«Ռոսսելխոզնադզոր»-ը մտահոգություններ ունի և պաշտոնապես դիմել է Հայաստանին
Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») մտահոգություն է հայտնում Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ հաճախակի դարձած խախտումների կապակցությամբ:
Այս մասին նշված է գերատեսչության հայտարարության մեջ, որի տեքստը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ 2023 թվականին «Ռոսսելխոզնադզորի» տարածքային վարչությունների կողմից Հայաստանի Հանրապետությունից ստացված ծաղկային և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում գրանցվել է կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման 72 դեպք։
«Ընդ որում, նոյեմբերին խախտումների կտրուկ աճ է գրանցվել. միայն նոյեմբերի 24-26-ին գրանցվել է 36 դեպք»,- նշված է հայտարարության մեջ:
Գերատեսչության կարծիքով՝ դա վկայում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազման մասին և սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի բուսասանիտարական բարեկեցության համար։ Նշվում է, որ ռուսական կողմը տեղեկացրել է բոլոր խախտումների մասին Հայաստանի իրավասու գերատեսչությանը, սակայն իրականացված հետաքննությունների մասին տեղեկություններ մինչ օրս չեն ստացվել:
Հաշվի առնելով այս իրավիճակը՝ «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստան՝ խնդրելով անհապաղ սպառիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստան վարակված արտադրանքի առաքումը կանխելու համար և ռուսական գերատեսչությանը տեղեկացնել այդ մասով իրականացված աշխատանքի մասին։
Ավելի վաղ գրել ենք, որ Լարսում 100-ավոր բեռնատարներ չեն կարողանում անցնել Ռուսաստանի սահմանը: Պտուղ-բանջարեղենով, ձկնով, ծաղիկով և այլ սննդամթերքով բեռնված ավտոմեքենաները անցակետում գտնվող ֆիտոսանիտարական կետում խիստ վերահսկողություն են անցնում և ետ վերադառնում Հայաստան։
«Ռոզ ֆիլդ» վարդերի ջերմոցային տնտեսության ծաղիկով բեռնված 2 բեռնատարներից մեկն արդեն Ռուսաստանի սահմանից հետ է վերադարձել, մյուսն էլ ճանապարհին է։ Տնտեսության ղեկավարը մանրամասնել էր, որ ՌԴ սանիտարական ծառայությունները ֆիտոսանիտարական անցակետում ստուգվել են իր ջերմոցային տնտեսության 65 հազար հատ վարդը և թույլ չեն տվել անցնել՝ պատճառաբանելով, թե սանիտարական նորմերին չի համապատասխանում։
Կարծիքներ