Անկարգություն և զոհեր Վենեսուելայում. Մադուրոն մեղադրում է TikTok-ին և Instagram-ին

Անկարգություն և զոհեր Վենեսուելայում. Մադուրոն մեղադրում է TikTok-ին և Instagram-ին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն TikTok-ին և Instagram-ին մեղադրել է երկրում ատելություն սերմանելու մեջ։ Այս մասին նա ասել է իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես ուզում եմ հարցնել TikTok ընկերությանը. արդյոք նա թույլ է տալիս, որ նման ֆաշիստական ​​և ատելություն պարունակող տեսանյութեր ցուցադրվեն ԱՄՆ-ում և Եվրոպայում: Ոչ, թույլ չի տալիս: Նրանք ցանկանում են վարակել Վենեսուելան ատելությամբ և պառակտմամբ: TikTok-ը, ինչպես նաև Instagram-ը իրավական պատասխանատվություն են կրում այն ​​ամենի համար, ինչ այժմ արվում է Վենեսուելայի դեմ»,- ասել է Մադուրոն՝ ելույթ ունենալով երթի ժամանակ իր կողմնակիցների հետ։ Ինչպես նշել է Վենեսուելայի առաջնորդը, վերջին օրերին TikTok-ում լայն տարածում են գտել երկրիս ներկայիս կառավարության կողմնակիցների նկատմամբ բռնության կոչերով տեսանյութերը։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Վենեսուելայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ. ինչպես հայտարարել է երկրի Ազգային ընտրական խորհուրդը՝ արձանագրությունների գրեթե 97%-ը մշակելուց հետո, Մադուրոյի օգտին քվեարկել է ընտրողների 51,95%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Էդմունդո Գոնսալեսի օգտին՝ 43,18%-ը։ Ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Մարիա Կորինա Մաչադոն, արդեն ընտրությունների օրը ասել է, որ Գոնսալեսի թիմը չի ճանաչի իր պարտությունը ընտրություններում։ Հաջորդ օրը Կարակասի կենտրոնում բողոքի ցույցեր ու անկարգություններ են սկսվել։ Վենեսուելայի իշխանությունների տվյալներով՝ հրկիզման և այլ իրավախախտումների համար ձերբակալվել է ավելի քան 1000 ապստամբ, վիրավորվել է ավելի քան 70 իրավապահ, ևս երկու զինվորական սպանվել է։