Ինչպես վերեւում է, այնպես էլ ներքեւում

Ինչպես վերեւում է, այնպես էլ ներքեւում

Հնագիտությամբ հետաքրքրվողները նկատած կլինեն մի այսպիսի արտահայտություն. «Ինչպես վերևում է, այնպես էլ ներքևում»: Ի՞նչ է դա նշանակում: Երկրագնդի վրա նախկինում գոյություն ունեցող քաղաքակրթությունների պատկերացումների համաձայն, այն, ինչ գտնվում է վերևում կամ տիեզերքում (աստվածներ, օրենքներ, օբյեկտներ և այլն) չի կարող իր ածանցյալը չունենալ երկրագնդի վրա: Այդ արտահայտության ամենահայտնի դրսևորումը հին եգիպտական Գիզայի երեք բուրգերի համալիրի դասավորվածությունն է, ինչը համընկնում է Օրիոն (մեզանում՝ Հայկ) համաստեղության երեք աստղերի հետ: Բայց քանի որ մեր ժամանակներում հին աստվածները վաղուց հարգի չեն, մարդիկ վերև ասելով սովորաբար նկատի են ունենում որևէ պետության կենտրոնական իշխանությանը (եթե այն բռնատիրական է կամ ունի դրան վերածվելու միտում) կամ իշխանություններին (իրական ժողովրդավարության պարագայում):

Հայաստանում, ինչպես հայտնի է, ձևականորեն գոյություն են ունեցել և այսօր էլ նույն ձևով առկա են իշխանության երեք թևեր՝ գործադիր, ներկայացուցչական և դատական: Ու չնայած իրական իշխանությունը գտնվում է ընդամենը մեկ անձի՝ երբեմնի «դուխով» Նիկոլի ձեռքում, բայց մարդիկ շարունակում են խորհրդարանը, որպես իշխանություն, դիտարկելու ավանդույթը: Ու ըստ այդմ, պետական այդ կառույցն էլ, անկախ իրենից, ընկալվում է որպես վերևում գտնվող: Իսկ նրանում, ինչին մենք ականատես ենք եղել բազմիցս, տեղի են ունեցել և շարունակում են տեղի ունենալ երևույթներ, որոնց տեղը ոչ թե Ազգային ժողովն է, այլ արևելյան բազարը: Բայց քանի որ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» է, ապա նշված բազարի նիստուկացն էլ պետք է իր դրսևորումն ունենա արչևմուտքի ու արևելքի արանքում գտնվող մեր պետության խորհրդարանում: Հատկապես որ նման երևույթներին տոն է տրվում վերը նշված մեկ անձի կողմից:

Իսկ եթե այդպիսին է իրավիճակը վերևում, ապա ինչու չի կարող նույնը տեղի ունենալ ներքևում՝ օրինակ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում: Որտեղ 12-14 տարեկան պատանին կարող է ձեռ առնել պատմության ուսոցչուհուն: Ում գլխավոր «մեղքն» այն է, որ յասամանի ծաղիկների միջից, հայոց հին սովորության համաձայն, փնտրել ու գտել է հնգաթև մի ծաղիկ: Ու, ըստ այդ «մեղադրանքի», կերել է այն: Չնայած նեղն ընկած ուսուցչուհին հերքում էր ծաղիկ ուտելը, սակայն դա ևս ներառվում է նույն ավանդույթում: Ինչը ո՛չ նույնիսկ զանցանք է և ո՛չ էլ բարոյականության կանոնների խախտում: Իսկ ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքը հաստատ և՛ առաջինն է, և՛ երկրորդը: Ինչպիսի տհաճություն մարդ զգում է, երբ ԱԺ-ում ՔՊ-ականներն են իրենց լեզուներին ազատություն տալիս, նույնը զգացվեց նաև երեխայի առումով:
Ինչևէ, ի տարբերություն երեկվա Ազգային ժողովի ղեկավարության, ԿԳՄՍ նախարարության և նախարարի արձագանքն ադեկվատ էր: Բայց դա հասկանալի է, քանի որ ոչ միայն ուսուցչուհին էր զոհը, այլև ոտնահարված էր բնագավառի հեղինակությունը, ինչը չէր գիտակցվել լրագրողի առջև այդ երեխայի «ելույթը» նախապատրաստողների կողմից: Ի դեպ, նախկինների օրոք առկա՝ ուսման նկատմամբ արհամարհանքն այն պատճառներից էր, որ հասարակության գրագետ հատվածը միացավ Սերժին մերժելու գործընթացին: Սակայն գործող իշխանությունը յոթ տարվա ընթացքում ոչ միայն ոչինչ չարեց այդ երևույթն արմատախիլ անելու ուղղությամբ, այլև ավելի խորացրեց այն: Ու այդ պատճառով էլ դպրոցում տեղի ունեցավ այն, ինչը չէր կարող տեղի չունենալ նման պայմաններում: Ինչպես ասվում էր՝ «Ինչպես վերևում է, այնպես էլ ներքևում»: