Իսկ «Հերմեսի» հեղինակային իրավունքը չի՞ ոտնահարվում. Աննա Հակոբյանի պայուսակի հետքերով

Իսկ «Հերմեսի» հեղինակային իրավունքը չի՞ ոտնահարվում. Աննա Հակոբյանի պայուսակի հետքերով

ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը սիրում է ամեն անգամ հանրությանը ներկայանալ նոր հանդերձանքով, նոր աքսեսուարներով: Նրա հագուստը, պայուսակները, զարդերը հաճախ են քննարկման առարկա դառնում, դրանց ծագման, բրենդների մասին երբեմն հրապարակումներ ու գրառումներ են արվում: Եւ դա բնական է` ամբողջ աշխարհում է այդպես: Մի կողմից հանրությունը հետաքրքրասեր է եւ հատկապես իշխանության մեջ գտնվողների, նրանց կանանց նկատմամբ մեծ հետաքրքրություն ունի, մյուս կողմից` դա նաեւ հանրային վերահսկողության ձեւ է, որ իշանության մեջ գտնվողները մշտապես իրենց վրա զգան մարդկանց հայացքը` չշփանան, թանկարժեք իրեր ձեռք չբերեն, նվերներ չվերցնեն, մի խոսքով` կոռուպցիան կանխելուն է նաեւ ուղղված հանրային հսկողությունը:

Վերջերս լրատվամիջոցներից մի քանիսը նկատել էին, որ Աննա Հակոբյանի ձեռքին թանկարժեք պայուսակ կա, այն իդենտիֆիկացրել էին «Hermes White Mini Kelly Picnic» պայուսակի հետ, գրել էին դրա գինը, որը մինչև 100 հազար դոլարի սահմաններում է եւ այլն: Հետագայում` իշխանությունների ակտիվ մասնակցությամբ հերքեցին այդ հրապարակումները, թե պայուսակը հայկական SirQochar բրենդի արտադրանք է, որն արժե ընդամենը 35 հազար դրամ։ Ոմանք ամոթանք տվեին լրատվականներին: Ի դեպ, «Հրապարակը» նման հրապարակում չէր արել, բայց մեղադրել նման հրապարակում արած լրատվամիջոցներին էլ չի կարելի, որովհետեւ Հերմեսի թանկ պայուսակի եւ հայկական նշված պայուսակի միջեւ աննշան տարբերություններ կային: Եթե անգամ Աննա Հակոբյանի ձեռքին, իրոք, այդ հայկական տարբերակն էր, ապա այն շատ նման էր բնօրինակին: Եւ այստեղ բնական հարց է ծագում` հեղինակային իրավունքի խախտման: Ստացվում է, որ հայկական այս ֆիրման «գողացել» է նշանավոր բրենդի արտադրանքի դիզայնը, ոճը, չափը` գրեթե ամեն ինչ, իսկ հայտնի ֆիրմաները շատ խիստ են վերաբերվում իրենց ապրանքներին, իրենց հեղինակային իրավունքին եւ նման բազում դատավարություններ են տեղի ունենում աշխարհում` եթե որեւէ մեկը փորձում է յուրացնել ուրիշի մտքի արգասիքը:

Անգամ օդանավակայաններում հայտնի բրենդների կրկնօրինակները կարող են բռնագրավվել, տվյալ անձինք կարող են տուգանվել: Ուրիշ բան, որ մի «նկուղում» մի քանի մարդ «Շանելի» պայուսակներ կեղծեն ու իրենց հարեւան Վարդուշին վաճառեն: Իսկ այսպես` գրանցված կազմակերպություն շփոթության աստիճանի նման պայուսակ է կարում եւ երկրի առաջին տիկինն էլ այն հպարտորեն կրում է: Նման բաներ աշխարհում ընդունված չեն: Իսկ SirQochar-ը Հայաստանում բավականին հայտնի և պահանջված բրենդ է, տեղեկացանք, որ անգամ Ֆրանսիայում են նախատեսել մասնաճյուղ բացել, ուստի առնվազն տարօրինակ է, որ նման հեղինակություն ունեցող բրենդը գողանում է «Hermes»-ի պայուսակների դիզայնը: 

SirQochar բրենդային խանութից «Հրապարակը» հետաքրքրվեց, ինչո՞ւ են իրենք բացահայտորեն կրկնօրինակում «Hermes»-ին, այստեղ չի՞ առաջանում հեղինակային իրավունքի խնդիր, «Hermes»-ը բավականին հետևողական է իր ապրանքի նկատմամբ, այնքան հետեւողական, որ սեզոնին ընթացքում չվաճառված պայուսակները ոչ թե զեղչված գներով վաճառում են, այլ ուղղակի այրում:
Խանութ սրահի աշխատակիցը մեզ ասաց. «Չենք կարծում, որ պայուսակների դիզայնը նույնն է, մերը հայկականն է, լրիվ այլ մոդել է, այդ հարցով «Hermes»-ը պետք է զբաղվի»: Եւ հավելեցին. «Դուք «Hermes»- ներկայացուցիչը չեք չէ՞, մեր արտադրանքը հայկական է, ապրանիքանիշն արժե 35 հազար դրամ, հայկական ծառերով, գործում է առաքման ծառայություն»:

Հետաքրքվեցինք` պայուսակը Աննա Հակոբյանին նվիրե՞լ եք, որպեսզի գովազդի ձեր բրենդը: Աշխատակիցը հրաժարվեց պատասխանել այդ հարցին, ասելով` այդ մասին չգիտի: