«Ջրի գին» արտահայտությունը կմոռացվի

«Ջրի գին» արտահայտությունը կմոռացվի

Քաղաքականության մեջ զուգադիպություններն առանձնակի իմաստ են ստանում: Օգոստոսի 3-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության նիստի ելույթում անոնսավորել է ջրային «դարի նախագծի» մեկնարկը: Այդ մասին նա առաջին անգամ խոսել է, երբ դեռեւս զբաղեցնում էր պետնախարարի պաշտոնը, հետո՝ նախագահական ընտրությունների քարոզարշավին: Խոսքը Սարսանգի ջրամբարից ինքնահոս ջրատարի մասին է, որը Մարտակերտի, Ասկերանի եւ Մարտունու շրջաններում կոռոգի շուրջ 30 000 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր: Սարսանգի ջրամբարը շահագործման է հանձնվել 1976թ.-ին:

Ոռոգման ջուրը տնօրինում էր Ադրբեջանը՝ այն հատկացնելով Միր-Բաշիրի, Աղդամի բամբակագործությամբ զբաղվող տնտեսություններին: Սարսանգի հարցն Ադրբեջանի համար չափազանց կարեւոր է: 2016թ. ապրիլյան ագրեսիայի նպատակներից մեկն էլ ջրամբարի նկատմամբ վերահսկողությունն էր: Ադրբեջանում ջրի խնդիրը չափազանց սուր է: Մասնագետները խոսում են ամբողջ շրջանների անապատացման վտանգի մասին: Հուլիսին իրավիճակն այնքան կրիտիկական էր, որ Ադրբեջանը ջուր էր խնդրել Իրանից:

Նման իրավիճակում Արցախի նախագահի անոնսավորած «դարի նախագիծը» տնտեսականից զատ, գուցե դրանից առավել, ունի քաղաքական նշանակություն: «Ջրի գին» արտահայտությունը, որ էժանության հոմանիշ է մոտակա տասնամյակներին կմոռացվի: Ջուրն ավելի թանկ կգնահատվի, քան՝ նավթը: Ադրբեջանի կողմից Արցախի ջրային պաշարների անխնա շահագործման իրողությունը նույնիսկ բանաստեղծական բողոք է առաջացրել: Կես դար առաջ Հրաչյա Բեգլարյանն է գրել. Դաշտերս ծարավ-ծարավ/ Գետերս, ու՞ր եք գնում: Եկել է ճշմարտության պահը. Արցախյան ջրերը պետք է ոռոգեն արցախյան դաշտերը: Նախագահ Արայիկ Հարությունյանն անոնսավորել է ավելի քան 10 000 հեկտարի վրա նոր այգիներ հիմնադրելու ծրագիր: Իսկ դա ենթադրում է նաեւ վերամշակող արդյունաբերության ստեղծում, արտաքին շուկա դուրս գալու արդեն համակարգված հնարավորություն: Կառավարության նիստում Արայիկ Հարությունյանի ելույթից հետո ադրբեջանական մամուլում տեղեկություն տարածվեց, որ Իլհամ Ալիեւը լրացուցիչ գումարներ է հատկացրել «Ազերսու» պետական ընկերությանը՝ խորքային հորատումներ սկսելու համար: Խոսքը, հասկանալի է, արտեզյան հորերի մասին է: Ադրբեջանում, կարծես, համոզվել են, որ այլեւս արցախյան ջրերն անհասանելի են: