Գեղցիական շուստրիություն

Գեղցիական մակարդակ ու ըստ այդմ՝ համապատասխան շուստրիություն ունենալու պայմանը ոչ թե գյուղացի լինելն է, այլ նույնիսկ մայրաքաղաքում ծնված լինելով՝ հասուն տարիքում տարրական դպրոցի մակարդակով բավարարվելը: Ընդ որում, որքան էլ զարմանալի հնչի, նման մակարդակ կարող են ունենալ նաև միջնակարգ և նույնիսկ բուհական կրթություն ունեցող որոշ անձինք: Թե ինչպես է դա հնարավոր՝ այլ հարց է, սակայն դա իրականություն է, որից փախչել չենք կարող: Եվ ստիպված ենք ապրել այդպիսի անձանց շրջապատում: Շատ ավելի դաժան է, երբ նման անձինք են որոշում մեր ներկան ու ապագան՝ ունենալով պետություն կառավարելու իրավասություն: Ինչը տեղի է ունենում արդեն մի քանի տասնամյակ ու հատկապես վերջին վեց տարում:
Այս կարճ նախաբանից անցում կատարենք կենցաղային այն հարցին, ինչը պատճառ դարձավ վերը նշված երևույթն արձանագրելուն: Հուլիսից սկսած իմ ապրուստի մի մասն ապահովող կենսաթոշակիս հետվճարը սկսեցի ստանալ ոչ թե 10 տոկոսի չափով, ինչպես նախկինում էր: Եվ սահմանվել էր «մեր հարազատ կուսակցության ու կառավարության» կողմից, այլ «9+» տոկոադրույքով: Բացարձակ թիվը չեմ նշում, քանի որ այն փոփոխվում էր: Օգոստոսի առաջին տասնօրյակին զանգահարեցի սոցապնախարարության թեժ գծին: Խիստ բարեհամբույր տիկնոջ հետ խոսելով հասկացա, որ ինչ-որ խնդիր է ծագել կոմունալ վճարումներն ընդունելու առումով: Եվ ստացա նախարարությանը պաշտոնապես դիմելու առաջարկ: Իմ հարցին, թե չե՞մ կարող արդյոք դա անել համացանցի միջոցով՝ առաջարկեց փորձել: Իհարկե, փորձեցի, բայց, ինչպես հասկացա, «թվայնացված Հայաստանը» դեռևս կիսատ-պռատ վիճակում է: Եվ 1-2 շաբաթ անց պատասխան չստանալով՝ Նորքի զանգվածից հասա Ավանում գտնվող ստորաբաժանում ու գրավոր դիմում թողեցի:
Սեպտեմբերի 7-ին ստացա պատասխան, որ թվագրված էր օգոսոտոսի 30-ի ամսաթվով: Այդ ընթացքում օգոսոտոսի հետվճարը ևս ստացել էի նույն տոկոադրույքով: Պատասխան գրության մեջ հղում էր արված ՀՀ կառավարության «N 2339-Լ» որոշմանը՝ դրա կետերից մեկից մեջբերում կատարելով: Նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին ընդունված որոշման անվանումն այսպիսին է. «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին»: Այդ որոշման երկրորդ գլխի՝ «Հետվճարի հաշվարկը և վճարումը» 6-րդ (մեջբերված) կետն ունի հետևյալ բովանդակությունը. «Նախորդող ամսում կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների ծավալները հաշվարկում են բանկերը՝ հաշվարկից բացառելով այն գործարքները, որոնց գծով չի ձևավորվում հետվճար»։
Փորձեցի համացանցում գտնել, թե ինչ է նշանակում «գործարքները, որոնց գծով չի ձևավորվում հետվճար» արտահայտությունը: Ի դեպ, որոշմանը կից երկու հավելվածում ևս ոչինչ ասված չէր դրա մասին, ընդամենը նույն կետն էր կրկնված: Ասեմ, որ այդ առումով ոչինչ չգտա, բայց հանդիպեցի 10 տոկոս հետվճարը 12-ով փոխարինելու մասին որոշմանը: Ենթադրում եմ, որ կոմունալ վճարումներից ինչ-որ մեկի (ենթադրաբար՝ հոսանքի) առումով խնդիր է ծագել, ու այդ գործարքը բացառվել է հաշվարկից: Եվ քանի որ դրա գծով այլևս չի ձևավորվում հետվճար՝ «մեր հարազատ կառավարությունն» էլ որոշել է պակասը փոխհատուցել 2 տոկոսի չափ գումարի ավելացմամբ: Բայց պատճառների մասին պաշտոնապես ոչինչ չի հայտարարվել: Իսկ այդպես մտածելու հիմնավորումը, նախ, հեռախոսային տեղեկատվությունն էր, և այն հանգամանքը, որ հուլիս կամ օգոստոս ամիսներին իմ քարտով կատարվել են այնպիսի գործարքներ, որ արվել էին հունիսին և դրա նախորդող ամիսներին: Ու ոչ մի խնդիր չէին առաջացրել:
Իսկ թե ինչու եմ հենց կասկածում հոսանքի առումով, կարծում եմ, բացատրելու կարիք չկա: Դրա պատճառը հաճախակի դարձած հոսանքազրկումներն են (կրկին հիշենք «Արցախը տանք, որ հանգիստ ապրենք»-ը, քանի որ այնտեղ գեներացված հոսանքի շնորհիվ թե՛ Հայաստանն էր ապահովված և թե՛ մի մասն էլ վաճառվում էր արտերկրում): Իսկ հոսանքազրկումներն էլ որպես առիթ օգտագործելով՝ ՀԵՑ-ը ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանից խլելու մտադրությունը: Ինչը կոնկրետ ինձ համար նշանակում է, որ եթե ես լինեի միայնակ ծերունի ու այն էլ միայն կենսաթոշակիս հույսին, ապա ձմռանը ես կզրկվեի թեկուզ 12 տոկոս դարձած հետվճարից: Որովհետև թոշակի մի մասը գնալու էր հոսանքի վճարմանը, ու այն չէր հաշվարկվելու որպես հետվճարի գործարք:
Հ. Գ. Ինչ մնում է «Հարգելի պարոն Սիրադեղյանի» դիմումին Միասնական սոցիալական ծառայության պատասխան նամակին, ապա ծառայության ղեկավարությանը կառաջարկեի վերը նշված որոշման 6-րդ կետին հղում անելուց բացի կոնկրետ նշել այն գործարքը (գործարքները), որոնց գծով հետվճար չի ձևավորվում, որպեսզի այսուհետ թե՛ ես ու թե՛ ինձ նման այլ անձինք խուսափեն կենսաթոշակի քարտով նման գործարք (գործարքներ) կատարելուց:
Կարծիքներ