Հանրային ինքնապառակտում

Հանրային ինքնապառակտում

Հանրային մի քանի ինստիտուտներ կան, որոնց գործունեությունն ի սկզբանե բացառում է աչառու, չափազանցված, զգացմունքային եւ, մանավանդ, մերժողական վերաբերմունքն այս կամ այն երեւույթի, առավել եւս՝ պաշտոնյաների կամ անձանց նկատմամբ, մասնավորապես վերջիններիս հանրային գործունեությունը գնահատելիս։ 

Դրանցից է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը։ Մենք ունե՞նք սուբյեկտիվիզմից եւ պատեհապաշտությունից հնարավորինս զերծ ու վեր Մարդու իրավունքների պաշտպան, պաշտպան, ով քաղաքացուն պաշտպանում է պետության ոտնձգություններից։ Գնահատականները կարող են տարբեր լինել, բայց եթե նկատի ունենանք, թե ինչպես է պետությունը (տվյալ դեպքում՝ խորհրդարանը) վերաբերվում ՄԻ պաշտպանին, կարող ենք պնդել, որ ՀՀ ՄԻՊ-ն իր առաքելությունը հիմնականում իրականացնում է ճիշտ եւ հետեւողականորեն։ Ապացույցը՝ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորի խիստ ավելորդ պաթոսով, ատելությամբ ինքնահղի եւ փարիսեցիությամբ համեմված ելույթն էր ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկման ժամանակ։ Դա ելույթ էր, որն իշխանությունների՝ վերջերս խիստ ակտիվացած եզրաբանությամբ, հատկանշվում էր սադրանքով, ՄԻՊ-ին հավասարակշռությունից հանելու, նրան նույն մակարդակին իջեցնելու, դրանով իսկ ոչնչացնելու մոլուցքով։ Սակայն ՄԻՊ-ի արձագանքն այդ ելույթին ավելի քան տպավորիչ էր՝ կարճ, անառարկելի, բարոյախրատական, այս վերջին բառի առումով՝ միանգամայն համարժեք աչքի ընկնել փորձող երիտասարդ կարիերիստի դատարկաբանությանը։  
Հայաստանում գործում է նաեւ Հանրային խորհրդի ինստիտուտ՝ ոչ պակաս կարեւոր առաքելությամբ ու գործառույթներով։ Բայց արդյո՞ք ունենք ՀԽ նախագահ, որը գոնե հեռավոր կերպով համակշիռ է ՄԻՊ-ին՝ իր լրջմտությամբ, լայնախոհությամբ, հավասարակշռությամբ, էլ չասած՝ արժեհամակարգի, բարոյական ու պաշտոնեական նկարագրի հստակությամբ ու անաղարտությամբ։ Հաստատ՝ չունենք։

Ավելին․ միայն հայաստանյան քաղաքական ու հասարակական խեղված իրականությունում էր հնարավոր այս երկու ինստիտուտների «առճակատումը»։ Զավեշտ է, բայց առավել վատթար՝ ամոթ ու ողբերգություն, տեսնել, թե ինչպես է ՄԻՊ-ը հանդիմանում ՀԽ իր գործընկերոջը (գործընկեր՝ սոսկ առաքելության իմաստով)՝ կոչ անելով զսպվածության։ Իր «հակառակորդին» միայն «գաբարիտ-արշինով» չափող ՀԽ նախագահը, որ նսեմաբար վիրավորում է, ի լրումն հակառակորդի «ծաղրելի» արտաքին հատկանիշների՝ նաեւ կնոջը, վեր է բոլոր ընկալումներից, հեռու է բոլոր պատկերացումներից, որ կարող ենք ունենալ որեւէ պաշտոնյայի, առավել եւս՝ ՀԽ նախագահի մասին։ 

Սա ընդամենը վկայություն է այն բանի, որ մենք, իսկապես, արդեն հաջողել ենք «սեւերի» ու «սպիտակների» քաղաքական կարճատեսության, ասել է թե՝ կարճամտության մեջ ներառնել երկու հանրային ինստիտուտներ եւ «հանել» մեկմեկու դեմ։ 
Եվ սա ակնհայտ հանրային ինքնապառակտում է, որի առաջին մեղավորը իշխանությունն է։

Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