Թրամփը Փաշինյանին փող չի տա՝ ՌԴ-ի դեմ թշնամության համար

Տեղ հասանք. ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր ստորագրած առաջին հրամանով սառեցրել է այլ երկրների տրամադրվող ամերիկյան օգնությունը: Ճիշտ է` առայժմ 90 օրով, բայց, ամենայն հավանականությամբ, Թրամփն ընդհանրապես կչեղարկի այն պարտավորությունները, որոնք ստանձնել է ԱՄՆ նախկին վարչակազմը՝ տարբեր երկրների նկատմամբ: 90 օրվա ընթացքում ԱՄՆ նոր վարչակազմը պարզելու է, թե որքանով է համապատասխանում ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը նոր վարչակազմի քաղաքական նպատակներին:
Այս որոշումից ամենաշատը տուժելու է Ուկրաինան, որը հիմա ամերիկյան ամենամեծ օգնություն ստացողն է. ռուս-ուկրաինական պատերազմը վարվում է ամերիկյան փողերով, ԱՄՆ-ն Կիեւի վարչակազմին ապահովում է փողով, ռազմական տեխնիկայով, իսկ վարչակազմը սեփական քաղաքացիներին բռնությամբ բերման է ենթարկում եւ ուղարկում ռազմաճակատ` կռվելու հանուն Ուկրաինայի անկախության եւ ինքնիշխանության: ԱՄՆ նախկին վարչակազմը համարում էր, որ այդ գումարը ծառայում է ամերիկյան արտաքին քաղաքական նպատակների իրականացմանը` թուլացնում է ԱՄՆ ռազմավարական հակառակորդ Ռուսաստանին: Եթե Ուկրաինան հաղթեր Ռուսաստանին, ապա ԱՄՆ-ն, որպես հաղթող երկիր, կտիրանար Ռուսաստանի ռեսուրսներին, որոնք կապահովեին ԱՄՆ-ի առաջանցիկ զարգացումը եւս մի քանի տասնամյակ: Նոր նախագահ Թրամփն այս հարցում այլ տեսակետ ունի. նա կարծում է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ ռեսուրսները գտնվում են իրենց քթի տակ` Կանադա, Գրենլանդիա, որոնց տիրանալու համար ընդհանրապես պետք չէ պատերազմել, փող ծախսել, դրանց կարելի է տիրանալ նվազագույն դիմադրության պայմաններում: Ռուսաստանի հետ կարելի է պայմանավորվել, իսկ խնայված միջոցները ծախսել ավելի արդյունավետ` ԱՄՆ զարգացման վրա: Տարբեր կալիբրի եւ մաստի բախտախնդիրներ, որոնք բուծվել էին նույն ամերիկյան փողերով եւ պատրաստ էին ամերիկյան ֆինանսավորմամբ անշահախնդրորեն ծառայել ամերիկյան արտաքին քաղաքական նպատակների իրագործմանը` ամերիկյան ազդեցության ընդլայնմանը, հիմա խոր դեպրեսիայի մեջ են, բայց դա Թրամփին քիչ է հուզում:
Հնարավոր է, որ Ուկրաինայի իշխանությունները եւ հատկապես Զելենսկին հայտարարեն, որ Թրամփի այս որոշումը ջուր է լցնելու Ռուսաստանի ծավալապաշտական քաղաքականության ջրաղացին, կարող են Թրամփին նույնիսկ Պուտինի գաղտնի գործակալ հռչակել եւ փորձել Ռուսաստանի դեմ պատերազմը շարունակել առանց ամերիկյան օգնության՝ հույսը դնելով բացառապես եվրոպական երկրների` Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի աջակցության վրա: Բայց եվրոպական երկրներում հասկանում են, որ չեն կարող լրացնել այն բացը, որը կառաջանա պատերազմից ԱՄՆ-ի փաստացի դուրս գալուց հետո, եւ եթե իրենք, այնուամենայնիվ, նման բան անեն, ապա Ուկրաինայի հետագա կորուստների եւ ավերածության ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է