Գրանցված հանցագործությունների թվաքանակն աճել է. Փոխոստիկանապետը տվյալներ է ներկայացրել

Գրանցված հանցագործությունների թվաքանակն աճել է. Փոխոստիկանապետը տվյալներ է ներկայացրել

Ոստիկանության կոլեգիայի նիստում ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը հանդես է եկել զեկույցով եւ ներկայացրել որոշ վիճակագրական տվյալներ։

Այսպես, ներկայացնելով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ նշել է, որ 2021 թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 14,3%-ով կամ 3777 դեպքով (2020 թ.` 26468, 2021 թ.՝ 30245), ինչը հիմնականում պայմանավորված է գողությունների աճ՝ 1695-ով, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու աճ՝ 188-ով, խարդախությունների աճ՝ 127-ով, ինչպես և առավել լատենտային համարվող թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների աճ՝ 318-ով թվի աճով: Գրանցված 30245 դեպքերի մեջ հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ (17460 դեպք կամ 57,7%) և միջին ծանրության (7988 դեպք կամ 26,4%-ը) հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 84,1%-ը:

Ըստ հիմնական հանցատեսակների` աճել են սպանության (50-60), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված (81-93), գողության (9523-11218), ավազակության (39-41), խարդախության (1716-1843), համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների (154-181), տրանսպորտային միջոցներ փախցնելու (46-54) և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (1360-1548) դեպքերը:

Միևնույն ժամանակ, նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1024-976), այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու (224-218), բռնաբարության ու բռնաբարության փորձի (25-14), բնակարանային գողության (1255-1192), կողոպուտի (163-146), յուրացման կամ վատնման (525-473) և խուլիգանության (338-322) դեպքերը: