Առաջին փուլում 200 առաջարկից ընտրվելու է 20 գործ

Առաջին փուլում 200 առաջարկից ընտրվելու է 20 գործ

Ինչպես գիտենք` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է մրցույթ Հայաստանի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար:

«Իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածնունդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

Մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է ավելի քան 200 դիմում-հայտ, ինչպես նաեւ ստեղծվել է հանձնաժողով, որում տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են ներառված: Հանձնաժողովի անդամ, Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ներկայացվել է մոտ 200 աշխատանք: Ըստ նրա` առաջին փուլի համար ընտրվելու է ընդամենը 20 գործ, որից կընտրվի լավագույնը: Այն հարցին, թե ինչ չափանիշներով է ընտրվելու լավագույն աշխատանքը եւ ինչպես, Լուսինե Ղարախանյանն ընդգծեց. «Չափանիշները դեռ կոնկրետ չեն մշակվել, լինելու է 1-20 բալանոց գնահատման համակարգ, ինչպես նաեւ լինելու է անհատական թերթիկ: Յուրաքանչյուր հավակնորդի ներկայացնելու ենք կոնկրետ ու սպառիչ պատասխան: Եթե օրինակ հայտը մերժվի, հանգամանալից այնտեղ պետք է նշվի, թե ինչու է մերժվում», - նշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով` հիմա չափանիշների մշակման փուլն է եւ ինչ-որ բան հանրայնացնելու իմաստ դեռեւս չկա: Այն հարցին, թե ծանոթացե՞լ եք աշխատանքներին, ունե՞ք նախընտրելի աշխատանք, թե` ոչ, Լուսինե Ղարախանյանը նշեց. «Մի լավ գործի վրա ես կենտրոնացել եմ: Այդ գործում հայկական քրիստոնեությունը որպես կրոն արտացոլված է»: Իսկ թե որտեղ է տեղադրվելու արձանն, ըստ մեր զրուցակցի, դեռեւս հայտնի չէ: