Մալաթիա՜, տոնավաճառ…

Մալաթիա՜, տոնավաճառ…

Ստամբուլ, առևտրաարդյունաբերական պալատների 2007 թվականի համաշխարհային կոնգրես, որին ողջունելու էր եկել Էրդողանը…

Կոնգրեսի ճեմասրահում մի լրագրող, «Հուրիեթից», թե «Միլիեթից», ներկայացավ ծագումով որպես մալաթիացի: Նա ասաց, որ Մալաթիայում հրաշք ծիրան է լինում:  
«Մալաթիա տոնավաճառի» պահանջատերեր…այսպես են ներկայանում տոնավաճառի փակման առնչությամբ բողոքի ակցիա անողները: Ոչ, նրանք Մալաթիայի պահանջատեր չեն, ոչ էլ, առավելևս, «ինչ-որ» Արցախի շրջափակաման վերացման, իրենց պետությունը (առայժմ այդպիսին համարվող) սալյամի երշիկի նման կտրատման կասեցման:
Պահանջատեր: Այս բառը մինչև վերջերս օգտագործվում էր հայոց ցեղասպանության առնչությամբ…ուժեղ բառ է:

Ընդհանրապես՝ Երևանում չպետք է լինեն տոնավաճառներ, մոլեր և այլ նման երևույթներ: Հարցը, սակայն, դրանում չէ:

«Մալաթիա տոնավաճառ»-ի աշխատողներն այնքան կան, որ Կառավարության անդամներին անվանում են անուղեղներ: 

Իսկապես՝ անուղեղներ են: Մի քանի հազար զոհ պատերազմում, 15 դիակիզվածներ: Ինչ խնդիր կա, որ մի օր էլ հրկիզվի «Մալաթիա տոնավաճառը»:
Ինչպես ժամանակին նկատել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Հարությունյանը, սրանց ուզածը Ղարաբաղը չի, սրանց ուզածը Ղարաբաղ կոմիտեի անդամներին ազատելն է բանտից…

Ներկայում այդ միտքը կհնչեր այսպես. «Սրանց ուզածը պետություն ունենալը չէ, սրանց ուզածը թուրքի ապրանքը ծախելն է»: Կարծես, մի օլիգարխ էլ, լոզերը բերանին, երազում է դրա մասին, ինչ-որ մեկի սրտի օլիգարխը…Էլ ինչ ենք ուզում մարդկային անկում ապրած «տոնավաճառցիներից»: Հասկանալի է, ոչ լավ կյանքն է հանգեցրել դրան, բայց դրան դիմադրելու իմունիտետ էլ չկա այլևս:

Վերածվել ենք տոնավաճառային հասարակության քաղաքացիների, մինչդեռ արդյունաբերական հասարակությունների քաղաքացիների մեծ մասը մուտք է գործել գիտելիքի հասարակությունններ…

Իսկ մեր ԶԼՄ-ները «ձեռքերը տաքացնում» են այս գարշահոտ կրակի վրա: Նրանց չեն հետաքրքրում ուսուցիչները, կենսաթոշակառուները, այնքան էլ չի հետաքրքրում եռացող տարածաշրջանում մեր բանակի վիճակը…

Կառավարությունը թող սպասի տոնավաճառցիների վերջնագրին՝ «Մալաթիա տոնավաճառ»-ի մասով (ստեղծված մթնոլորտից է երևում), բայց ոչ երկրի առջև ծառացած իրական, գոյաբանական մարտահրավերների: Երանելի իրավիճակ…ՔՊ-ականնների համար:

Հ.Գ. Մալաթիան Փոքր Հայքի հնագույն քաղաքներից է։ Այն Մելիտա անունով հիշատակվում է խեթական Մելիդ, Միլիդա, Մելիդի անուններով, ասորեստանյան և Մելիտեիա անունով՝ ուրարտական սեպագիր արձանագրություններում։ Հայերեն անվանվել է նաև Մելետինե անունով։ Ներկայիս թուրքական պաշտոնական անունն է՝ Մալաթյա։ Հուշում՝ հարցի լուծման համար: Մալաթիա տոնավաճառը վերանվանվում է «Մալաթյա տոնավաճառի», որի կարգախոսն է դառնում՝ «Թուրքական որակ, առանց մեկնաբանության»: Դրանից հետո տոնավաճառն անդամագրվում է Թուրքիայի առևտրարդյունաբերական պալատների միությանը և դառնում անձեռնամխելի:

Գագիկ Վարդանյան