Հասարակություն

Միջադեպի կողմերը Ապարանի համայնքապետը և Արագածոտնի նախկին փոխմարզպետն են

Միջադեպի կողմերը Ապարանի համայնքապետը և Արագածոտնի նախկին փոխմարզպետն են

Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ, մարտի 26-ին Արագածոտնի մարզի Քուչակ համայնքում տեղի ունեցած դեպքի մասով: Ըստ լուրերի, վիճաբանության կողմերն են եղել Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը և Արագածոտնի նախկին փոխմարզպետ Էդգար Փարվանյանը:

Մեր տեղեկություններով, վիճաբանությունն առաջացել է նրանից, որ Փարվանյանը ձայնային ազդանշան է տվել Կարեն Եղիազարյանի եղբորորդու մեքենային, որից հետո Ապարանի համայնքապետը և մի շարք անձինք հետապնդել, ապա Քուչակ գյուղում կանգնեցրել են Փարվանյանի մեքենան եւ սկսվել է ծեծկռտուք:

«Հրապարակ»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը նշեց, որ ՔԼ-ում քննվող քրեական վարույթը 297 հոդվածի 2-րդ մասի առաջին կետի հատկանիշներով է (խուլիգանություն մի շարք անձանց կողմից) և 195 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով (ֆիզիկական ներգործությունը մի խումբ անձանց կողմից): Գոռ Աբրահամյանը չցանկացավ նշել վիճաբանող կողմերի անունները, տեղեկացնելով, որ այս պահին ձերբակալված անձինք չկան:

Հիշեցնենք, որ Էդգար Փարվանյանի անունը կապվում է մի շարք աղմկահարույց դեպքերի հետ, շուրջ մեկ տարի առաջ Ապարան համայնքում տեղի ունեցած արյունալի սպանությունների ժամանակ էլ նրա անունն էր որոշակիորեն շրջանառվում: Փարվանյանն Ապարան խոշորացված համայնքի համայնքապետի ընտրություններին գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը եւ պարտվեց գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին: Ընտրություններից հետո Փարվանյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետի տեղակալ, սակայն սույն թվականի մարտի 25-ին Նիկոլ Փաշինյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Մենք երկար փորձեցինք կապվել Ապարանի քաղաքապետի հետ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image