Բագրատ սրբազանը փորձում է հնարավորինս զերծ մնալ այսրոպեական ծուղակներից

Բագրատ սրբազանը փորձում է հնարավորինս զերծ մնալ այսրոպեական ծուղակներից

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

- Փաշինյանը մի քանի օր՝ վաղ առավոտյան, մի խումբ համակիրների հետ հեծանիվ էր վարում։ Այն ժամանակ, երբ բոլորիս ուշադրությունը սեւեռված էր գազապահեստի պայթյունից տուժածների վրա, նա հեծանիվ էր վարում, կինը՝ Աննա Հակոբյանը, փողոցում սելֆի անելով զբոսնում էր, հետո այցելում են մարզեր, պաղպաղակ են գնում երեխաների համար եւ այլն։ Այս բոլոր դրսեւորումները, ըստ Ձեզ, ինչի՞ մասին են խոսում։

- Այդ ամենը, իհարկե, քարոզչական ակցիաներ են, եւ դրանց սպառման հասցեն նախ սեփական ընտրազանգվածն է, իհարկե։ Եվ երկրորդը․ կարծում եմ՝ հասարակական տարբեր շերտերին ցույց տալու համար, որ իշխանության մոտ որեւէ անհանգստություն չկա, որեւէ արտառոց տրամադրություն չկա, ամեն ինչ ընթանում է սովորական ռեժիմով՝ հանգիստ, եւ նույնիսկ հնարավորություն են գտնում ժամանցի համար դուրս գալ հասարակական տարբեր վայրեր, այսինքն՝ չեն խուսափում հասարակությունից եւ այլն: Ես կարծում եմ, որ այդ ակցիաների, այդ դրսեւորումների հիմնական նպատակը հենց դա է։

- Իսկ հնարավո՞ր է, որ նման ակցիաները կապ ունեն այն հանգամանքի հետ, որ Բագրատ սրբազանն է ներքաղաքական կյանքում դարձել օրակարգ ձեւավորողը: Այս քայլերով փորձում են իրենք գալ առաջին պլան, ստիպել, որ իրենց մասին խոսեն, իրենք ձեւավորեն հանրային օրակարգը։

- Իհարկե, կասկածից վեր է, որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման եւ այդ գործընթացի ազդեցությունը կա իշխանության վարքագծի վրա, եւ դրանից է բխում թերեւս այն, որ քաղաքական իշխանությունը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը, անհրաժեշտ է համարում այսպիսի տեղեկատվա-քարոզչական ակցիաների դրսեւորումը, եւ այս տեսանկյունից, անշուշտ, իրավիճակը պայմանավորված է առկա իրողություններով: Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը ստեղծել է ներքաղաքական մրցակցության բավական սուր միջավայր, բավական ակտիվ միջավայր, բայց նաեւ կարծում եմ, որ մի քիչ չափազանցված է գնահատականը, որ օրակարգը թելադրում է միայն Բագրատ սրբազանը: Այս առումով, կարծում եմ, պետք է զերծ մնալ այդ չափազանցություններից: Ըստ իս, Բագրատ սրբազանը՝ ինքը, շատ ռացիոնալ է գնահատում իրավիճակը, բայց նաեւ անհրաժեշտ է հարակից գնահատականներում եւս այսպես չընկնել որոշակի պատրանքային պատկերացումների մեջ:

- Ի՞նչ կասեք Բագրատ սրբազանի առաջարկած ճանապարհային քարտեզի մասին՝ համերաշխության կառավարություն, արտահերթ ընտրություններ, որին չեն մասնակցելու ժամանակավոր կառավարության անդամները:

