Ինչքան շատ կուսակցություն լինի նախընտրական դաշինքում, այնքան բարձր շեմ կգործի

Ինչքան շատ կուսակցություն լինի նախընտրական դաշինքում, այնքան բարձր շեմ կգործի

Արտահերթ ընտրությունների հարցում իշխանությունն ակնհայտորեն շտապում է, ինչի համար, թերեւս, հիմնավոր պատճառներ ունի։ Նիկոլ Փաշինյանի նախապատերազմյան 70+ ձայներից այս պահին մնացել է շուրջ 25 տոկոսը, որն էլ իշխանությունը փորձում է կապիտալիզացնել հիմա, քանի որ որքան ժամանակ անցնի, այնքան դժգոհությունն ավելանալու է։ ԱԺ-ն դեռ ամառվանից ՔՊ-ական Համազասպ Դանիելյանի համակարգմամբ նախաձեռնել էր Ընտրական նոր օրենսգրքի մշակում, աշխատանքները չէին դադարել անգամ պատերազմի օրերին, իսկ հետպատերազմյան շրջանում ավելի ինտենսիվացել են։

Ընդ որում, ԱԺ անցնելու շեմը հնարավոր է նվազեցնեն մինչեւ 3 տոկոս։ Նպատակը մեկն է՝ ԱԺ մտցնել մեծ թվով քաղաքական ուժերի, միասնականության պատրանք ստեղծելով եւ իր՝ մեծամասնություն կազմելու հավանականությունը մեծացնելով։ 

Մենք նոր ԸՕ-ի ժամկետների, փոփոխությունների շուրջ զրուցել ենք փոփոխությունների փաթեթը պատրաստող աշխատանքային խմբի անդամ Դանիել Իոաննիսյանի հետ, որը սա համարում է ոչ թե ԸՕ-ում փոփոխություններ ու լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնություն, այլ նոր Ընտրական օրենսգիրք։ Վերջինիս խոսքով՝ օրենսգրքի մշակման աշխատանքներում ներգրավված է նաեւ միջազգային հանրությունը։ «Համատեղ գրում ենք, ինչ-որ մաս մենք ենք գրում, «մենք» ասելով՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», մի այլ հատված՝ ոչ պակաս հայտնի կազմակերպություններ, AFS-ը եւ կազմակերպության այլ փորձագետներ, միջազգային հանրությունը»,- ասաց Իոաննիսյանը։ 

- Վենետիկի հանձնաժողովի հետ է՞լ եք աշխատում, ուղարկե՞լ եք սեւագիր տարբերակը։ 

- Հո մենք Հանրապետական կուսակցությո՞ւնը չենք, որ սուսուփուս ուղարկենք։ Բնականաբար, երբ նախագիծը պատրաստ լինի, առաջինը ցույց է տրվելու ժողովրդին՝ հանրությանը, եւ հետո միայն՝ վենետիկներին։ ՀՀԿ-ն էր, որ 2016 թվականի հունվարին ուղարկել էր Վենետիկ, մինչեւ փետրվարի վերջը հանրությունից գաղտնի էր պահում նախագիծը։

- Նախագիծը ե՞րբ պատրաստ կլինի։

- Դե, աշխատում ենք, վերջնական շտկումներն են։ 

- Մոտավոր որեւէ ժամկետ նշեք։

- Ինձ թվում ա՝ շուտով, մի տասն օրվա մեջ։ 

- Նիկոլ Փաշինյանը շտապո՞ւմ է արտահերթի հարցում։

- Ուզում եմ հստակցնել, որ Նիկոլ Փաշինյանից կամ գործադիր իշխանությունից պրոցեսը շտապեցնելու խորհուրդ, հորդոր, առաջարկ մենք չենք ստացել եւ ինքնուրույն ենք որոշում՝ պրոցեսն արագացնե՞նք, թե՞ դանդաղեցնենք։ Էդ էր պակաս, որ ինչ-որ մեկն ինձ գար ասեր՝ արագ աշխատիր կամ դանդաղ աշխատիր։ 

- ԱԺ անցնելու շեմը որքա՞ն է դառնալու, կա՞ կոնսենսուս։

- Տարբեր տարբերակներ կան, որոնք քննարկվում են, այդ թվում՝ ոչ տրիվիալ լուծումները, որ ոչ թե ֆիքսված թիվ լինի, այլ տարբեր հանգամանքներից կախված լինի այդ թիվը։

- Ի՞նչ հանգամանքներից։

- Տարբեր բաներից․․․ օրինակ՝ կախված նրանից, թե քանի կուսակցություն ա ընտրվել, կամ կախված նրանից, թե՝ եթե դաշինք ա, ապա դրան քանի կուսակցություն է անդամակցում եւ այլն։

