ՌԴ-ն չի դավաճանում ընկերներին, իսկ ԱՄՆ-ն «կպատժի» Ասադի ընկերներին
ԱՄՆ-ը մտադիր է պատասխանատվության ենթարկել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցած կողմերին, ինչպես նաև ազդեցիկ պաշտոնյաներին, ովքեր աշխատել են Սիրիայի նախկին իշխանությունների օրոք, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն «սիրիական ժողովրդի դեմ կատարված վայրագությունների և հանցագործությունների համար, ներառյալ՝ քիմիական զենքի կիրառումը», ասել է Բլինքենը:
Պետքարտուղարության ղեկավարը նաև կոչ է արել Սիրիայում ընդդիմադիր ուժերին հարգել մարդու իրավունքները և պաշտպանել երկրի խաղաղ բնակչությանը։
Վաշինգտոնն ուշադիր հետևելու է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, ընդգծել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը։
Ավելի վաղ Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն իր տելեգրամյան ալիքում նշել էր, որ Ասադն ընտանիքի հետ Մոսկվայում է՝ նշելով, որ «Ռուսաստանը դժվար իրավիճակներում չի դավաճանում ընկերներին»։
Միաժամանակ սիրիական որոշ հրապարակումներ և սոցցանցերի սիրիական հատվածը կասկածի տակ են դրել ռուսների տարածած տեղեկատվությունը, թե Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա։
Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրապարակված լուսանկարը հին է, իսկ վրան արաբերեն գրություններ կան։
Հավելենք, որ Ասադը երկիրը ղեկավարում է 2000 թվականից՝ պետության ղեկավարի պաշտոնը ժառանգելով հորից՝ Հաֆեզ ալ-Ասադից:
Կարծիքներ