Բախումներ ղրղզա-տաջիկական սահմանին․ նոր պատերազմի շեմին

Բախումներ ղրղզա-տաջիկական սահմանին․ նոր պատերազմի շեմին

Հերթական արյունալի բախումն է տեղի ունեցել Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին՝ հունվարի 27-ին։ Ղրղզական եւ տաջիկական ուժայինների միջեւ տեղի ունեցած բախումն ընդգրկել է մի քանի գյուղ, որոնք գտնվում են վիճելի տարածքներում։ 

Ինչ է պատահել։ Հստակ տեղեկատվություն առ այն, թե այժմ ինչու տեղի ունեցավ հերթական բախումը, որին ներգրավված են սահմանամերձ տարածքների հարյուրավոր բնակիչներ, չկա։ Ղրղզական եւ տաջիկական կողմերը, ինչպեսեւ կարելի էր սպասել, տեղի ունեցածի մեջ մեղադրում են մեկմեկու։ Առճակատումը բռնկվել է Ղրղզստանի Բաքթենսկի մարզի եւ Տաջիկստանի Սոգդիանայի մարզի հատման կետում, սահմանամերձ վիճելի տարածքում, որտեղ տաջիկներն ու ղրղզները, փաստացի, ապրում են իրար հետ։ Նախ մի մեքենայի վրա քարեր են նետել, հետո արդեն մի խումբ տեղացիներ փակել են ռազմավարական նշանակության Բաթկեն-Իսֆան ճանապարհը։ Տեղում հայտնվել են ղրղզ եւ տաջիկ սահմանապահները, հեռացրել քարերը, բացել ճանապարհը։ Սակայն ինչ-որ բան այնպես չի ընթացել, եւ կրակոցներ են հնչել։ Բախումը սկսել է ծավալվել եւ ներառել մի քանի սահմանամերձ գյուղ։ Տաջիկական կողմը, բացի հրազենից, կիրառել է նաեւ ականանետեր եւ նռնականետեր։ Բեկորները վնասել են ղրղզական 6-10 գյուղի էլեկտրականություն մատակարարող լարերը՝ գյուղերը հոսանքազրկվել են, տեղի բնակիչներին տարհանել են։ Երկու կողմն էլ հավելյալ ուժեր եւ տեխնիկա է կենտրոնացրել։ Կրակոցները շարունակվել են ողջ երեկո։ Երկու անգամ բանակցությունների փորձերը խափանվել են։ Միայն կեսգիշերին մոտ կողմերը կարողացել են պայմանավորվել կրակի լիակատար դադարեցման եւ Բատկեն-Իսֆան ավտոմայրուղու բացման շուրջ։ 

Կողմերի դիրքորոշումները։ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը կոչ է արել բնակչությանը՝ չանհանգստանալ, եւ հույս է հայտնել, որ բանակցությունները հաջողություն կունենան։ Ղրղզական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ առաջին կրակոցն արձակվել է տաջիկ ուժայինների կողմից, եւ բախումը սադրանքի հետեւանք է, որը հրահրվել է Տաջիկստանի Ազգային անվտանգության կոմիտեի կողմից։ 

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը իրավիճակը չի մեկնաբանել։ Սակայն տաջիկ ուժայինները լրատվամիջոցներին հայտնել են, որ ղրղզական սահմանապահների գործողությունները համարում են ագրեսիա Տաջիկստանի նկատմամբ։ 

Բախման հետեւանքները։ Կան զոհեր եւ վիրավորներ։ Յոթ ղրղզ գտնվում է հիվանդանոցում, որոնցից չորսը ստացել է բազմաթիվ կոտրվածքներ։ Նախնական տվյալների համաձայն, Ղրղզստանում ռազմական գործողությունների տարածքից տարհանվել է 1470 խաղաղ բնակիչ։ Առնվազն մեկ տուն այրվել է։ Տաջիկստանի կողմից հայտարարել են, որ կան երկու զոհ եւ վիրավորներ։ Տարհանված բնակչության մասին տաջիկական լրատվամիջոցները չեն հաղորդում։ 
Սահմանային բախումների պատճառները։ Ղրղզստանի եւ Տաջիկստանի միջեւ սահմանին բազմաթիվ անգամ բախումներ են եղել՝ ուժայինների եւ տեղացիների մասնակցությամբ։ Բախումներ եղել են՝ սկսած 1970-ական թվականներից։ Ամենախոշորն անցյալ տարվա ապրիլին էր, երբ մի քանի օր տեւած մարտերում զոհվել են 33 ղրղզստանցի եւ 13 տաջիկստանցի, 250 հոգի վիրավորվել է, ավերվել են 232 շենք եւ շինություն, որոնց 92 տոկոսը գտնվել են ղրղզական կողմում։

