Մոսկվան ինչու՞ է հապաղել

Մոսկվան ինչու՞ է հապաղել

Մոտենում է ադրբեջանական «սեւ հունվարի» 30-րդ տարելիցը: Պետք է ակնկալել, որ այդ առթիվ կհնչի որեւէ պաշտոնական հայտարարություն, մամուլում հրապարակումների պակաս չի լինի: Ամեն ինչ կկառուցվի այն թեզի հիման վրա, որ խորհրդային իշխանությունը 1990թ. հունվարի լույս  20-ի գիշերը զորքեր է մտցրել Բաքու, որպեսզի «արյան մեջ խեղդի ադրբեջանական ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը»: Ադրբեջանցի վտարանդի գործիչ Արիֆ Յունուսովը Բաքվի հայկական ջարդերի եւ հետագա իրադարձությունների կազմակերպիչ է համարում Հեյդար Ալիեւին: Ռուս լրագրողի հարցին՝ ճի՞շտ է, որ Բաքու զորքեր մտցնելուց առաջ իրեն զանգահարել է Գորբաչովը եւ խնդրել, որ քաղաքի կենտրոնից հեռացնի իր մարդկանց, արդեն անկախ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը դրական է պատասխանել եւ ավելացրել, որ ինքն ասել է. «Իսկ դրա համար ես համապատասխան լիազորություն չունեմ»: Դրանով խոսակցությունն ավարտվել է: Գորբաչովը չի ընդունել Ալիեւի առաջարկը՝ կանխել աղետը, եթե իրեն նշանակեն Ադրբեջանի կոմունիստական առաջնորդ: Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը պնդում է, որ Բաքվի հայկական ջարդերը կազմակերպել է ՊԱԿ-ը, որպեսզի երկրի քաղաքական ղեկավարությունն ունենա ուժ կիրառելու ֆորմալ առիթ: Այս առթիվ չափազանց կարեւոր փաստ է վկայակոչում 1989-91թ.թ. Ադրբեջանի ՊԱԿ-ի նախագահ Վագիֆ Հուսեյնովը՝ «Ավելին, քան մի կյանք» գրքում: Ըստ Հուսեյնովի, 1989թ. նոյեմբերին ԽՍՀՄ ՊԱԿ-ից ստացվում է գրություն, որտեղ բերվում էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջիկա քայլերի մասին ձեռք բերված մի շարք փաստեր, այդ թվում՝ զինված ապստամբության միջոցով իշխանազավթման ծրագրի մասին եւ արվում էր առաջարկություն, որպեսզի հանրապետական ՊԱԿ-ը վնասազերծի այդ կազմակերպության առավել արմատական թեւի ներկայացուցիչներին՝ կանխելու իրադարձությունների վտանգավոր զարգացումը: Ի՞նչ է անում Ադրբեջանի ՊԱԿ-ի նախագահը, որ ի պաշտոնե պարտավոր էր կատարել վերադասի ցուցումները: Նա այդ մասին զեկուցում է հանրապետության քաղաքական ղեկավարությանը, ծավալվում է բաց քննարկում, որի ընթացքում ձեւավորվում է միասնական տեսակետ՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ին ներկայացնել ադրբեջանական կողմի առաջարկությունը՝ ԱԺՃ ծայրահեղական թեւի առավել հայտնի գործիչները կմեկուսացվեն, եթե ԽՍՀՄ ՊԱԿ-ը համարժեք գործողություններ անցկացնի ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում: «Որքան հիշում եմ, խոսքը վերաբերում էր Ադրբեջանում հինգ, Երեւանում՝ ութ, Ստեփանակերտում քսան հոգու միաժամանկյա մեկուսացման եւ վնասազերծման մասին»- գրում է Ադրբեջանի ՊԱԿ-ի նախկին նախագահը:

Այդ ոգով էլ կազմվում է համապատասխան գրություն՝ հասցեագրված ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Կրյուչկովին: Մոսկվայից պատասխան չի հետեւում: Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում այդ ժամանակ բոլորովին այլ իրավիճակ էր, ազգային շարժումը ծավալվում էր բացառապես օրինականության շրջանակներում՝ ժողովրդավարական ընթացքով: Ոչ ոք զինված իշխանազավթման եւ էթնիկական զտումների  կամ ԽՍՀՄ պետական սահմանի ավերման ծրագիր չէր մշակում: Բնականաբար, Մոսկվան չէր կարող ընդառաջել Ադրբեջանի ցանկությանը: Բայց միաժամանակ հարց է ծագում՝ ինչու՞ ԽՍՀՄ ՊԱԿ-ն ինքը չի իրականացրել ԱԺՃ արմատական թեւի ներկայացուցիչների մեկուսացման եւ վնասազերծման գործողություն: Զգուշացել են, որ դա կբերի իրավիճակի էլ ավելի վատթարացմա՞ն: Իսկ ի՞նչ կփոխվեր, եթե ԱԺՃ առաջնորդները ձերբակալվեին: Պատմությունը թեականություն չի ընդունում, արձանագրում է այն, ինչ եղել է: Բայց ուշագրավ է, որ Ադրբեջանում այնքան էին կուրացած հայատյացությամբ, որ նույնիսկ իրենց իշխանության հինգ գերեզմանափորի մեկուսացնելու դիմաց Մոսկվայից պահանջում էին վնասազերծել հայ ազգային շարժման քսանութ առաջամարտիկների: