Արդյոք պե՞տք էր բողոքարկել Պոլսի պատրիարքական ընտրությունների վիճահարույց կանոնագիրը․ մեկնաբանություններ

Արդյոք պե՞տք էր բողոքարկել Պոլսի պատրիարքական ընտրությունների վիճահարույց կանոնագիրը․ մեկնաբանություններ

Չնայած այն բանին, որ Պոլսի Հայոց պատրիարքարանի Նախաձեռնակ մարմինը որոշում է կայացրել չբողոքարկել պատրիարքական առաջիկա ընտրությունների հետ կապված թուրքական կառավարության տրամադրած կանոնագրի վիճահարույց դրույթները եւ նախընտրական արշավն էլ արդեն սկսվել է համայնքում, սակայն տարակարծությունները շարունակվում են։ Այս առնչությամբ, «Ակօս» պարբերականը փորձել է պարզաբանումներ ստանալ մի շարք բարձրաստիճան եկեղեցականներից, որոնք, եթե այդ վիճահարույց դրույթները չլինեին, բնական թեկնածուներ պիտի համարվեին Պոլսո Հայոց պատրիարքական Աթոռի համար։

Այսպես, խնդրո առնչությամբ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը օրինակ, «Ակօսի» հետ զրույցում ասել է, որ եթե  ինքը թեկնածու լիներ, խնդիրը դեռ երկու տարի առաջ լուծված կլիներ։ «Ես նախապես էլ ասել եմ, որ համայնքի տարբեր խավերի ներկայացուցիչները՝ 2-3 հոգանոց պատվիրակությամբ պետք է գնային Անկարա եւ իշխանություններին պետք է անհրաժեշտ բացատրությունները տային՝ անհրաժեշտ կարգադրությունների մասին։ Եթե խաղաղ ու համերաշխ մթնոլորտի մեջ նման համդիպում լիներ, ապա կարծում եմ, որ խնդիրը այս փուլին չէր հասնի»,- ասել է արքեպիսկոպոս Պարսամյանը, հավելելով, որ այսօր էլ դա հնարավոր է անել․ կարեւորը որ հարցի հանդեպ բացատրությունները լինեն կառուցողական ոճով, որից հետո, ըստ Խաժակ արքեպիսկոպոսի կապահովվեր հայկական ավանդույթներին համապատասխանող ընտրական գործընթացը։  

Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ նորընտիր պատրիարքը հաջողելու է համայնքում առկա պառակտումները որոշակի ժամանակում լուծելու եւ ազգային միասնականությունը վերականգնելու  գործում։ Վիգեն արքեպսիոկոպս Այքազյանն էլ ընդհանուր առմամբ համակարծիք լինելով Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հետ, կարծում է, որ բողոքարկումը պետք է անպայման արվեր, քանի որ հարցը ոչ թե որեւէ եպիսկոպոսի հանդեպ նախասիրությունն է այլ համայնքի՝ ընտրության լիարժեք իրավունքի վերականգնումը, որը այժմ «հափշտակված է» համայնքից։  Գարեգին արքեպսիոկոպս Բեքչյանն էլ, թեեւ մինչ այժմ հստակ չի փոխանցել իրեն արված դիմումին, սակայն նաեւ ասել է, որ պնդում է, որ համայնքը պետք է մերժեր կանոնագիրը։