իրենց վրա: Հետեւաբար, հետպատերազմյան Ուկրաինայի վերականգնման ֆինանսական բեռը եւս ստիպված պետք է իրենք կրեն: Ուրեմն նման քայլի չեն գնա եւ կհամոզեն Զելենսկուն՝ համաձայնել Թրամփի պայմաններին: Իսկ դա նշանակում է, որ Ուկրաինան 3 տարի անիմաստ է կռվել, որ չի կարողանալու ոչ միայն վերադարձնել կորցրածը, վերականգնել 1991-ի` Փաշինյանի սիրած Ալմա-Աթայի հռչակագրով արձանագրված սահմանները, այլեւ ամեն օր խաղաղությունը հետաձգելով, նոր տարածքային կորուստներ է ունեցել, որի պատասխանատուն Զելենսկու իշխանությունն է:
Թրամփի այս որոշումը վերաբերում է նաեւ ԱՄՆ մեկ այլ ռազմավարական գործընկերոջ` Հայաստանին, ճիշտ է՝ ոչ այն չափով, որքան Ուկրաինային, բայց դե՝ երկրների մասշտաբներն էլ նույնը չեն: 2024-ին Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Նիկոլ Փաշինյանին խոստացան ֆինանսական աջակցություն` ԵՄ-ն՝ 270 միլիոն եվրոյի, իսկ ԱՄՆ-ն` 65 միլիոն դոլարի չափով: Թրամփի երդմնակալությունից առաջ էլ Արարատ Միրզոյանը նույն Բլինքենի հետ ստորագրեց ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրությունը: Ամերիկյան օգնությունը պետք է օգտագործվեր այդ կանոնադրության մեջ ներկայացված ոլորտներում` «տնտեսական եւ էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության եւ անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության եւ օրենքի գերակայության խթանում, նորարարությունների եւ բարձր տեխնոլոգիաների զարգացում», առաջընթաց պահովելու համար:
Իրականում ԱՄՆ նախկին վարչակազմը չէր թաքցնում, որ Հայաստանին, ավելի ճիշտ` իշխանությանը, փող է տալիս, որ նրանք խզեն Հայաստանի կապերը Ռուսաստանի եւ Իրանի հետ, փող է տալիս այդ երկրների դեմ թշնամություն անելու համար: Հիմա Թրամփն ասում է, որ իր համար Ուկրաինայի նման խոշոր կամ Հայաստանի նման մանր երկրներին Ռուսաստանի դեմ լարելը, թշնամությունը խրախուսելը հետաքրքրություն չեն ներկայացնում, ինքը ցանկություն չունի ամերիկյան փողը ցփնել ինչ-որ անհասկանալի, կասկածելի արդյունավետություն ունեցող արտաքին քաղաքական արկածախնդրությունների վրա, այն դեպքում, երբ այդ գումարը կարելի է ծախսել սեփական երկրի զարգացման վրա:
Ինչպես Զելենսկու, այնպես էլ Փաշինյանի վերջին հույսը մնացել է ԵՄ-ն: Մինչդեռ սեփական տնտեսական խնդիրները լուծելու մարտահրավերի առաջ կանգնած ԵՄ-ն դժվար թե միայնակ իր վրա վերցնի ամերիկյան նախկին որբերի խնամակալության ամբողջ պատասխանատվությունը: Արդեն ասել ենք, որ անվտանգության հարցերում Փաշինյանի հույսը հիմա միայն Թուրքիան է, բայց Փաշինյանը գիտի, որ թուրքերն իրեն փող չեն տա՝ իշխանությունը պահելու համար: Դրա համար է ամբողջ կատաղությամբ ընկել հայ հասարակության ջանին՝ փորձելով նրա վրայից հանել վերջին շապիկը, իսկ եթե դա բավարար չլինի, նաեւ մաշկազերծ անել: Նա մինչեւ հիմա թիմի լոյալությունը պահում էր փողով, իսկ եթե փող չկա, չկա նաեւ այդ լոյալությունը: Նրա իշխանության վերջը չափազանց մոտ է:
Կարծիքներ