Փաշինյանը Գյումրիում «եվրատեսիլ» է անելու․ որոշել է՝ ինչպես փրայմերիզ անել

Փաշինյանը Գյումրիում «եվրատեսիլ» է անելու․ որոշել է՝ ինչպես փրայմերիզ անել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի փրայմերիզ ասվածն արդեն  մեկնարկել է․ Գյումրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնին հավակնելու նպատակով ինքնաառաջադրումը սկսված է, որը տևելու է մինչև դեկտեմբերի  2-ը` ժամը 12․00-ն։ Թե ինչ է փրայմերիզը, Փաշինյանն ինքը փորձեց բացատրել.

«Մենք կխնդրենք, որ  ՔՊ-ի անդամների, համակիրների, համախոհների շրջանակից առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ, որոնց քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է՝ մերժենք, որից հետո մենք Գյումրիի բնակիչների շրջանում, իհարկե, ոչ բոլորի շրջանում, որոշակի սկզբունքով, ինչ-որ առումով՝ նաև պատահականության սկզբունքով, կիրականացնենք քվեարկություն։
Քվեարկության արդյունքներով հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը, մեծ հավանականությամբ, կլինի նաև մեր թեկնածուն՝ Գյումրիի ավագանու առաջիկա ընտրություններում»,- հայտարարեց նա։

Իշխող  «Քաղաքացիական պայմանագիրը» լրջորեն  պատրաստվում է Գյումրիում համոզիչ ներկայացման։ Մեր աղբյուրները տեղեկացրեցին, որ Փաշինյանը հանձնարարել է քվեատուփեր  պատրաստել, որոնք ձեռքներին՝ կշրջեն բակերով, թաղից-թաղ, կթակեն բնակիչների դռները, կկանգնեցնեն անցորդ գյումրեցիներին եւ կառաջարկեն ընտրել իրենց նախընտրած այն  թեկնածուին, որոնք առաջադրվել են ՔՊ-ի կողմից։ Իսկ թափանցիկությունն ապահովվելու է ուղիղ եթերը, որի ընթացքում Փաշինյանն արկղերից հերթով հանելու է եւ ընթերցելու թեկնածուների անուն-ազգանունները։  Կհաշվեն, թե ով որքան ձայն է հավաքել։ Ժողովրդի ընտրությանը կգումարվի նաև ՔՊ վարչության անդամների քվեարկությունը, որից հետո կհայտարարվի Գյումրու քաղաքապետի՝ ՔՊ-ական ժամանակավոր պաշտոնակատարի անունը։
Գյումրեցիներն արդեն կատակում են՝ Փաշինյանը եվրատեսիլ է անելու Գյումրիում։ Նախ ժողովուրդն է քվեարկելու, հետո ժյուրին,  իսկ միգուցե ավելի լավ  կլիներ sms քվեարկություն անցկացնեին։ «Չեղնի- չեղնի, մե 100 հոգի իրանց համախոհներից կեղնի, sms-ով կքվեարկի, ըշտը հերիք է, էլ ինչ մեյմունություն կխաղան․․․»,-ասում են գյումրեցիները։

Նշենք, որ արդեն իսկ ՔՊ-ական թեկնածուներից ոմանք հայտնի են։ Տեղեկացրել էինք, որ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ Վահագն Մկրտչյանը հայտարարել է առաջադրվելու մասին։

Երկու թեկնածու ևս հստակ որոշում են կայացրել ։
Մեկը Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Շավարշ Արամյանն է, մյուսը՝ Փաշինյանի մոլի համակիր Արտյոմ Թումանյանը, որին գյումրեցիները ճանաչում են որպես երգիչ-դերասան։ Երեկ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին փոխքաղաքապետ  Դավիթ Առուշանյանը ևս հայտարարել է իր հավանական մասնակցության մասին։