Ինչպե՞ս են ընտրել «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի անվտանգության ապահովման ընկերությունը

Ինչպե՞ս են ընտրել «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի անվտանգության ապահովման ընկերությունը

Օրերս անդրադարձել էինք «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքներին, մասնավորապես անվտանգության ապահովման տենդերին։ 

Անվտանգության ապահովման միջոցառումների համար Հանրային հեռուստաընկերության անցկացրած տենդերում միջինը առաջարկվել է 58 մլն դրամ։ Սակայն տենդեր չի անցկացվել, քանի որ Հանրայինն անիրականանալի կետ է ներառել իր պահանջների ցանկում՝ «կատարողը պետք է ապահովի հակաահաբեկչական որակավորում ունեցող ղեկավար անձնակազմի առկայությունը»։ Մրցույթին մասնակից ոչ մի կազմակերպություն չի ունեցել նման փաստաթուղթ, քանի որ Հայաստանում չկա մի պետական կառույց, որը նման լիցենզիա տրամադրի։ Արդյունքում գնումը կատարվել է կառավարության սիրելի ընթացակարգով՝ մեկ աղբյուրից։ Ընտրվել է «Սեքյուրիթի գրուպ» ՍՊԸ-ն, որը, մեր տեղեկություններով, ունի 25 աշխատակից։

Ըստ չկայացած մրցույթի մասնակիցներից մեկի՝ իրականությունից կտրված պահանջը ներկայացվել է մասնակիցներին «մաղելու» ու հրատապության կարգով սեփական թեկնածուին հաղթող ճանաչելու նպատակով։
Ուստի մենք հարցումներ էինք ուղարկել Հանրային հեռուստաընկերությանը եւ «Տավրոս» պահնորդականին՝ խնդրելով ճշտել մեր տվյալները։

Ինչպե՞ս եք պատրաստվում մոտ 25-30 աշխատողով ապահովել 6-8 հազարանոց լսարան հավաքող համերգի անվտանգությունը, եթե սխալ ենք նշել, մեզ ուղղեք։ Մեր այս հարցին «Տավրոս» ընկերությունից պատասխանեցին բավականին ուշացած։ «Ձեր տեղեկատվությունը հավաստի չէ․․․  Միջոցառման անվտանգության ապահովման միջոցները եւ անձնակազմի քանակն ավելի քան բավարար են»։ Ընկերության աշխատողների քանակը պարզեցինք Հ1-ի պատասխանից՝ 50 անձ։ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից հայտարարվել է հանրային անվտանգության պաշտպանության ծառայության ձեռքբերման մրցույթ՝ հրատապության հիմքով: Սույն մրցույթի շրջանակներում ընտրված մասնակից է ճանաչվել «Սեքյուրիթի գրուպ» ՍՊԸ-ն՝ Armeps համակարգով: «Սեքյուրիթի գրուպ» ՍՊԸ-ն մրցույթի շրջանակներում հրավերով սահմանված կարգով ներկայացրել է 50 որակավորված անձանց որակավորումը հաստատող փաստաթղթերը․․․»։

Հանրայինի պատասխանից հետեւում է, որ անիրականանալի պահանջը կազմակերպություններին ներկայացրել է ոչ թե ինքը կամ կառավարությունը, այլ Եվրոպական հեռարձակողների միությունը։ «Հակաահաբեկչական որակավորման փաստաթուղթը Եվրոպական հեռարձակողների միության եւ տեղական ուժային կառույցների պահանջն է:  Հեռուստաընկերությունը սույն տեղեկատվության տնօրինողը չէ», - ասված է պատասխանում։ Այսպես, միջազգային մրցույթի անվտանգության ապահովողը, ինչպեսեւ գրել էինք, ընտրվել է հայավարի՝ մեկ աղբյուրից։ Մի բան միայն հասկանալի չէ՝ եթե «Տավրոսի» հետ գործարքը մեկ աղբյուրից գնման արդյունքում է, ապա ի՞նչ մրցույթի մասին է խոսքը։ Մեկ աղբյուրից գնումն ընդհանրապես չի ենթադրում մրցույթ։ Հավանաբար, Հանրայինում ինչ-որ բան շփոթել են։