Կհաջողվի՞ վերակառուցել Կոնդը՝ պահպանելով կենդանի միջավայրը

Կհաջողվի՞ վերակառուցել Կոնդը՝ պահպանելով կենդանի միջավայրը

Նախօրեին Ա. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Երեւանի հին թաղամասերից մեկին՝ Կոնդին: Քննարկմանը ներկա են եղել ոլորտի մի շարք մասնագետներ, Կոնդի բնակիչներ: Հանդիպման ժամանակ հնչել են տարատեսակ կարծիքներ, առաջարկություններ, մտահոգություններ, ցանկություններ Կոնդի պահպանման, կայունացման եւ վերարժեւորման շուրջ: Հանդիպմանը ներկա են եղել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետության թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը, ճարտարապետներ Գուրգեն Մուշեղյանը, Հրաչյա Պողոսյանը, Սաշուր Քալաշյանը, Կարեն Բալյանը եւ այլք:

Ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյանը մեզ հետ զրույցում նշում է՝ Կոնդի խնդիրը վաղուց է հասունացել, եւ հերթական անգամ մասնագիտական հանրության ուշադրությունը հրավիրվում է այդ խնդրի վրա, բայց լուծումները որոշակի չեն, ավելին՝ բարդ են․ «Ակնհայտորեն կարելի է ասել, որ ճիշտը միջավայրը պահպանելն է, բայց ինչպե՞ս պահպանել։ Սա լուրջ խնդիր է, հանկարծ չլինի այնպես պահպանենք, որ Կոնդից բան չմնա։ Կա նաեւ սոցիալական խնդիր՝ բնակչության հարցը, որը, կարծում եմ, լուծվող խնդիր է։ Ինչ մոդել էլ ընդունվի, միեւնույն է՝ նա լուծելու է բնակչության խնդիրը, որովհետեւ առանց դրա հնարավոր չէ»։
Բալյանն ընդգծում է՝ ճարտարապետների ցանկությունն է, որ Կոնդի այսօրվա միջավայրը պահպանվի, որովհետեւ քաղաքում չի մնացել կենդանի միջավայր։

«Ինտելեկտուալ, նախագծային առումով մասնագետներ, որոնք կարող են նման խնդրին լուծում տալ, մենք չունենք։ Ինչպե՞ս անել, որ այն դառնա ժամանակակից եւ միաժամանակ պահպանի իր կենդանի ոգին, բնույթը, կառուցվածքը։ Իսկ այդպիսի մեթոդիկաներ կան ե՛ւ Եվրոպայում, ե՛ւ նույնիսկ՝ Ռուսաստանում։ Միջավայրերի հետ նախագծելու նման մեթոդական փորձ ունի եւ դրանով զբաղվում է նաեւ մեր հայրենակից Նարինե Տյուտչեւան, որը ռեստավրացիոն ֆրանսառուսական դպրոց ունի։ Այդ մարդիկ պատրաստ են մասնակցել այդ աշխատանքներին։ Կարեւոր է, որ մենք փակված չմնանք մեր մեջ եւ լավագույն դեպքում առաջարկենք ոչ թե մի ոճավորում, այլ կարողանանք ամբողջական միջավայրն այնպես նախագծել, որպեսզի պահպանվի կենդանի շունչը եւ չդառնա դեկորացիա՝ ինչպես «Հին Երեւանի» դեպքում, այլ միաժամանակ լինի ժամանակակից, ամուր։ Այս խնդիրները պետք է լուծել։ Քանի որ նման փորձ չունենք, պետք է օգտվել այն բարի առաջարկներից, որոնք մեզ արվում են»,- ասում է Բալյանն ու նկատում, որ հանդիպումը նախաձեռնել էր Քաղաքաշինության կոմիտեն։ Ինչ վերաբերում է Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին, ապա, ինչպես Բալյանն է նկատում, նա զերծ է մնացել որոշակի դիրքորոշում հայտնելուց՝ գուցե գիտակցելով խնդրի բարդությունը։  

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը նկատում է՝ Կոնդը Երեւանի ամենահին թաղամասերից մեկն է, որտեղ ինչ-որ բաներ պահպանվել են, ինչ-որ բաներ՝ վերափոխվել։ «Մենք ուզում ենք, որ Կոնդը վերականգնվի, ավելին՝ նույնիսկ սովետական տարիներին կար հնարավորություն՝ վերականգնելու Կոնդը, բայց, ցավոք, իրավիճակ փոխվեց, եւ միայն Կոնդի եկեղեցին մի փոքր վերականգնվեց։ Պատմությունը պետք է պահպանել»,- ասում է նա ու հավելում, որ հանդիպման ընթացքում խոսքը գնացել է Կոնդը վերակենդանացնելու մասին։ «Երբ մարդը գա Երեւան՝ իմանա, որ այս դարերում եղել է նաեւ այսպիսի մի բնակավայր։ Պետք է մի քիչ վերլուծություն կատարվի, թե ինչ խնդիրներ ենք առաջ քաշում, որից հետո նոր մրցույթ հայտարարվի Կոնդի վերակառուցման համար»,-ասում է Մուշեղյանը։

«Կոնդը բավականին աղավաղվեց, այնտեղ բարձրահարկ շենքեր են կառուցվում, որ բոլորովին չի ներդաշնակվում Կոնդի հետ։ Այն եղել է 1-2 հարկանի բնակելի թաղամաս, որն ունի իր պատմությունը, կարեւոր չէ՝ այնտեղ բոլորը հուշարձան են, թե հուշարձան չեն։ Այնտեղ պետք է որոշակի պեղումներ, ուսումնասիրություններ կատարվեն` արդյոք հնություններ կա՞ն, թե՞ չկան, որից հետո կարելի է վերականգնել։ Որեւէ այլ խնդիր չեմ տեսնում։ Պետք է բոլոր ուսումնասիրությունների հիման վրա կազմվի մրցութային առաջադրանք, որի արդյունքում կերեւա, թե ինչ որոշում կկայացվի»,- ասում է Մուշեղյանն ու նկատում՝ քանի դեռ հարցը չի լուծվել, նախագիծ չի կազմվել Կոնդի վերակառուցման ֆինանսական չափի մասին, խոսելն իրատեսական չէ։