Մեղքի ընկալումը Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» վեպում

Մեղքի ընկալումը Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» վեպում

«Հասկանո՞ւմ եք, սիրում էի: Դա սեր էր առաջին հայացքից, վերջին հայացքից, հավիտյանս հավիտենից»

Գեղագիտության ձգտումը Վլադիմիր Նաբոկովի վեպում առաջին հայացքից կարող է տեսանելի չլինել ընթերցողի համար, սակայն այն ամենաէսթետիկ վեպերից մեկն է համաշխարհային գրականության մեջ: Որպես կլինիկական դեպքի նկարագրություն՝ «Լոլիտան»  դասական գիրք է հոգեբանության ոլորտում: Որպես արվեստի գործ՝ դուրս է գալիս ապաշխարական խոստովանության սահմաններից, բայց գիտական նշանակությունից ու գրական արժեքից ավելի, մեզ համար կարեւոր է բարոյական ազդեցությունը, որը գիրքը գործում է ընթերցողի վրա, քանի որ անհատական դեպքի այս տանջալից վերլուծությունն ընդհանուր դաս է պարունակում: Աչքաթող աղջնակ, եսապաշտ մայր, տարփահեղձ մոլագար. սրանք իրենց տեսակի մեջ եզակի պատմության գունեղ կերպարներ չեն միայն, այլ նախազգուշացնում են վտանգավոր շեղումների մասին, մատնացույց անում հնարավոր չարիքներ:

Գեղագիտության բարձրագույն դրսեւորումը սերն է՝ ե՛ւ մարմնական, ե՛ւ հոգեւոր: Վեպի գլխավոր հերոս Համբերթը սիրում է Լոլիտային: Սիրում է տարօրինակ, բոլոր սահմաններից ու բարոյական արժեքներից վեր սիրով: Առաջին հայացքից Համբերթը նողկալի ու ստոր արարած է թվում, ով օգտագործում է անչափահաս երեխային՝ իր ֆիզիկական ցանկությունները բավարարելու համար, սակայն եթե ավելի ուշադիր լինենք, կտեսնենք, որ Լոլիտան ինքն է դրդում հասուն տղամարդուն՝ հափշտակվել իրենով: Եթե Լոլիտայի համար միեւնույն է, թե ով է իր կողքի տղամարդը, քանի որ նա միայն ուզում է բավարարել իր դեռեւս չձեւավորված սեռական բնազդները, եւ Համբերթը միակ տղամարդը չէ իր կյանքում, ապա Համբերթը սիրում է նրան անկեղծ ու վերերկրյա սիրով: Համբերթը, իրականում,  Լոլիտային սիրահարվել էր նրան ճանաչելուց առաջ, երբ դեռ Աննաբելին էր սիրում: Նա Աննաբելին վերակենդանացնում է Լոլիտայի մեջ, փորձում Լոլիտայի մեջ պրոյեկտել Աննաբելի հետ չռեալիզացված ցանկությունները: Այն ժամանակ, երբ Աննաբելը երազում էր գթության քույր դառնալ, իսկ Համբերթը՝ նշանավոր լրտես, հանկարծ պարզվում է, որ նրանք սիրահարված են իրար խելագարի պես, անճարակորեն, անամոթաբար, տանջագին, որովհետեւ միմյանց սիրելու այդ մոլի ձգտումը չէր կարող հագենալ, նրանք չէին կարող միաձուլվել, եւ իրար դիպչելու միակ հնարավորությունը լողափին՝ ավազի վրա փռված դեպի իրար սողալն էր:

Աննաբելը կարճ ժամանակ անց մահանում է տիֆից, ու հենց այդ հեռավոր ամռանից Համբերթի կյանքում սկիզբ է առնում կյանքով մեկ ձգվող մի ճաք: Եթե փորձենք վերլուծել Համբերթի տենչերն ու մղումները, երկու հնարավոր տարբերակի վրա կանգ կառնենք: Քանի որ Լոլիտան սկիզբ է առել Աննաբելից, ուրեմն կա՛մ Համբերթի տարփանքները նրա հանդեպ բնածին յուրահատկության առաջին նշաններն էին լոկ, կա՛մ տարիների ընթացքում ձեւավորված հիվանդություն: Ինչպես էլ փորձենք մեկնաբանել, Համբերթի սեռական վարքում նկատվում է շեղում (անոմալիա), որին Ֆրոյդն իր սեփական բացատրությունը կտար: Աննաբելի մահվան պատճառած ցնցումը հետագայում այլ սիրո խոչընդոտ է դառնում Համբերթի համար: Խնդիրը միայն մարմնականը չէ, այլ՝ հոգեւորը: Աննաբելի մահից հետո դեռ երկար ժամանակ նա զգում էր, թե ինչպես էին Աննաբելի մտքերը հոսում իր մտքերի միջով: Եթե զուգահեռներ անցկացնենք Համբերթի կյանքի երկու մեծ սերերի միջեւ, կտեսնենք, որ տարբերությունն այն է, որ Լոլիտան այդպես էլ երբեք չի սիրում նրան, մինչդեռ Աննաբելն իրոք սիրել է: Դժվար է ասել, թե Համբերթն իրականում ում է ավելի շատ սիրել՝ Աննաբելի՞ն, թե՞ Լոլիտային, բայց մի բան միանշանակ է, որ 24 տարի անց Համբերթը կարողանում է թոթափել Աննաբելի կախարդանքը՝ հարություն տալով նրան ի դեմս Լոլիտայի:

Համբերթի համար բոլոր մանկահասակ աղջիկները չէ, որ ցանկալի են: Նա առանձնացնում է 9-14 տարեկան սահմանն ու փորձում ընթերցողին բացահայտել իր նիմֆական նկրտումները: «Նիմֆետ» բառը Նաբոկովն օգտագործում է՝ նկարագրելու համար այն աղջիկներին, ովքեր տարբերվում են երեխաների մեջ, բայց իրենք էլ չգիտեն այդ մասին: Համբերթը բացատրում է, որ բոլոր աղջիկ երեխաները նիմֆետ չեն, եւ պիտի արվեստագետ լինել՝ նրանց տարբերելու համար: Բարետեսությունը չափանիշ չէ նիմֆետ լինելու համար. ներքին գերբնական ուժ կա, որը ձգում է Համբերթին:

«Իննից տասնչորսն ընկած տարիքային սահմանների մեջ հանդիպում են աղջիկներ, որոնք իրենցից կրկնապատիկ կամ բազմապատիկ մեծ որոշ դյութված ճամփորդների առաջ բացում են սեփական բուն էությունը՝ ոչ թե մարդկային, այլ նիմֆական (այսինքն՝ դիվային) էությունը, եւ այս ընտրյալ էակներին ես առաջարկում եմ անվանել նիմֆետ»:    

Համբերթի կերպը դուալիստական է. նա կարող է բնականոն հարաբերություններ ունենալ իր հասակակից կանանց հետ, սակայն իր էսթետ հոգին տենչում է դեռեւս չապականված հոգով ու մարմնով մաքուր էակների: Նրա բնորոշմամբ՝ «Մարդկային ցեղի էգերը, որոնց թույլատրվում է տիրել, լոկ մեղմացուցիչ կիսամիջոցներ են»:

Գրականության մասնագետ լինելով՝ Համբերթը շատ հաճախ փորձում է իր տարօրինակությունները բացատրել, մեղմել գրականության մեջ հանդիպող օրինակներով: Վերգիլիոսը (անգլիացի մի հին պոետի խոսքերով) նիմֆետի էր երգում միալար, Դանթեն խելահեղորեն Բեատրիչեին էր սիրահարված, երբ նա ինը տարեկան էր, Պետրարկան սիրահարվեց Լաուրային, երբ նա 12-ամյա նիմֆետ էր, Ռոմեոն ամուսնացավ Ջուլիետի հետ, երբ նա դեռ 13 տարեկան էր: 

Հետաքրքրական է, որ Համբերթը Ֆրոյդի պես սիրում է հոգեվերլուծությունն ու այնքան է հմտանում հոգեբանության մեջ, որ հաճույք է ստանում հոգեբույժների գլխին խաղեր խաղալուց: Հոգեբուժարանում կիրառում է նրանց բոլոր մասնագիտական հնարքները, դասական ոճի երազներ է հորինում ու թույլ չի տալիս անգամ հեռավոր կռահում անել իր իրական հիվանդության մասին: Հոգեբուժարանից դուրս գրվելուվ հետո Համբերթը պարզում է, որ իրեն «պոտենցիալ արվամոլ» ու բացարձակ «անկարող» են համարել բժիշկները, ու նա կարողացել է կատարելության հասցնել իր ֆրոյդիստական վարժանքները: Համբերթը նույնիսկ մի ամբողջ ամիս ավելի մնում է հոգեբուժարանում, որպեսզի զգա մեծանուն պրոֆեսորի հետ չափվելու հաճույքը. պրոֆեսորը հայտնի է իր այն հմտությամբ, որ հիվանդին հավատացնում է, թե նա վկա է եղել սեփական սաղմնավորմանը: Համբերթին գրավում են հոգեբանական գործիքները, ու նա փորձ է անում գնահատականներ տալ սեփական արարքներին:

«Լոլիտան» բոլոր ժամանակների ամենաաղմկահարույց գրքերից է եւ համարյա միշտ հրատարակվել է «Արգելված գրքեր» մատենաշարերով: Այն դարի 100 լավագույն վեպերի ցանկում է, չնայած միշտ տարբեր երկրներում բազմաթիվ արգելքների է հանդիպել: Դժվար է ասել, թե որն է վեպի հաջողության գրավականը՝ գեղարվեստական արժանի՞քը, թե՞ վեպի շուրջ հյուսվող աղմուկը: Այն իրականում բացառիկ գրական երեւույթ է: Ընթերցողն ավելի շատ տուրք է տալիս վեպի սենսացիոն կողմին եւ էրոտիզմով շղարշված սյուժեին, սակայն վեպն ավելին է, քան սիրավեպ կամ էրոտիկ պատում. այն միաժամանակ գրոտեսկային պարոդիա է, կլինիկական կամ պաթոլոգիկ դեպքի նկարագրություն, դետեկտիվի կամ թրիլերի տարրերով ոդիսական, գլուխկոտրուկ, ֆրոյդիստական կնիքով դրոշմված ինքնանկար՝ գիտակցության հոսքի սկզբունքով: Հետաքրքրականն այն է, որ ինչքան էլ Նաբոկովի վեպում աղերսներ կան ֆրոյդական փիլիսոփայության հետ, նա քամահրական վերաբերմունք ունի, իր բնորոշմամբ՝ «Վիեննայի հեքիմի» հանդեպ:

«Լոլիտան» կարող ենք դիտարկել նաեւ որպես սատիրա՝ հասարակական պայմանականություններին ու ստանդարտներին դեմ: Դեմ գնալով ընդունված բարքերին ու կեղծ բարեպաշտությանը՝ Նաբոկովը փիլիսոփայական շեշտով հագեցած դրամատիկ պատմություն է ստեղծում մեծ սիրո, դրա տենդագին փնտրտուքի, անկառավարելի զգացումները հաղթահարելու ու էկզիստենցիալ մենության մասին: 

Հեղինակը չի դատապարտում իր հերոսներին, չի փորձում անգամ բացատրել մեղսունակ սիրո օրինաչափությունները: Հերոսների վարքը չի պայմանավորում ո՛չ մանկությամբ, ո՛չ պաթոլոգիայով եւ ո՛չ էլ էկզիստենցիալ ընտրությամբ: Ստեղծագործությունը ներկայացնելով առաջին դեմքից՝ նա ինքնատիպ ինքնախոստովանանք է ստեղծում, հոգեւոր ինքնամերկացում: Վեպի ընթացքում Նաբոկովն ի հայտ է բերում հերոսների ներքին նկարագիրը, մղումներն ու հատկանիշները, բայց չի դատապարտում, այլ հնարավորություն  է տալիս ընթերցողին ինքնուրույն հասկանալ վեպը: Ընթերցողն ազատ է եզրահանգումներ անելու, միախառնվելու վեպի հյուսվածքին ու հերոսների ներքին ապրումներին:

Մշտապես եղել են ու կլինեն վեպը քննադատողներ: Նրանց կարծիքով՝ այսպիսի թեմայի արծարծումը գրականության մեջ կարող է բացասական ազդեցություն ունենալ կամ գայթակղության վտանգ պարունակել, ինչ-որ մեկին դրդել դատապարտելի արարքի, բայց, ինչպես Ֆրոյդն է ասում՝ հնարավոր չէ ինչ-որ մեկին դրդել դատապարտելի արարքի, եթե այդ մեկն ի սկզբանե հակված չէ դրան: Գրականությունն ամենազորեղ ուժն է, սակայն չի կարող մարդուն դրդել վատ արարքի, եթե բացասականը նստած չէ մարդու ենթագիտակցության մեջ: Ջոն Լենոնին սպանած Մարկ Չափմենի ձեռքին Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» գործն էր, բայց չենք կարող ամբողջ մեղքը բարդել գրականության վրա:

Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» կամ «Սպիտակամորթ ամուրու խոստովանանքը» աղմկահարույց վեպը, ընդհանուր առմամբ, արծարծում է մեղքի թեման, կեղծ բարեպաշտությունը, ֆրոյդիստական վարժանքներն ու, վերջապես՝ տարիներ շարունակ 20-րդ դարի արգելված լավագույն ստեղծագործությունն է՝ մենության ու սիրո մասին: Եվ ցավալին այն է, որ սիրո մասին գրված լավագույն վեպի գլխավոր հերոսներն այդպես էլ չեն ճանաչում իրական սիրո բերկրանքը: Եվ խնդիրը ոչ այնքան ֆիզիկական կամ հոգեւոր սիրո տարբերակումն է, որքան ինչ-որ նոր, անսովոր բանի ձգտումը: 

«Խոսքս վայրի ցուլերի ու հրեշտակների, մնայուն պիգմենտների գաղտնիքի, մարգարեական սոնետների, արվեստի մեջ փրկություն գտնելու մասին է: Եվ սա միակ անմահությունն է, որը ես ու դու կարող ենք բաժանել, իմ Լոլիտա»: Նաբոկովը վեպն սկսում է գեղեցիկի որոնմամբ ու ավարտում արվեստի մեջ փրկություն գտնելու կոնցեպտով: 

Ամալյա ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