Հայաստանի ամրապնդումից հետո նաև ադրբեջանական բռնազավթման ավարտն ենք տեսնելու․ Վ․ Ոսկանյան

Հայաստանի ամրապնդումից հետո նաև ադրբեջանական բռնազավթման ավարտն ենք տեսնելու․ Վ․ Ոսկանյան

Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Մուսավին Իրանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի և Ադրբեջանի արտահանման և ներդրումների խթանման հիմնադրամի պաշտոնյաներ հետ հանդիպմանն ասել էր, որ «ազերիական հողերի 20 տոկոսն է [Լեռնային Ղարաբաղի հողերը] ազատագրվել օկուպացիայից», ու խորհրդանշական 20 տոկոս աճի կոչ արել Թեհրանի և Բաքվի տնտեսական համագործակցության համար: «Ադրբեջանը պատրաստ է հյուրընկալել իրանական ընկերություններին ու մասնավոր հատվածներին», - ընդգծել էր Մուսավին: Մարտի 18-ին գրել էր իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով խորհրդական Վարդան Ոսկանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ նախ պետք է ճշտել, թե որ աղբյուրից է, որովհետև ադրբեջանական լրատվամիջոցները հաճախ աղավաղում են տեղեկատվության բովանդակությունը։

«Եթե իրանական կողմն է տարածել տեղեկատվությունը, ապա «բնական է», որ Իրանի դեսպանը Բաքվում կարող էր ունենալ նման դիրքորոշում։ Որովհետև իրանցիներիը ցանկանում են հետպատերազմյան իրավիճակում հնարավորին լայն ներգրավվածություն ունենալ Ադրբեջանի ներսում։ Դա բացատրվում է տնտեսական շահավետության տեսանկյունից, բայց իրականության մեջ խնդիրը բոլորովին այլ հարթությունում է։ Իրանցիները փորձում են տնտեսական ներգրավվածությամբ ամրապնդել իրենց դիրքերն այս տարածքներում՝ հատկապես հաշվի առնելով ահաբեկիչների ներկայությունը [Իրանը 44-օրյա պատերազմի օրերին բազմիցս բարձաձայնել էր թաքֆիրի ահաբեկիչների ներկայության հարցը տարածաշրջանում]։ Եվ իզուր չէ, որ իրանցի լրագրողուհին Բաքվի բռնապետին՝ Իլհամ Ալիևին, ուղղեց հենց ահաբեկիչների հետ կապված հարց՝ նրա մամուլի ասուլիսներից վերջինում։ Հետևաբար այս ամենից հետո իրանական դիրքորոշումը պարզ է դառնում, եթե դիտարկենք այն նշված տարամաբանությամբ՝ հնարավորին լայն ներգրավվածության համատեքստում», - ընդգծեց իրանագետը։

- Դեսպանն ասել էր «20 տոկոսով», ի՞նչ հասկանալ «20 տոկոս» ասելով։

- Ադրբեջանական քարոզչամեքենան տասնամյակներ շարունակ թմբկահարում էր այն թեզը, որ ադրբեջանական տարածքի 20 տոկոսը, իբր, բռնազավթված է հայկական ուժերի կողմից։ Խոսքը բնականաբար գնում էր Արցախի Հանրապետության տարածքի մասին։ Եվ եթե Արցախի տարածքից որոշ հավածներ Ադրբեջանը կարողացել է բռնազավթել, դա դեռևս չի նշանակում, որ դա ադրբեջանական հանրապետության 20 տոկոսն է, իրենց հռետորաբանության համաձայն։ Այսինքն, փառք Աստծո, Արցախը թեկուզ ծվատված տեսքով, բայց դեռևս կա։ Եվ սա փաստ է։ Ես վստահ եմ, որ Հայաստանի ամրապնդումից և ուժեղացումից հետո մենք նաև ադրբեջանական բռնազավթման ավարտն ենք տեսնելու։

- Ադրբեջանը ճանապարհներ է կառուցում, Ալիևը հայտարարում է օդանավակայաններ կառուցելու մասին իրենց կողմից գրավված տարածքներում, Ֆիզուլիում [Վարանդա] միջազգային օդանավակայանի կառուցման մասին է խոսում, որը կավարտվի աշնանը, օտարերկրյա կազմակերպություններին է կոչ անում գալ և ներդրում կատարել։ Այս ամենը, որ համադրենք, սա խոչընդոտ կլինի՞ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցություններում Հայաստանի, Արցախի համար։

