Մարդկանց մոլորեցնելով՝ փորձել են արգելափակել մեր լրատվամիջոցը

Մարդկանց մոլորեցնելով՝ փորձել են արգելափակել մեր լրատվամիջոցը

Մամուլի դեմ պայքարը, փաստորեն, ավելի համակարգված եւ կազմակերպված ձեւ է ստացել։ Պատերազմական օրերին ստեղծվել է «Google chrome»-ի ծրագրային հավելված, որը, իբրեւ թե, պետք է համացանցի հայ օգտատերերին զերծ պահեր ադրբեջանական քարոզչությունից, սակայն դրա անվան տակ փորձել են արգելափակել իշխանության համար ոչ ցանկալի լրատվամիջոցները։ Խոսքը «fakeblocker» ծրագրի մասին է, որը ներբեռնելու դեպքում ավտոմատ արգելափակվում են այն կայքերը, որոնք ծրագրավորողը նպատակահարմար է գտել ներառել ծրագրի մեջ։ Շատ կարեւոր է այն, որ ներբեռնողը չգիտի, թե կոնկրետ ինչ կայքեր են արգելափակվելու, ինչը ստեղծողներին թույլ է տվել, որ ադրբեջանական կայքերի հետ միասին այնտեղ ներառեն նաեւ իրենց համար ոչ ցանկալի լրատվամիջոցները՝ մասնավորապես hraparak.am-ը եւ նրա ֆեյսբուքյան էջը։ Եվ սրա մասին մենք չէինք իմանա, եթե չահազանգեին մեր ընթերցողները, որոնք, չկարողանալով բացել hraparak․am-ը, կապվել էին մեզ հետ։

Մեր անվտանգությունն ապահովող «Digifence» ընկերության ծրագրավորողներին հաջողվեց պարզել, որ ծրագիրը ստեղծել է ոմն Գոռ Գեւորգյան, որն այդ օրերին աշխատել է Ագրարային համալսարանում, հիմա տեղափոխվել է մասնավոր կազմակերպություն՝ «Web Foundation»։ Թերեւս ծրագիրն այնքան «արդյունավետ» է ստացվել, որ նրա առջեւ նոր դռներ են «բացվել»։ Մենք կապվեցինք Գոռ Գեւորգյանի հետ՝ հասկանալու, թե ինչու է հանրությանը մոլորեցնում եւ Հայաստանում գրանցված, օրինական գործունեություն իրականացնող, մեծ լսարան ունեցող լրատվամիջոցին խաբեությամբ ներառել ադրբեջանական կայքերի ցանկում եւ ապօրինի ու քրեորեն պատժելի գործողություններ անում։ Գեւորգյանը հաստատեց, որ ինքն է ծրագրի հեղինակը, իսկ հարցին, թե ինչպես է ընտրել կայքերը եւ ինչ կայքեր է ներառել, պատասխանեց․ «Ներառել ենք կեղծ լուր տարածող կայքեր, որոնք ուղարկել են, ստուգել ենք, նոր դրել ենք»։ Իսկ ինչպե՞ս է պատահել, որ hraparak.am-ն էլ է հայտնվել այդ ցանկում։ «Էդ չեմ կարա ասեմ, կարող ա ադմինիստրատորներից են արել։ Գուցե այդ օրերին ինչ-որ սխալ լուր է տարածել, դրա համար է հայտնվել»։ Այսինքն՝ ի՞նքն է որոշում, թե որն է «ճիշտ» լուրը, որը՝ «սխալ»։ «Չէ»։ Իսկ ո՞վ է որոշում։ «Չեմ կարա ասեմ կոնկրետ անուն»։ Ակնհայտ է, որ ծրագրավորողին պատվիրել են մեր լրատվամիջոցի նկատմամբ նման ապօրինի քայլ կատարել։

Մենք դիմեցինք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որ մեր լրատվամիջոցի տնտեսական գործունեության դեմ ուղղված քայլ է կատարվել, այս հանցավոր գործունեությունն ազդել է մեր եկամտի վրա, սակայն մեզ ասացին․ քանի որ ծրագրավորողն անհատ անձ է, իրենք ազդեցություն չունեն՝ կազմակերպությունների գործունեությունն են վերահսկում։

Սա ուղղակի խարդախություն է, լրատվական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված անօրինական քայլ, ուստի ոստիկանությանը հորդորում ենք այս հրապարակումը դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում եւ ընթացք տալ։ Հատկանշական է նաեւ այն, որ այդ հավելվածը տարածել են մեծ լսարան ունեցող ֆեյսբուքյան օգտատերերը, ինչն ավելի է մեծացրել մեր կրած վնասները։