Օխտը աղբյուրը մեր Հեղնար աղբյուրն է

Օխտը աղբյուրը մեր Հեղնար աղբյուրն է

Գուսան Աշոտը Գորիսի «Օխտը աղբյուրին» ասում էր՝ մեր քաղաքի Հեղնար աղբյուրն է, ով ջուրը խմի կմաքրվի, կզուլալվի։ 

Ամեն օր գործի գնալուց այդ ճամփով էի անցնում։ Օխտը աղբյուրից ջուր էի խմում ու դրախտի նման բացվում էր զբոսայգին։ Գիտեի, որ առավոտ շուտ այնտեղ Գուսան Աշոտն է լինում։ Մտամոլոր, քթի տակ մի երգ դնգդնգացնելով, քայլում էր։ Պարզ, հասարակ մարդ էր, թե ասեիր, մի երգ երգի, նազ չէր անի՝ կերգեր։ 

Գորիսի Օխտը (յոթ) աղբյուրի մոտ հանդիպեցի: Ասացի՝ Գուսան, ո՞նց եք այդքան բան գտնում ու պատկերավոր գրում։ Ջրին նայելով, քթի տակ երգեց․ 

Ակնին ճո̈ւրը քըքըլթալի քյինո̈ւմ ա̈,

Տէ՛ս, ծաղիկը ծաղկի նըհէտը խօսում ա․․․

Աղբյուրի թացացած քարի վրա զմրուխտ մամուռի միջից մի նվազ, նազիկ- մազիկ ծաղիկ էր բուսնել: Անգամ ձեռք տալուց կարող էր անէանալ: Գուսանն ուշադիր այդ ծաղիկին էր նայում:

«Է՜,- ասաց նա,- տես ինչ ապառաժ քար ա, բայց յեշի՝ հունց ա տեղ տվալ էս քյորփա ծաղիկին, քարն էլ ա նխշունացալ: Ուրուր նհետ զուրուց են անում: Մեր քարն էլ ա խղճավ, վեշ մի ծաղիկի քեթը չի ըռնըցնում, չի նեղացնում»։ 

Սյունիքում քարն անգամ չոքել ու ծաղիկ է ծնել։ Թելիկ ծաղիկի տեսքին չնայեք, ինքը քարի պես ամուր է։ 

Տարիների խորքից որ հիշում, մտածում եմ՝ իրոք, քարի պես ամուր է սյունեցին։ Ապառաժն անգամ ճեղքում ու ապրում, արարում, պայքարում է։