Երբ Ուկրաինան վերածվեց «թեժ կետի»

Երբ Ուկրաինան վերածվեց «թեժ կետի»

The American Conservative պարբերականը գրում է․ «Ուկրաինան մշտապես եղել է առանձին ազգ։ Հյուսիս-Արեւմտյան եւ Կենտրոնական Ուկրաինան, որը ժամանակին մաս է կազմել Ռեչ-Պոսպոլիտայի, իսկ հետո Ավստրո-Հունգարական կայսրության, մշտապես իր հայացքը հառած է եղել Եվրոպային։ Հարավ-Արեւելքը, որ տեւական ժամանակ եղել է Ռուսական կայսրության կազմում, մշտապես հայացքը ուղղած է եղել Ռուսաստանին։

Պատմականորեն ձեւավորվել է այնպես, որ Արեւմտյան Ուկրաինան քվեարկել է նախագահի այն թեկնածուների օգտին, ովքեր եվրոպամետ քաղաքականություն են վարել, Արեւելյան Ուկրաինան քվեարկել է ռուսամետ քաղաքականություն վարող թեկնածուների օգտին։ 

Ու երկիրը հայտնվել է մի իրավիճակում, որը նրան թուլացրել է ու հնարավոր դարձրել պառակտումը։ Խզումը տեղի է ունեցել 2014 թվականին, երբ այդ երկրում տեղի է ունեցել իշխանության փոփոխություն, որի նպատակը ռուսների բարեհաճությունը վայելող նախագահին այնպիսի մեկով փոխարինելն էր, որը Ուկրաինային ավելի կմոտիկացներ Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգերին։ Ամեն ինչ հանգեց նրան, որ Ուկրաինան կանգնեց Ռուսաստանի կամ ԵՄ երկնընտրանքի առաջ։ Եւ ինչպես աշխարհագրությունն ու պատմությունն է հուշում, երկիրը ըստ էության հայտնվեց երկու գրեթե հավասար մասի բաժանված վիճակում։ 
Ու այն ժամանակ էլ Ուկրաինայի համար սկսվեց ճակատագրական փոփոխությունը։ Այն ժամանակ երկրի ղեկին հայտնվեց արեւմտամետ գործիչ ու Ռուսաստանը որոշեց զիջողական քաղաքականությանը վերջ տալ, ու սկսել Արեւմուտքի հետ առճակատումը՝ գրավելով Ղրիմը։ Սկսվեցին բախումները մի կողմից Դոնբասի, մյուս կողմից՝ Կիեւի եւ Արեւմտյան Ուկրաինայի միջեւ։ Սակայն իրականում Ուկրաինան «թեժ կետ» դարձել էր շատ ավելի վաղուց։ Տեսականորեն միշտ էլ հայտնի է եղել, որ Ուկրաինան կարող է դառնալ «թեժ կետ»։ 

Սրանով է թերեւս պայմանավորված, որ դեռ 1991 թվականին ԱՄՆ քաղաքական շրջանակների համար նախատեսված ներքին օգտագործման մի փաստաթղթում խորհուրդ է տրվում Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի հետ կապված ծրագրերին միանալու հնարավորություն թողնել։ Ընդ որում, դրանց իրականացումը վերապահելով ավելի ուշ ժամանակների։ 1993 թվականին Մեծ Բրիտանիան նախազգուշացնում էր ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Էնթոնի Լեյքին, որ ՆԱՏՕ-ի ընդարձակումը Ուկրաինայի՝ այդ դաշինքին անդամակցումով, կնշանակեր հատել Ռուսաստանի ամենազգայուն «կարմիր գիծը»։ 

ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականության ամենից ագրեսիվ սցենարի կողմնակից Ռիչարդ Հոլբրուքը նույնիսկ նկատում էր, որ Ուկրանան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին։ Այն ժամանակներում Ռուսաստանում ամերիկյան դեսպան Ուիլյամ Բյորնսը պատասխանել էր Կոնդոլիզա Ռայսին, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հանդիսանում է ռուսական էլիտայի համար «ամենակարմիր գիծը» եւ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բոլորը համարում են ուղիղ մարտահրավեր ռուսական շահերին, որին այժմյան Ռուսաստանը կպատասխանի անպայման։ 2008 թվականին ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովում ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բուշը փորձեց արագացնել Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, սակայն նրա ջանքերը արգելափակեցին Գերմանիայի այն ժամանակվա կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզին։ Որպես փոխզիջում՝ Ուկրաինային եւ Վրաստանին երաշխավորվեց անդամակցության հնարավորությունը։ 

Ռուսական ղեկավարությունը հստակորեն հասկացրեց այն ժամանակ, որ այս ամենում իրական վտանգ է տեսնում։  Պուտինն ուղիղ տեքստով հայտարարեց, որ Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ուղիղ սպառնալիք է Ռուսաստանի անվտանգության համար։ Ռուսաստանը դեռ այն ժամանակ էր, ըստ էության որոշել, որ եթե Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, ապա դա կլինի առանց Ղրիմի եւ արեւելյան շրջանների։ Իսկ այդ դեպքում Ուկրաինան պարզապես կկազմալուծվի։ Ի դեպ, դեռ մինչ այս էլ, կարելի էր «որսալ» որոշակի նախնական ազդակներ սպասվող ճգնաժամի վերաբերյալ՝ Ուկրաինայի ներքին քաղաքականության որոշ իրողությունները հաշվի առնելով։ Հիշեցնենք 2004 թվականի Ուկրաինայի նախագահական ընտրությունները, երբ բախվեցին ռուսամետ Վիկտոր Յանուկովիչն ու արեւմտամետ Վիկտոր Յուշչենկոն։

Յուշչենկոյի նախընտրական ծրագիրը ներառում էր Ուկրաինայի անդամակցություն ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին։ Պուտինն էլ հստակ հասկացնում էր, որ աջակցում է Յանուկովիչին։ Նա նույնիսկ գնաց Կիեւ եւ հանրայնորեն հաջողություն մաղթեց Յանուկովիչին՝ բարձր գնահատելով նրա կառավարության արձանագրած տնտեսական ցուցանիշները։ Ֆիլիպ Շորտը «Պուտինը» գրքում նշում է, որ կրեմլյան քաղաքական ստրատեգ Գլեբ Պավլովսկին այդ ժամանակ տեղափոխվեց Կիեւ, որպեսզի խորհրդատվություն տրամադրի Յանուկովիչի նախընտրական շտաբի համար։ Նախագահական ընտրությունների առաջին փուլում Յանուկովիչը հավաքեց 39,87 տոկոս, Յուշչենկոն՝ 39,32 տոկոս։ Երկրորդ փուլում Յանուկովիչը մեծածավալ խարդախությունների գնով հաղթեց, սակայն Ուկրաինայի Գերագույն դատարանը նրա հաղթանակը չեղարկեց։ Նոր ընտրություններում հաղթեց Յուշչենկոն եւ Պուտինը ֆիքսեց, որ «Ուկրաինան գողանում են իրենից։ Ու երեւի թե հենց 2004 թվականի ընտրություններով էլ Ուկրաինան առաջին անգամ «բռնկվեց» որպես «թեժ կետ», որը աստիճանաբար սկսեց ավելի ու ավելի «բոցավառվել»՝ վերածվելով նոր «Սառը պատերազմի»»։