- Կոնկրետ Վարանդայի օդանավակայանը, ըստ նույն Բաքվի բռնապետի հայտարարությունների, ունակ է լինելու ընդունել ծանր և բեռնատար ինքնաթիռներ, հետևաբար ակնհայտ է, որ այդ օդանավակայանն ունենալու է ռազմական բնույթ։ Ըստ էության՝ ռազմակայան է լինելու, որից կարող են օգտվել ակնհայտորեն Թուրքիան, ՆԱՏՕ-ի երկրները, նաև Իսրայելը հակաիրանական նպատակներով, նաև հակառուսական նպատակներով։ Հետևաբար այդ բոլոր ծրագրերը միտված չեն բացառապես տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, այլ միտված են նաև ռազմական առումով Ադրբեջանի դիրքերն ամրապնդելուն այս տարածքներում։ Եվ հատկապես ռազմական առումով Թուրքիայի դիրքերն ամրապնդելուն այս տարածաշրջանում։ Ուստի չեմ կարծում՝ տնտեսաենթակառուցվածքային ոլորտում բացի թուրքական ընկերություններից լայն ներգրավվածություն ունենան այլ երկրները, այդ թվում՝ Իրանը։ Անշուշտ, հնարավոր է առանձին կազմակերպությունների ներգրավվածություն, բայց լայն իմաստով՝ թուրքական կողմն է վերցնելու այդ մենաշնորհը։ Ինչ վերաբերում է այս ընդհանուր ճանապարհաշինությանը և այլն, դա Ադրբեջանի համար բավականին «թանկարժեք» հաճույք է լինելու։ Բայց եթե այդ ճանապարհները կառուցվեն, ապա ակնհայտ է, որ դրանք լինելու են նույն Արցախից օկուպացված տարածքներում։ Եվ նաև բանակցային փուլի ընթացքում, որի շրջանակներում անպայմանորեն պետք է քննարկվեն Արցախի օկուպացված տարածքներից ադրբեջանական զավթիչների դուրսբերման խնդիրները, այդ ենթակառուցվածքները բնականաբար պետք է փոխանցվեն Արցախի Հանրապետությանը։

- Դա ինչ-որ խոչընդոտ կհանդիսանա՞ բանակցությունների ժամանակ։

- Չեմ կարծում։ Տեսեք, մեր տարածաշրջանում մենք արդեն պետք է հստակորեն հասկանանք՝ գործում է ոչ թե իրավունքի ուժը, այլ ուժի իրավունքը։ Հետևաբար ուժեղ Հայաստանի և ուժեղ Արցախի Հանրապետության պայմաններում չեմ կարծում, որ մենք որևէ լուրջ խնդիր կունենանք։

- Հայ-իրանական հարաբերություններն ի՞նչ մակարդակի վրա են՝ հաշվի առնելով թե՛ պաշտոնական հայտարարությունները, թե՛ Ձեր տեղեկությունները։ 

-Հայ-իրանական հարաբերությունները, ինչպես միջազգային այլ գործընկերների հետ հարաբերությունները, ըստ էության, գտնվում են Հայաստանի անկախությունից ի վեր ամենացածր մակարդակում։ Եվ ակնկալել, որ ներկայում Հայաստանում իրենց իշխանություն համարողները որևէ լուրջ քայլ կձեռնարկեն Հայաստանի միջազգային կապերն ամրացնելու ուղղությամբ, մեր հեղինակությունն ու վարկը բարձրացնելու ուղղությամբ, ըստ էության, պատրանքային է։ Ուստի հայ-իրանական հարաբերությունների տեսլականի մասին պետք է խոսել հստակ պայմանով՝ այժմ Հայաստանում իշխանություն համարվող վարչախմբի հեռացումից հետո մենք միայն կկարողանանք ծրագրեր իրականացնել, մշակել Իրանի հետ երկկողմ հարաբերությունները սերտացնելու և զարգացնելու ուղղությամբ։ Իսկ դրանք Հայաստանի համար ունեն շատ կարևոր, նույնիսկ կենսական բնույթ։

- ԵԱՀԿ գործող նախագահն այցելեց Ադրբեջան, Հայաստան, խոսեց Մինսկի խմբի դերակատարության մասին։ Նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, երբ որ Նովրուզի կապակցությամբ շնորհավորել էր Ալիևին, նշել էր Մինսկի խմբի դերակատարության մասին, խաղաղության մասին, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։ Այս ամեն ինչը, որ համադրում եք, Ձեր տպավորությամբ՝ Արևմուտքը, Ռուսաստանն ինչպե՞ս են տրամադրված Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունները շարունակելուն։

- Ակնհայտ է, որ Ադրբեջանը հնարավորին ձգտում է խուսափել Մինսկի խմբի ձևաչափից։ Դա նկատելի էր պատերազմից առաջ, հիմա՝ առավելևս։ Բայց միջազգային գրեթե բոլոր խաղացողները խոսում են այդ ձևաչափի մասին։ Մինչդեռ Իլհամ Ալիևը պնդում է, թե Արցախյան հիմնախնդիրն իբր լուծվել է, իրականում այդ հիմնախնդիրը չի լուծվել։ Եվ Մինսկի խմբի ձեւաչափի ակտիվացումը բխում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերից։ Ուստի այդ ուղղությամբ պետք է անպայմանորեն աշխատանքներ ծավալվեն, որովհետեւ Արցախյան կարգավորման գործող միակ ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է։