Գյումրու «Շիրակ» օդանավակայանի հին սրահը դուրս էր նորմերից

Գյումրու «Շիրակ»  օդանավակայանի հին սրահը դուրս էր նորմերից

Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայանը երկամսյա դադարից հետո այսօրվանից վերագործարկվեց` նորացված, ժամանակակից և միջազգային չափորոշիչներին համապատասխանող սրահներով։Հիշեցնենք, որ «Շիրակ» օդանավակայանի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին  շինարարական աշխատանքներ իրականացվելու համար, հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացվում  էին  պլանային վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես, իրականացվում էր վազքուղու ամբողջական նորոգում: Նշենք, որ օդանավակայանի վազքուղին վերջին անգամ կապիտալ նորոգվել էր 2007թ.-ին:

Ժամանման հին սրահը, որն ուներ 400 քառ/մ մակերես, դուրս էր նորմերից և ուղևորների համար խնդիրներ էր առաջացնում, մինչդեռ կառուցված նոր սրահն ունի 870 քառ/մ մակերես, որտեղ գործում են անձնագրային հսկողություն իրականացնող 8 խցիկ և ուղեբեռի փոխադրման ժապավեն, որի շնորհիվ կվերացվեն ուղևորների համար նախկին դժվարությունները:Նոր սրահը հնարավորություն է տալիս 1 ժամում սպասարկել 1 չվերթ։

Տեղեկություններ տարածվեցին, թե  «Շիրակ» օդանավակայանում իրականացվում են շինարարարական աշխատանքներ, որպեսզի օդանավակայանը ծառայի նաև ռազմական օդանավերի համար, մինչդեռ ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ օդանավակայանի աերոդրոմը համարվել և շարունակում է համարվել համատեղ բազավորման աերոդրոմ ՀՀ քաղաքացիական ավիացիայի և ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ինքնաթիռների և ուղղաթիռների համար:

Հիշեցնենք, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում: