Բանակը եւս, շունչը պահած, սպասում է ազգային զարթոնքին

Բանակը եւս, շունչը պահած, սպասում է ազգային զարթոնքին

Երբեմնի հաղթական մայիսը կորցրել է իր փայլն ու տոնականությունը, այն արդեն ոչ թե հաղթանակների ու պատվի, այլ ցավի ու կորուստների հետ է սկսել նույնանալ։ Իրավիճակն առավել քան անբնական է ոչ միայն քաղաքականապես, այլեւ զինված ուժերում եւ հատկապես նրա սպայակույտում ձեւավորված անհասկանալի եւ անընդունելի իրավիճակի լույսի ներքո։ Ի վերջո, բանակի սահմանադրական առաքելությունը պետության ռազմական անվտանգության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության աներկբա պահպանումն է։ Ո՞ւր է Զինված ուժերի գլխավոր շտաբի պատասխանատվությունն ուղիղ մեկ տարի շարունակվող՝ 2021-ի մայիսին մի քանի ուղղությամբ Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած եւ օրեցօր խորացող թշնամուն ոչնչացնելու կամ հետ մղելու հարցում։

Հայաստանի քաղաքական վերնախավը ծրագրված եւ հետեւողականորեն զրկում է պետությանն արտաքին վտանգներին եւ սպառնալիքներին դիմակայելու նույնիսկ նվազագույն հնարավորությունից։ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխատված վիճակից մինչեւ հաղթանակի զորահրամանատարների նկատմամբ քրեական գործեր, պաշտոնաթող գեներալների հասցեին սպառնալիքներ ու պարսավանք՝ ծառայում է բարոյալքման եւ թշնամուն հնազանդ հանձնվելու դավաճանական նպատակին։ Արցախյան ազատամարտին հաջորդած 25 տարում՝ 1994-2018 թթ․-ին, փոխվել է ԶՈՒ ԳՇ ընդամենը չորս պետ, նույնքան ԳՇ պետ է փոխվել Փաշինյանի կառավարման ընդամենը չորս տարում, ավելին՝ այսօր այդ հաստիքն ամիսներ շարունակ թափուր է։ Սա այլ բան չէ, քան բանակի փաստացի կազմալուծում։

Չնայած անցած տարեսկզբին իր հրաժարականը պահանջած գեներալիտետի մեծամասնությունն այսօր ազատված է զբաղեցրած պաշտոններից, միեւնույն է՝ Փաշինյանը չի կարողանում բանակին ներել այդ «հանդգնությունը» եւ շարունակում է առաջնորդվել պարզ քինախնդրությամբ։ Նա պնդում էր, թե զինված ուժերն իբր վերազանցել են իրենց սահմանադրական իրավասությունը, մինչդեռ տեղյակ էլ չէր, որ բանակի միակ գործը պետության անվտանգության ապահովումն է, եւ եթե սպայակույտը հայտարարում է, որ օրվա իշխանությունը պետք է պաշտոնանկ արվի, դրանով իսկ արձանագրում է, որ անվտանգության լրջագույն սպառնալիքը հենց կառավարությունն է։
Հետեւաբար, բանակի կոչը հենց իր սահմանադրական առաքելության իրացման շրջանակում էր, բայց այն, ցավոք, հնարավոր չեղավ քաղաքականապես կապիտալիզացնել, եւ գործընթացը մեկ տարով հետաձգվեց՝ մինչեւ նոր Դիմադրության շարժման ծնունդը։

Ընդ որում, այդ ժամանակ Հայաստանում դեռեւս ռազմական դրություն էր, այսինքն՝ ապիկար կառավարման վտանգները զինուժի ոլորտում շատ ավելի զգալի ու սպառնալից էին։ Անգամ այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարությունն աներկբա արձանագրեց, որ ԳՇ կոչը ռազմական հեղաշրջման փորձ չէ։ Այդ ձեւակերպումն օգտագործում էին բացառապես Փաշինյանն ու նրա Բաքվի եւ Անկարայի պաշտոնակիցները, ինչից ակնհայտ էր, թե ով է այս իշխանության իրական շահառուն, այն է՝ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Իսկ այսօր, երբ ամբողջ Արցախն է դրված զոհասեղանին, ո՛չ ԳՇ պետ կա, ո՛չ էլ պատվախնդիր սպայակույտ՝ թույլ չտալու այդ հայադավ եւ պետականակործան քաղաքական որոշման իրականացումը։ Օրեր առաջ՝ կորսված Եռատոնի առթիվ բարձր իշխանավորների ուղերձներն ու այցելությունը Եռաբլուր ոչ այլ ինչ էին, եթե ոչ երեսպաշտության, սրբապղծության եւ անբարոյականության գագաթնակետ։ Հայոց երեսնամյա պետությունը մշտապես խարսխված է եղել բանակի ձեռքբերումների վրա, եւ Դիմադրության շարժումը հենց պետության ու բանակի միասնության, այն փայփայելու, պահել-պահպանելու մասին է։ Եվ եթե անցած տարի ազգային բանակը բավականաչափ հեռատեսություն դրսեւորեց՝ բացառելով ուժի կիրառումը, նրա այդ հորդորը պետք է տեղ հասնի նաեւ մյուս ուժային կառույցներին, նախեւառաջ ոստիկանությանը՝ բիրտ ուժ չկիրառելու խաղաղ ցուցարարների նկատմամբ։

Դավիթ Սարգսյան