ ցեղասպանության եւ 21-րդ դարում աննախադեպ գաղթի մեկամյա տարելիցի օրն է։ Մեկ տարի առաջ այս օրը Արցախը դատարկվեց իր բնիկ ազգաբնակչությունից, որն այնտեղ ապրում էր հարյուրամյակներ եւ հայկական երկրորդ պետությունը հանձնվեց ադրբեջանցի հրոսակներին։ 
2023 թվականի այս օրը հայերի քարավանները՝ աշխարհի լուռ եւ Հայաստանի իշխանությունների՝ ակտիվ մասնակցությամբ, հանձնեցին իրենց հայրենի հողը, թողեցին իրենց ողջ ունեցվածքը եւ մազապուրծ տեղափոխվեցին մայր հայրենիք, որ չբնաջնջվեն երկրի երեսից։ 

Այս օրը պատմության մեջ կմնա նաեւ նրանով, որ հայերը ոչ միայն իրենց թանկ ու մոտ 4 տասնամյակ անկախ ապրող պետություն Արցախը հանձնեցին ոսոխին, այլեւ իրենց ռազմաքաղաքական ղեկավարությունից 8 անձի պատանդ տարան աշխարհի ամենադաժան կալանավայրերից մեկը՝ Բաքվի բանտ։ Մարդիկ, որոնց միակ մեղքն այն էր, որ ուզում էին պետություն ունենալ եւ սիրում էին իրենց հայրենիքը։

Այս օրը ՀՀ դավադիր իշխանություններն, իհարկե, չեն հիշի, կփորձեն մոռացության տալ, որովհետեւ հենց իրենց մեղքով է Արցախը հայաթափվել, բայց հայ ժողովուրդը հիշում է, սգում է, պահանջատեր է։ 
Ֆեյսբուքում վաղ առավոտից տարբեր մարդիկ ֆշելմոբ են անում՝ լուսանկարում պատկերվածը՝ տարբեր գրառումներով, տարածելով։