Այդ տեսանյութերի հետեւում կանգնած են ՔՊ անդամներ. Քաղաքապետի թեկնածուն, նախկին ՔՊ-ական

3-րդ օրն է Գյումրիում ընտրական գործընթացը պաշտոնապես մեկնարկել է։ Քաղաքական տարբեր ուժեր ներկայացնող թեկնածուները տարբեր մոտեցումներով ազդարարեցին նախընտրական քարոզարշավի սկիզբը։ Նկատենք, որ Գյումրիում քաղաքական դաշտը շիկացած էր մինչ քարոզարշավի մեկնարկը, իսկ ահա մեկնարկից հետո գնալով ավելի է թեժանում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոլի համախոհ, բայց գյումրվա փրայմերիզից հետո նրանից խռոված, ՀԱՍԿ կուսակցության (Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն) Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանը սրտնեղած է իր դեմ տարվող համացանցային արշավից։ Ասում է՝ գիտի, թե ովքեր են դրանց հեղինակներն ու ինչ նպատակ են հետապնդում։
«Տեղեկություններ ունեմ, որ էդ մթագնած ուղեղով, առանց հասկանալու մեկնաբանություններ գրողները ինձ մեղադրում են ճամբարափոխ լինելու մեջ, այդ տեսանյութերը սարքողների ու տարածողների հետևում կանգնած են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները։ Նման սցենարով եւ նման ձեռագրով ինձ հետ գործ չունենաք, այլապես, դուք լավ գիտեք, որ ես տիրապետում եմ շատ տեղեկատվությունների, ու էդ ամենը ոչ թե խոսքերով, այլ փաստերով է։Հորդորում եմ, որ այս ընտրությունները ընթանան բարի-դրացիական հարաբերությունների շրջանակում։ Խորհուրդ կտամ՝ ազնիվ մարդու ետևից չընկնել։ Հանկարծ էնպես չանեն, որ ուղիղ դեմքիս չկարողանան նայել»,-խիստ տոնով նախազգուշացում տվեց Թումանյանն այն կուսակցությանը, որի գաղափարների ու առաջնորդի համար նախկինում ոչինչ չէր խնայում։
Հիշեցնենք, որ 2025թ․ մարտի 30-ին Գյումրիում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ թվով 373 ավագանու թեկնածուներով։
Կարծիքներ