- Լուրեր են շրջանառվում, որ չափազանց լիբերալ շեմ է առաջարկվում։

- Հիմա էլ եմ առաջարկում։ Ուղղակի ասում եմ, որ․․․ պարտադիր չէ․․․ ո՞վ ասեց, որ լիբերալը պետք է լինի պարզ մի հատ թիվ։ Նաեւ բանաձեւը կարող է լինել լիբերալ, կարող է լինել ոչ լիբերալ։ Թիվ էս պահին չկա։

- Խոսվում է ընդհուպ մինչեւ 1 տոկոսանոց շեմի մասին՝ 4-1 տոկոսի ինտերվալում։

- Կուսակցությունների՞, թե՞ դաշինքների։ Ինձ թվում է՝ կուսակցությունների համար կլինի 4, բայց որոշ դեպքերում՝ կարող է ավելի քիչ։ Այսինքն՝ ինչ-որ դեպքեր նախատեսվեն, որոնց դեպքում անցողիկ շեմն ավելի քիչ լինի։ Այդ դեպքերն են՝ եթե, օրինակ, ԱԺ շատ քիչ կուսակցություններ անցած լինեն, կամ եթե ԱԺ-ում ինչ-որ մի կուսակցություն շատ-շատ ձայն է ստացել։ Տարբեր․․․ իսկ դաշինքների համար, ինձ թվում է, կգնանք բանաձեւի ճանապարհով։
Բայց դա միարժեք չէ, այն, ինչ որ հիմա ասում եմ, այս պահին ընդամենը քննարկվում է։

- Իսկ ի՞նչ է նշանակում՝ բանաձեւի ճանապարհով։

- Այսինքն՝ դաշինքում ինչքան շատ կուսակցություն, այնքան բարձր շեմ։

- Կուսակցություննե՞րն ինչ կարծիքի են, բնականաբար՝ կողմ են շեմի իջեցմանը։

- Իրականում հարցն այն է, որ կուսակցություններն իրենց համա՞ր են ուզում, թե՞ ուզում են, որ պետության համար լավ լինի։ Բնականաբար, իրենք իրենց համար շատ բան կարող են ուզենալ, բայց խնդիրն այն է, որ պետության համար լավ լինի, կայունության հետ կապված խնդիր չլինի։

- Իսկ շեմն իջեցնելու գաղափարախոսությունը ո՞րն է։ 

- ԱԺ-ում ավելանա բազմակարծությունը։

- Արտահերթ ընտրությունների համար պետք է վարչապետը 2 անգամ հրաժարական տա, որ խորհրդարանը դադարի գործել, մինչդեռ տեղյակ ենք, որ նոր կարգավորում պետք է լինի, որով այս դրույթը պետք է հանվի։

- Դա օրենքով չէ, դա սահմանադրական կարգավորում է։ Իսկ ԱԺ-ն կորոշի, չի որոշի՝ փոխել Սահմանադրության այդ դրույթները, ԸՕ-ի հետ կապ չունի։

- Հնարավո՞ր է, որ արվի ԱԺ-ում, ինչպես ՍԴ-ի հարցը լուծվեց։ 

- Բայց ես ԱԺ պատգամավոր չեմ, ինչո՞ւ եք ինձ այդ մասին հարցնում։

- Կա՞ նման խնդիր, որ այդ մասը վերացվի։ Ինչ-որ կերպ։ 

- Ես նման քննարկումներ լսել եմ, բայց․․․ դա ԸՕ-ի հետ ոչ մի կապ չունի։ 

- Մյուս արմատական փոփոխություններն ԸՕ-ում որո՞նք են լինելու։

- Բազմաթիվ են, այդ իսկ պատճառով կլինի նոր ԸՕ, ոչ թե փոփոխությունների նախագիծ։ Խաղի կանոններն են փոխվում, նորմալ, մարդավարի խաղի կանոններ են սահմանվում, որոնց սահմաններում քաղաքական մրցակցություն է լինելու, ոչ թե ռեսուրսների մրցակցություն։ Այսինքն՝ մրցելու են ոչ թե նրանով, թե ով շատ փող ունի կամ վարչական ռեսուրս, այլ՝ գաղափարներով, ծրագրերով, գաղափարախոսություններով։

- Ի՞նչ փոփոխություններ են դրանք։

- Ֆինանսավորման կանոններն են խստացվելու, վարչական ռեսուրսն է կանոնակարգվելու, ու դրա կիրառումն է խստացվելու եւ այլն։ Ֆինանսական մասով, օրինակ, լինելու է, որ քարոզարշավի հետ կապված բոլոր ծախսերը պիտի կատարվեն հիմնադրամից, իսկ հիմնադրամ նվիրատվություններ կարող են անել միմիայն քաղաքացիները։ Վարչականի մասով․ հստակ սահմանվում է, թե ինչ է վարչական ռեսուրսը, որովհետեւ սահմանված չէր, եւ դրա օգտագործումը շատ հստակ կանոնակարգվում է, ու չարաշահման հնարավորությունները պակասում են։