Բախումների պատճառներն են՝
• Սահմանային դելիմիտացիայի չավարտված գործընթացը
• Բնակչության թվի աճը, որը, որպես կանոն, բերում է հողի եւ ջրի դեֆիցիտի
• Կրթական վիճակի եւ կենսամակարդակի անկումը
• Տեղական իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքների թերի լինելը
• Կրիմինալի ուժեղ դիրքերը։ Տարածաշրջանում ուժեղ են մաքսանենգ հանցախմբերը, քանի որ այստեղով է անցնում Աֆղանստանից գնացող նարկոտրաֆիկը։ 

Բացի այդ, ձգձգված հակամարտությունները եւ լարվածության աճը բարենպաստ հող են ստեղծում բնակչության շրջանում ագրեսիայի պոռթկումների համար։ Հետագայում անկարգությունները կարող են օգտագործվել տարատեսակ կրիմինալ եւ քաղաքական խմբավորումների կողմից՝ սեփական խնդիրները լուծելու համար, ինչպես դա եղավ Ղազախստանում։ Տարածաշրջանում մեծ քանակությամբ չլուծված խնդիրներ կան, ինչը պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծում։ Այս ամենն ի մի բերելով կարելի է ասել, որ բախումները ցանկացած պահի կարող են կրկնվել։ 

Ինչ է անում ՀԱՊԿ-ն։ ՀԱՊԿ ղեկավարությունը, ըստ ռուսական պաշտոնական աղբյուրների, օպերատիվ կերպով արձագանքել է՝ հայտարարության տեսքով միայն։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կոչ է արել կողմերին՝ անհապաղ դադարեցնել կրակը, ինչպես նաեւ հեռախոսազրույցներ է ունեցել Տաջիկստանի եւ Ղրղզստանի անվտանգության խորհուրդների նախագահներ Նուսրուլլա Մահմուդզոդայի եւ Մարաթ Իմանկուլովի հետ։ Ի դեպ, անցյալ տարվա ապրիլի սրացման ժամանակ ՀԱՊԿ-ն խստորեն քննադատվել է պասիվության համար։ 

Ինչ են ասում փորձագետները։ Փորձագետներն ու վերլուծաբանները գրեթե համակարծիք են, որ հակամարտության հիմքում տասնամյակներով չլուծված խնդիրներն են։ Բանն այն է, որ Ղրղզստանի բոլոր նախագահներն այս խնդրի վրա աչք են փակել, որովհետեւ եթե լուծեին, ապա ոչ պոպուլյար ու նաեւ իրենց ի վնաս որոշումներ պիտի կայացնեին, իսկ դա անել չէին ուզում։ Անցյալ տարի իրավիճակը մեռյալ կետից շարժվեց։ Հույս կա, որ աստիճանաբար այդ բախումները կմնան անցյալում, քանի որ Բիշքեկը պատրաստակամ է բանակցությունների գնալու եւ բարձրացնելու տարածաշրջանի համար այդ բարդ խնդիրը։ Ղրղզստանում կարծում են, որ Տաջիկստանը որդեգրել է ագրեսիվ եւ ոչ կառուցողական քաղաքականություն։ Ընդհանրապես, պետք է նշել, որ, օրինակ, Տորտ Կոչո եւ Չըր Դոբո գյուղերում նույնիսկ ժամանակավոր շփման գիծ գծելը հնարավոր չէ, քանի որ նույն փողոցում ապրում են երկու տարբեր երկրների քաղաքացիներ։ Ու քանի դեռ սահմանային հարցերը լուծված չեն, պարբերաբար նման բախումներ լինելու են։

Կարեն Ենգիբարյան