«Երկնաբնակների» թիվը ևս մեկով կավելանա. Նիկոլ Փաշինյանը նոր հարևան կունենա

«Երկնաբնակների» թիվը ևս մեկով կավելանա. Նիկոլ Փաշինյանը նոր հարևան կունենա

Կառավարական ամառանոցում պատրաստվում են ևս մեկ բնակիչ ընդունել, մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ևս դառնալ իրեն հարևան:

Նման առաջարկը մի կողմից մեծ պատիվ է իշխանական թիմի անդամի համար, մյուս կողմից՝ մի շարք անհարմարություններ է առաջացնում: 

Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը հարևանների անձնական կյանքի իրավունքը բացարձակ չի հարգում, գիշերվա ցանկացած ժամին կարող է զանգել ու կանչել, նաև չի խորշում սահմանափակել ամառանոց եկող հյուրերի ցանկը, այդպիսով վերահսկելով սեփական թիմի ներկայացուցիչների շփումները: 

Ամառանոցում ամեն ընտանիքի համար առանձին տուն է նախատեսված, սակայն կան նաև ընդանուր օգտագործման հատվածներ` օրինակ լողավազանի և բացօթյա հանգստի գոտիները: 

Պաշտպանության նախարարը ամառանոցի առաջին բնակիչն է, որն ընտանիք չունի, և, թերևս, մենակ է բնակվելու իր առանձնատանը:

Ի դեպ, կառավարական առանձնատներում ոչ բոլոր պաշտոնյաներին է իրավունք տրված բնակվելու։ Այստեղ, վարչապետից բացի, կարող են բնակվել նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը եւ վարչապետի առաջարկությամբ ու ՀՀ նախագահի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք` իրենց ընտանիքներով: Սակայն, որպես կանոն, Պռոշյան փողոցի առանձնատներ տեղափոխվում են Նիկոլ Փաշինյանի հրավերն ստացած անձինք։ 

2018-ից հետո, հիշեցնենք, ընդամենը 3 պաշտոնյա է բնակվել այստեղ՝ վարչապետը, ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը եւ վարչապետի առաջարկությամբ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Արարատ Միրզոյանի ընտանիքը դեռեւս շարունակում է մնալ կառավարական առանձնատանը, իսկ ներկայիս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է տեղափոխվել առաջիկա ամիսներին: