Վինիլ

Վինիլ

Robbie Williams
Feel/ Զգալ

Արի, բռնիր ձեռքս
ուզում եմ զգալ կյանքը
վստահ չեմ, որ հասկանում եմ դերը,
որ տրվել է ինձ
նստել եւ խոսում եմ Աստծո հետ
իսկ նա լոկ ծիծաղում է իմ ծրագրերի վրա
գլուխն իմ խոսում է մի լեզվով,
որ չեմ հասկանում

Պարզապես ուզում եմ զգալ, 
որ իրական սերը լցնում է տունը, որում ապրում եմ
որովհետեւ կյանքը հոսում է իմ երակներով եւ վատնվում
մահանալ չեմ ուզում,
բայց ապրելուն էլ հակված չեմ
եւ մինչ սիրահարվելս
նախատեսում եմ լքել նրան

մահու չափ վախենում եմ ինձնից
ահա թե ինչու մշտապես փախչում եմ
եւ մինչ ժամանելս, տեսնում եմ ճանապարհը, որ անցնելու եմ

պարզապես ուզում եմ զգալ, 
որ իրական սերը լցնում է տունս
որովհետեւ կյանքը հոսում է իմ երակներով եւ վատնվում

այս կյանքում եւ դրանից հետո
իսկական սերը զգալու կարիք ունեմ.
չի բավականացնում ինձ

պարզապես ուզում եմ զգալ, 
որ իրական սերը լցնում է տունս,
որովհետեւ սերը հոսում է իմ երակներով եւ վատնվում…

պարզապես ուզում եմ զգալ իսկական սեր
այս կյանքում եւ դրանից հետո
իմ հոգում դատարկություն է
կարող ես եւ տեսնել այն դեմքիս
իսկապես մեծ դատարկություն է…

արի ու բռնիր ձեռքս
ուզում եմ զգալ կյանքը
վստահ չեմ, որ հասկանում եմ ինձ տրված դերը,
վստահ չեմ, որ հասկանում եմ
վստահ չեմ, որ հասկանում եմ
վստահ չեմ, որ հասկանում եմ
վստահ չեմ, որ հասկանում եմ

Ryan Gosling & Emma Stone
City of stars/ Քաղաք աստղերի

Քաղաք աստղերի,
միթե շողում ես հենց ինձ համար
քաղաք աստղերի
այնքան բան կա, որ չեմ կարող տեսնել
ո՞վ գիտի…
ես զգացի քեզ հետ կիսած առաջին իսկ գրկախառնությունից
որ երազանքները մեր, ի վերջո իրական են դարձել

Քաղաք աստղերի,
լոկ մի բան, որ ուզում է յուրաքանչյուրը
բարերում
եւ ծխախոտի քուլաների մեջ մարդաշատ ռեստորանների.
սեր
այո, ամենն ինչ փնտրում ենք` սերն է մեկ ուրիշից
շտապ շարժում
թռուցիկ հայացք
հպում
պար

մի հայացք մյուսի աչքերում
որ լուսավորում է երկինքը
բացում աշխարհն ու ստիպում նրան ցնցվել
եւ ձայնը, որ ասում է
կլինեմ կողքիդ եւ ամեն ինչ լավ կլինի

ինձ համար մեկ է`
գիտե՞մ արդյոք, թե ուր եմ գնում
չէ որ ամենն ինչ պետք է ինձ
այս խենթ զգացողությունն է, թռթռոցը սրտիս

կարծես ուզում եմ, որ այն երկար շարունակվի

քաղաք աստղերի,
ի՞նձ համար ես շողում
քաղաք աստղերի
դու երբեք չէիր շողացել այսպես պայծառ…

Frank Sinatra
Fly me to the moon / Այնպես արա՝ թռչեմ Լուսին

Այնպես արա, որ թռչեմ դեպի Լուսին,
թույլ տուր խաղալ աստղերի հետ,
թույլ տուր տեսնել՝ ինչպիսին է գարունը
Յուպիտերի եւ Մարսի վրա:
Այլ կերպ ասած՝ ձեռքս բռնիր,
այլ կերպ ասած՝ փոքրիկ իմ, համբուրիր ինձ:

Լցրու սիրտս երգով
եւ թույլ տուր երգել ընդմիշտ:
Դու այն ամենն ես, ինչ պետք է ինձ,
այն ամենը, որ երկրպագում եւ պաշտում եմ:
Այլ կերպ ասած՝ խնդրում եմ, իրական եղիր,
այլ կերպ ասած՝ ես սիրում եմ քեզ:

Լցրու սիրտս երգով
եւ թույլ տուր երգել ընդմիշտ:
Դու այն ամենն ես, ինչ պետք է ինձ,
այն ամենը, որ երկրպագում եւ պաշտում եմ:
Այլ կերպ ասած՝ խնդրում եմ, իրական եղիր,
այլ կերպ ասած, 
այլ կերպ ասած՝
ես սիրում եմ… քեզ:

Cesaria Evora
Sodade / Թախիծ

Ո՞վ է ցույց տվել այս հեռավոր ճանապարհը քեզ,
Ո՞վ է ցույց տվել այս հեռավոր ճանապարհը քեզ,
Այս ճանապարհը` դեպի Սան-Տոմե…

Թախիծ, թախիծ,
թախիծ առ իմ հարազատ Սան-Նիկոլայ:

Գրիր ինձ, եւ ես կպատասխանեմ քեզ,
Մոռացիր ինձ, կմոռանամ ես նույնպես,
Մինչեւ այն պահը, երբ կվերադառնաս:

Թախիծ, թախիծ…

Hooverphonic-Eden
Եդեմ

Երբեւէ մտածե՞լ ես իմ մասին,
Ինչպես քո լավագույն ընկերոջ:

Երբեւէ մտածե՞լ եմ քո մասին…
Չեմ բողոքում:

Երբեք չեմ փորձել զգալ,
զգալ այս անհանգստությունը,
չեմ էլ փորձել երբեք հասնել, 
եդեմին քո, երբեք չեմ փորձել հասնել:

Երբեւէ մտածե՞լ եմ քո մասին,
Ինչպես իմ թշնամու:

Երբեւէ մտածե՞լ ես իմ մասին.
դժգոհ եմ:

Երբեք չեմ փորձել զգալ,
զգալ այս անհանգստությունը,
չեմ էլ փորձել երբեք հասնել, 
երանությանը քո, երբեք չեմ փորձել հասնել: 

Թարգմանությունները՝ Նոռա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