- Այն, որ Հայաստանին անհրաժեշտ են ավելի համերաշխ ներքին միջավայր եւ քաղաքական մրցակցության առավել հանդուրժողական մթնոլորտ եւ, ընդհանրապես, քաղաքական, տնտեսական էլիտաների միջեւ, հանրային տարբեր էլիտաների միջեւ համակեցության, հանդուրժողականության վրա հիմնված մոդել, սա չի կարող լինել կասկածի ենթակա եւ նույնիսկ քննարկման ենթակա: Ամբողջ հարցն այն է, թե գործնական առումով ինչպես հասնել սրան: Սա է բարդը, եւ, անշուշտ, Բագրատ սրբազանն այս բարդ խնդրի առաջ է լինելու, որովհետեւ այս մոդելի, այս քարտեզի գործնական իրականացումն է, որ թույլ կտա հասարակությանը՝ կոնկրետ եւ առարկայական գնահատական տալ եւ վերաբերմունք դրսեւորել սրա հանդեպ: Զուտ ուղենիշային իմաստով, կարծում եմ, դրանք բաներ են, որ, անշուշտ, չեն կարող չլինել:

- Սրբազանի որդեգրած մարտավարությունն աշխատո՞ղ է այս իշխանությունների ու նրանց ձեւավորած ուժային համակարգերի դեպքում:

- Իմ գնահատմամբ, չափման ելակետը պետք է լինի ոչ թե այն, թե ինչպես է արձագանքում իշխանությունը, այլ այն, թե ինչպես է արձագանքում հասարակությունը, եւ հասարակական տարբեր շերտերի արձագանքը պետք է լինի գնահատականը, թե արդյոք որդեգրված մարտավարությունն արդյունավե՞տ է: Որովհետեւ իշխանությունը, մեծ հաշվով, արձագանքելու է արդեն այս կոմունիկացիային, ինչպիսին են այս հասարակության եւ տվյալ դեպքում Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման փոխհարաբերությունը, փոխգործակցությունը, փոխազդեցությունը: Ինչպիսին է այս տեսանկյունից պատկերը, ես չեմ ուզում, այսպես ասեմ` աչքաչափով գնահատել, առավել եւս, որ, բնականաբար, հրապարակային դրսեւորումներին զուգահեռ ցանկացած այսպիսի գործընթացն ունենում է նաեւ իր խոհանոցային մակարդակը, որտեղ արդեն էլիտաների հետ հարաբերություններն են տարբեր, գուցե իշխանության շերտերի հետ, գուցե հենց նույն ուժային բլոկի որոշակի ներկայացուցիչների հետ, ընդ որում՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ օրակարգով շփումներ: Այսինքն՝ քաղաքական պրոցեսները, խոշոր հաշվով, լինում են բազմաշերտ եւ չեն կարող տեղի ունենալ կամ ծավալվել միայն հրապարակային դաշտում, եւ ըստ այդմ` գնահատականն էլ չի կարող ձեւակերպվել միայն այդ ելակետի վրա: Եվ այս տեսանկյունից, ես կարծում եմ՝ Բագրատ սրբազանը պարզապես փորձում է հնարավորինս զերծ մնալ այսրոպեական ծուղակներից, այսինքն՝ արագ սպասումների ծուղակներից, որովհետեւ բավական բարդ միջավայրում, ոչ միայն ներքաղաքական, այլեւ առաջին հերթին արտաքին քաղաքական եւ անվտանգային, իրողությունների զարգացման առումով պահանջվում է ոսկերչական աշխատանք: Սրբազանի առաջնորդած շարժման արդյունավետության կամ գնահատման նշաձողը կամ ինդիկատորը, ըստ իս, չպետք է լինի իշխանափոխության հանգամանքը, այսինքն՝ ինչքան շուտ կլինի իշխանափոխությունը կամ ինչքան մոտ կլինի իշխանափոխությունը։ Սա գուցե բավականին գայթակղիչ սցենար է շատ-շատ շերտերի համար, բայց, ի վերջո ով, եթե ոչ սրբազանը, թերեւս շատ լավ պատկերացնում է խոսքի իմաստը՝ վայ նրան, ով կգայթակղվի: Եվ այս տեսանկյունից նա փորձում է իսկապես ձեւավորել պրոցես, որը զերծ է տարբեր քաղաքական գայթակղություններից: Ինչքանով է սա նրա մոտ ստացվում, դա արդեն, ինչպես նշեցի, շատ հանգամանալից տեղեկատվության վրա կառուցվելիք գնահատական է: