Արդյոք Թուրքիան դուրս կգա՞ ՆԱՏՕ-ից
Թուրքական մամուլում հերթական ինտրիգային «արտահոսքն» է եղել՝ դեռեւս փորձագիտական տեսակետի մակարդակում։ Թուրք քաղաքական վերլուծաբան Սերհաթ Լաթիֆօղլուն հայտարարել է, որ Թուրքիան առաջիկա տարիներին դուրս կգա ՆԱՏՕ-ի կազմից։ Ընդ որում, այդ գործընթացն իրականացնելու երկու ընթացակարգ կա։ Թուրք վերլուծաբանի այս հայտարարությունն ուշագրավ չէր լինի, եթե պաշտոնապես չհայտարարվեր, որ Թուրքիան հայտ է ներկայացրել ԲՌԻԿՍ-ին միանալու համար, մի բան, որ արեւմտյան ռազմաքաղաքական ճամբարի համար մի փոքր անհասկանալի է, թեեւ Անկարան, բնականաբար, ունի իր շահերը եւ փորձում է իր խաղն առաջ տանել։ Եվ, ահա, Լաթիֆօղլուն ամենայն հաստատակամությամբ է հայտարարում, որ Թուրքիան անպայման կանդամակցի ԲՌԻԿՍ-ին, եւ ՆԱՏՕ-ի համար դա կլինի աննախադեպ, երբ դաշինքի անդամը նաեւ կհանդիսանա ԲՌԻԿՍ-ի անդամ։
Թուրք վերլուծաբանը նկատում է, որ Անկարայի համար ներկայում կարեւոր է տնտեսական ճիշտ քաղաքականությունը, իսկ այս առումով Էրդողանի վարչակարգի եւ ԲՌԻԿՍ-ի շահերը համընկնում են։ Սակայն սրանից առավել, ըստ թուրք վերլուծաբանի, հետաքրքիր է նայել, թե ինչպիսին է Թուրքիայի դիրքավորումը ՆԱՏՕ-ի ներսում։ Դա, ըստ էության, ոչ թե դաշնակցի, այլ դաշինքի մյուս անդամների հետ խուլ դիմակայության մեջ գտնվողի դիրքավորում է, իսկ ավելի մեղմ ասած՝ առանցքային հարցերից մի քանիսի, ինչպես, օրինակ, Սիրիայի եւ Իրաքի հարցում դաշինքի ընդհանուր մոտեցումից տարբերվող մոտեցում։ Այս ամենը, ըստ Սերհաթ Լաթիֆօղլուի հավաստիացման, կարող է բերել նրան, որ առաջիկա տարիներին Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից, կամ այնպիսի իրավիճակ լինի, որ Թուրքիային պարզապես ստիպեն հեռանալ դաշինքից։
«Դա անպայման կլինի, եւ մենք դրա ականատեսը կլինենք ամենամոտ ապագայում»,- ասել է փորձագետը։ Նույն համատեքստում, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի` ԲՌԻԿՍ-ին անդամակցությունն առաջիկայում կարժանանա լուրջ հակաքարոզչական արշավի ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից, ինչպես որ եղավ այն ժամանակ, երբ Անկարան Ռուսաստանից գնեց С-400 համակարգերը։ Բացասականը կլինի չափից դուրս շատ Թուրքիայի մասով, եւ ՆԱՏՕ-ն ճնշելու է Անկարային նաեւ տնտեսապես։ Իրականում կմնա Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում, թե կորոշի դուրս գալ, կերեւա մոտ ապագայում։ Սակայն մեզ համար Լաթիֆօղլուի հայտարարությունը նախեւառաջ «արտահոսք» է, որն արվել է, ինչպես սովորաբար արվում է նման դեպքերում՝ տրամադրություններ ստուգելու կամ անհրաժեշտ տրամադրություններ գեներացնելու համար։
Թուրքիան, որը ներկայում փորձում է գլոբալ ուժային կենտրոնների հակասությունների վրա խաղալով իր շահերն առաջ մղել եւ իր կշիռը բարձրացնել, իհարկե, հնարավոր է, որ դուրս գա ՆԱՏՕ-ից, սակայն միայն այն դեպքում, երբ, օրինակ, դրա համարժեք փոխարինողը գտնի կամ կարողանա քիչ թե շատ ապահով ռազմաքաղաքական դաշինք ձեւավորել՝ առանցքում լինելով ինքը։ Հակառակ դեպքում, տարատեսակ մարտահրավերները, որոնց առաջ գտնվում է Անկարան, այնքան լուրջ են, իսկ ՆԱՏՕ-ի երաշխիքները՝ այնքան հուսալի, որ դատարկ տեղում Էրդողանի վարչակարգը նման արկածախնդրության չի գնա։
Կարծիքներ