Հայի համար Հայաստանից լավ տեղ աշխարհում հաստատ չկա

Հայի համար Հայաստանից լավ տեղ աշխարհում հաստատ չկա

Ես ծնվել եմ Թիֆլիսում. չէ, Վրաստանի մայրաքաղաքի իսկական անվանումը Թբիլիսի է, սակայն ցարական Ռուսաստանից մեր ժամանակներն է հասել անվանման հենց այդ տարբերակը: Ինչևէ, ծնվել ու պատանեկությունս անց եմ կացրել Թիֆլիսում, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի պետական համալսարանն ու ավարտելով այն՝ մնացել եմ Երևանում. դա մի քանի տասնամյակ առաջ էր: Տարիներով ապրել եմ վարձու բնակարանում՝ ինչպես բազմաբնակարան շենքում, այնպես էլ սեփական տան կիսանկուղային հարկում: Ես կարող էի վերադառնալ հայրական տուն, Թիֆլիսի հայկական թերթում կունենայի աշխատանք՝ լրագրության պրակտիկան ես հենց այդտեղ էի անցկացրել, ու ինձ հրավիրել էին վերադառնալ բուհն ավարտելուց հետո:

Սակայն ես գերադասեցի կենցաղային անհարմար պայմաններն ու ընտանիքից դուրս միայնակ ապրելը, ու դա միայն մեկ պատճառով՝ իմ ծնված քաղաքն ինձ համար հարազատ չէր, քանի որ վրացիներն այնտեղ մեզ՝ հայերիս, դիտարկում էին որպես երկրորդ կարգի քաղաքացիներ: Ու կապ չուներ, թե անձամբ դու ինչպիսին ես՝ խելացի, լավ մասնագետ, վրացերեն իմացող, մարդամոտ, թե զերծ այդ բոլոր հատկանիշներից: Մանուկ ժամանակից հիշողությանս մեջ մեխվել է մորս աշխատանքի վայրի (հացի փուռ) ղեկավարներից մեկի խոսքը, թե «դուք լավ մարդիկ եք, ես ձեզ հարգում եմ, բայց գնացեք ձեր Երևանը, սա մեր քաղաքն է»: Ասեմ նաև, թե ինչից էր երևացել, որ մենք լավ մարդիկ ենք՝ այդ փռում ժամանակին աշխատել էր նաև հայրս՝ երբ թոշակի էր արդեն անցել, նաև եղբայրս, իսկ ես 12-13 տարեկանից կիրակի օրերը կամ արձակուրդներին գնում էի մորս օգնելու:

Ինչո՞ւ բացեցի իմ կյանքի այդ էջը. որովհետև սահմանները բացվելուց հետո, ինչպես ցույց է տվել վերջերս կատարած հետազոտությունը, հանրության 40 տոկոսը փորձելու է հեռանալ Հայաստանից: Բայց մի բան ասեմ՝ ուր էլ որ գնաք՝ դուք կարոտելու եք ձեր Երևանն ու Գյումրին, Սյունիքն ու Լոռին, ու մնացած հարազատ վայրերը: Ուր էլ գնաք ու ինչպիսի կարգավիճակ էլ ձեռք բերեք՝ միշտ լինելու եք երկրորդ կարգի քաղաքացիներ: Եվ դա նույնիսկ այն դեպքում, երբ դիմացից անձամբ ձեզ կգովաբանեն կամ անտարբեր կլինեն ձեր նկատմամբ: Բայց միշտ կհիշեն, որ դուք ադրբեջանցիներից պարտված երկրից եք փախել, ու դա միշտ կուղեկցի ձեզ: Ու դուք այնտեղ ամեն մեկին չեք բացատրելու, որ 2018-ի ապրիլին ձեր կողմից իշխանության բերված փաշինյան նիկոլը դավաճանեց ձեզ: Եթե բացատրեք էլ, ապա ավելի վատ՝ ձեզ կանդրադարձնեն, թե ձեր աչքերը փա՞կ էին, որ դուք չնկատեցիք պոտենցիալ դավաճանին: 

Մի խոսքով ես միանում Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, հանրապետական Արմեն Աշոտյանի կոչին՝

«Պետք է ապրել Հայաստանը հողատուից ազատելու,հայրենիքը շենացնելու և Շուշին հետ վերադարձնելու նպատակով»։ Եթե մենք անսանք այդ կոչին, ու դա դարձնենք մեր կյանքի նպատակը, ապա դա կյանքի կկոչվի հենց իմ սերնդի կյանքի ընթացքում: Հայի համար Հայաստանից լավ տեղ աշխարհում հաստատ չկա:
ՀԳ. Ի գիտություն՝ 2002 թվականից փողոցներում, այնուհետև ընտրատեղամասերում ես կռիվ եմ տվել գործող իշխանությունների դեմ, ողջունել եմ նիկոլի հեղափոխությունն ու այսօր որպես հրապարակախոս կռիվ եմ տալիս փաշինյան նիկոլի իշխանության դեմ: 

Վախթանգ Սիրադեղյան