«Թանգարանների գիշեր»՝ 125 թանգարաններում

«Թանգարանների գիշեր»՝ 125 թանգարաններում

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումն այս տարի կանցկացվի մայիսի 21-ին: Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) որոշմամբ: Տոնի նպատակն է՝ համախմբել թանգարաններին հասարակության եւ մարդկության առջեւ ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը եւ լուծմանն ուղղված թանգարանների կարեւորագույն դերի եւ հնարավորությունների մասին:

Թանգարանների միջազգային օրվա 2022 թ. խորագիրն է՝ «Թանգարանների ուժը», որն առաջարկում է բացահայտել թանգարանների ներուժը երեք առանցքային միտումների համատեքստում՝ կայուն զարգացում, նորարարական-տեխնոլոգիական հասանելիություն եւ շարունակական կրթություն՝ որպես կարեւորագույն գործոններ համայնքների զարգացման եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման շուրջ: Այս տարի եւս տոնական միջոցառումները կմեկնարկեն Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, եւ կշարունակվեն մայիսի 21-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ, որին միացել են Հայաստանի եւ Արցախի 125 թանգարաններ:

Մայիսի 18-ին թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար՝ թանգարանի աշխատանքային ժամերին, եւ մայիսի 21-ին՝ ժամը 11:00-24:00-ն: